×


“Քրոնոս”-ի “Լուռ կռունկներ”-ը հուզեց հայ հանդիսատեսին

“Քրոնոս” լարային քառյակն ապրիլի 29-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ելույթ է ունեցել հայ հանդիսատեսի առջեւ: “Երեւանյան հեռանկարներ” միջազգային փառատոնի շրջանակում իրականացված համերգի ընթացքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված “Լուռ կռունկներ” ստեղծագործության համաշխարհային պրեմիերան: Այս գործը “Քրոնոս”-ի պատվերով գրել է ամերիկահայ կոմպոզիտոր Մերի Գույումճյանը:

"Քրոնոս" քառյակի երեւանյան համերգին


Համերգից մեկ օր առաջ քառյակի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Նրանք լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել են, որ աննկարագրելի ապրումներ են ունեցել հուշահամալիրում, հուզմունք եւ մեծ պատասխանատվություն են զգում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ելույթի համար:

Անդրադառնալով “Լուռ կռունկներ” ստեղծագործությանը` խմբի հիմնադիր եւ առաջին ջութակ Դեյվիդ Հարինգթոնն ասել է, որ Մերի Գույումճյանին հաջողվել է ցավը փոխանցել երաժշտության միջոցով: Կոմպոզիտորն էլ իր հերթին նշել է, որ Ցեղասպանության մասին բարձրաձայնելու որեւէ առիթ բաց չի թողնում.“Ինձ համար իրական երջանկություն է, որ նոր գործս առաջինը կհնչի հայրենիքում”:

"Քրոնոս" քառյակը ելույթ է ունեցել Երեւանում


“Քրոնոս” քառյակը երկրորդ անգամ է Երեւանում: Ջութակահար Ջոն Շերբան պատմել է, որ իրենց առաջին այցից անցել է տասը տարի.“Շատ ուրախ եւ երջանիկ ենք, որ վերադարձել ենք: Շենքերը, ճանապարհները, ավտոմեքենաները, կարծես, փոխվել են, բայց երկու բան անփոփոխ է մնացել` ջերմ, հյուրընկալ մարդիկ եւ ուտելիքը”:

"Քրոնոս" քառյակի երեւանյան համերգին


Համերգի ընթացքում հնչել են Բրայս Դեսների, Լորի Անդերսոնի, Նիկոլ Լիզեի, Քլինթ Մանսելի, Թերի Ռայլիի, Վլադիմիր Մարտինովի եւ այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները: “Լուռ կռունկներ”-ը, հանդիսականներից շատերի խոսքով, իրենց տեղափոխել էր անցյալ.“Շատ դաժան էր, բայց միեւնույն ժամանակ լցրեց հույսով, փոխանցեց մեր ուժն ու միասնականությունը”:

BRAVO.am-ը “Երեւանյան հեռանկարներ” փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW