×


“Օպերա Վիվա”-ի ակումբային առաջին համերգն ու հայտնի հյուրերը

Երիտասարդ դասական երգիչները միավորվել են “Opera Viva” նոր նախագծի շուրջ եւ օպերային երաժշտությունը ներկայացնում են ակումբային մթնոլորտում: Երեկ “Մեցցո” ակումբում կայացել է առաջին համերգը, որին ներկա են եղել ինչպես օպերային արվեստի սիրահարներ, այնպես էլ ակումբասերներ, որոնք դասական համերգի քիչ են հաճախում:

"Օպերա Վիվա"-ի ակումբային առաջին համերգին


Նախագիծը միավորել է Հայկ Թոնգուրյանին(տենոր), Ալին Գոյանին(սոպրանո), Վիգեն Ահարոնյանին(բարիտոն), Խաչիկ Բեկյանին(բաս), Հասմիկ Հարությունյանին(սոպրանո) եւ Նվարդ Մարուխյանին(դաշնամուր): Ակումբային ձեւաչափով համերգը կազմված էր երկու բաժնից. երաժիշտներն ունկնդիրների համար կատարել են իտալական եւ նեապոլիտանական երգեր, հայկական ու ռուսական սիրված ռոմանսներ, օպերային արիաներ, Կոմիտասի ստեղծագործութուններից կազմված պոպուրի, նաեւ “Caruso”, “Granada”, “O sole mio”, “Adagio”, “Song of Love” ու այլ ճանաչված երգեր:

Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանը


Ալին Գոյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ այս նախագծով նպատակ ունեն դասական երաժշտությունն ավելի հասանելի դարձնել.“Երիտասարդությունը նախընտրում է ակումբներ հաճախել. քիչ են գալիս համերգասրահներ, իսկ այստեղ ավելի մտերմիկ ու անկաշկանդ մթնոլորտում վայելում են դասական երաժշտություն: Ներկաները ոչ միայն շփվում են միմյանց հետ, այլեւ արձագանքում են մեր ամեն ժեստին”:

Հասմիկ Հարությունյանն էլ հավելել է, որ շնորհակալ են երաժշտասերների ոգեւորող խոսքերի եւ դրական վերաբերմունքի համար.“Ցանկացած աշխատանքում կարեւորը մարդկային գործոնն է: Մեր թիմային աշխատանքն ընթանում է ջերմ մթնոլորտում, իրար համար սրտացավ ենք եւ օգնում ենք խորհուրդներով: Կարծում եմ` կսիրվենք ու կընդունվենք արդեն ոչ թե անհատ կատարողներ, այլ որպես խումբ”:

"Օպերա Վիվա"-ի ակումբային առաջին համերգին


“Օպերա Վիվա” նախագծի անդամները միմյանց ճանաչում են դեռ ուսանողական տարիներից եւ համախմբվել են սիրելի մասնագիտության շուրջ: “Ազդ” ընկերության ղեկավար Հայկ Հարությունյանի եւ Ալին Գոյանի համատեղ գաղափարով ստեղծված նախագիծը շուտով կդառնա խումբ: Համերգները շարունակական են լինելու, իսկ ծրագիրը պարբերաբար փոխվելու է: 

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին