×


“Օրրան” բարեգործական ընթրիքը` հայտնիների մասնակցությամբ :)

“Օրրան” ցերեկային խնամքի կենտրոնի ամենամյա բարեգործական ընթրիքը երեկ` սեպտեմբերի 26-ին, “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում համախմբել էր բազմաթիվ գործարարների, դիվանագետների, արվեստագետների, շոու-բիզնեսի եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների:

"Օրրան"-ի բարեգործական ընթրիքին


9-րդ ամենամյա ընթրիքն ավանդույթի համաձայն մեկնարկել է տերունական աղոթքով` Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Գրիգոր Հովհաննիսյանի օրհնությամբ: Նվիրատվությունների երեկոյի հանդիսավարներն այս տարի Հրաչ Մուրադյանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գրասենյակի ներկայացուցիչ Հենրիյեթ Արենսն էին: Հյուրերի համար մի քանի երգ է կատարել եւ պարային տրամադրություն փոխանցել Ալլա Լեւոնյանը.“Մենք պիտի կարողանանք ապրել միմյանց ցավով ու ուրախությամբ, միասնականությամբ պիտի շարունակենք մեր գոյությունը: Մեր ներկայությամբ աջակցենք երեխաներին. շատ եմ ուզում, որ բոլոր մանուկները կյանքում հասնեն այն կետին, որին իրենք են ձգտում”:

Նունե Եսայանը, Արթուր Իսպիրյանը եւ Մադլեն Մինասյանը


Երգչուհուն միացել են կազմակերպության տարեցները` կատարելով Կոմիտասի ստեղծագործություններից եւ նվիրելով վարդապետի ծննդյան 145-ամյակին, այնուհետեւ այլ երգիչների հետ ներկայացրել են հայրենասիրական երգեր: 

“ՎիվաՍելլ-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, որը, ինչպես նախորդ տարիներին, կատարել է ամենամեծ հանգանակությունը, իր ելույթում նշել է, թե ինչու է ընկերությունն ուշադրության կենտրոնում պահում “Օրրան”-ի սաներին.“Միայն ուտելու համար չենք հավաքվել. շատ եմ ցանկանում, որ յուրաքանչյուրը մասնկացի դրամահավաքին, թող մեկ օր պակաս ուտի, ծխախոտ չօգտագործի, փոխարենը մենք կօգնենք անապահով երեխաներին: Մտածել եք, որ կան հայ մանուկներ, որ քնելու համար անկողին չունեն, սպասում են մինչեւ լուսաբաց, որ մուրացկանություն անեն, որ կարողանան գոյատեւել: Իսկ մենք վայելում ենք կյանքը, ունենք լավ տներ, ավտոմեքենաներ, գնում ենք արձակուրդ, չենք զիջում, որ ավելին ունենանք, բայց մյուս կողմից մեր ազգի մեջ կան երեխաներ, որ սոված են քնում, անգամ հացի կտոր չունեն: Երբ ասում ենք` ինչպիսին է լինելու մեր երկրի վիճակն ու ապագան, հաշվի չենք առնում, որ այսօր մենք ունենք փողոցներում փող մուրող հայ երեխաներ, մեր պատիվը այս երեւույթից պետք է գետնի տակ անցնի: Ասում ենք, որ ցավում ենք, բայց երբ պետք է ձեռք մեկնենք, անհետանում ենք: Ես ցանկանում եմ, որ “Օրրան”-ը փակվի, որ իր առաքելությունը կատարած լինի, եւ մուրացկանություն չլինի”:

Արսեն Գրիգորյանը եւ Անդրեն


Ընթրիքի ժամանակ իրականացվել է ավանդույթ դարձած շամպայնի գավաթի վիճակախաղը, որին հաջորդել է աճուրդի եւ նվիրատվությունների հատվածը: Աճուրդավարներ Դեյվիդ Բեքեթը եւ Իրինա Ղափլանյանը աճուրդի էին հանել “Օրրան”-ի սաների պատրաստած իշուկն ու փայտե սայլը, Երեւան-Վիեննա-Երեւան բիզնես դասի ավիատոմս, երկու օրվա օթեւան “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում, Երեւանի կոնյակի գործարանի “Էրեբունի” կոնյակ, Ցոլակ Սիմոնյանի քանդակներից մեկը, նկարչուհի Սարկո Մինեի նկարներից եւ այլն:

Դիանա Մալենկոն, Հերմինե Ստեփանյանը եւ Ալլա Լեւոնյանը


Ընթրիքի ընթացքում հանգանակվել է շուրջ 180.000 դոլար, որից 139.000-ը տրամադրել է “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը` Ռալֆ Յիրիկյանի գլխավորությամբ: Հավաքված գումարն ուղղվելու է Երեւանի եւ Վանաձորի անապահով 185  ընտանիքի երեխաների եւ միայնակ 80 տարեցի մեկ տարվա ընթացքում սննդի, բժշկական, սոցիալական, կրթական եւ այլ ծախսեր հոգալու համար:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին