×


“Օրրան”-ի սաների նվերները, Գոհարի դուստրերի ցանկությունն ու Արմինկայի որդու ուրախությունը :)

“Օրրան”-ի երեխաները երեկ մասնակցել են նախատոնական դիմակահանդեսի։ “DoubleTree by Hilton” հյուրանոցի անձնակազմը հյուրընկալել էր բարեգործական ցերեկային խնամքի կենտրոնի շահառու սաներին եւ հայտնիների երեխաներին։ Փոքրիկներն անհամբեր սպասում էին Ձմեռ պապի նվերներին, սակայն մինչ այդ երգել են, պարել, զարդարել տոնածառը եւ թխվածքաբլիթներ պատրաստել։

"Օրրան"-ի նախատոնական միջոցառմանը


“Օրրան”-ի շուրջ 30 երեխա նախապես նամակ էր գրել Ձմեռ պապին եւ նշել, թե ինչ նվեր է ցանկանում ստանալ։ Փոքրիկների ցանկությունները կատարել են տարբեր հովանավորներ, այդ թվում` նրանց հյուրընկալած հյուրանոցի թիմը: “Օրրան”-ի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը տնօրենին հանձնել է խորհրդանշանական հուշանվեր.“Երեխաների պատրաստած տնակն է, որը խորհրդանշում է տաքություն, ապահովություն ու սեր, դուք էլ ձեր “տան” դռներն եք բացել մեր սաների առջեւ։ Շուրջս նայելով՝ մի քիչ հուզվում եմ եւ ոչ միայն այն պատճառով, որ այսքան գեղեցիկ ու անուշիկ երեխաներ կան, այլ նաեւ որքան շատ ընկերներ ունենք, որոնք տասը տարուց ավելի մեզ հետ են։ Հուզիչ է, որ այն ժամանակ երիտասարդ աղջիկներ էին, հիմա արդեն իրենց փոքրիկների հետ են գալիս։ Ուրախ եմ, որ մեր ընկերների երեխաներն էլ իրենց համարում են “Օրրան”-ի անդամ”։

"Օրրան"-ի սաները


9-ամյա Անին իր քույրիկի հետ շուրջ 4 տարի հաճախում է ցերեկային խնամքի կենտրոն, նա BRAVO.am-ին պատմել է, որ իր նամակում Ձմեռ պապից խնդրել է Հովհաննես Թումանյանի հեքիաթների գիրքը.“Դպրոցում գրականություն ենք անցնում, կուզեի հեքիաթներն ինքս կարդալ։ Այսօր տոնածառից կապույտ խաղալիք կախեցի եւ մի ուրիշ երազանք պահեցի, բայց չեմ ասի, որ դա էլ իրականանա”։

Գոհար Հարությունյանը` դստեր հետ


Գոհար Հարությունյանի միջնեկ դուստրը՝ Բիայնան, պատմել է, որ տան տոնածառն արդեն զարդարել են, դպրոցում էլ անգլերենի դասաժամին նամակ է գրել Ձմեռ պապին.“Մենք տանը կենդանի չենք պահում, շատ եմ ուզում, որ Ձմեռ պապիկն ինձ սպիտակ կատու բերի”: Մեզ հետ զրույցից քիչ անց նա տոնածառի տակ հայտնաբերել է սպիտակ ճագարի, որի հասցեատերը “Օրրան”-ի սաներից Ժենյան էր։ Գոհարի դուստրերը շատ էին ցանկանում ճագարին իրենց հետ տուն տանել, մեծ աղջիկը՝ Մելինեն, Ձմեռ պապի հետ բանակցում էր, որ նվերներով փոխանակվեն: Աղջիկները կատու ու ճագար նվեր ստանալու ակնկալիքով նոր նամակ կգրեն:)։

Արմինկան` որդու հետ


Հայտնիների երեխաները եւս առանց նվերի չեն մնացել: Արմինկայի որդին, ստանալով կոնֆետներով լի տուփ, ուրախացել էր եւ հաճույքով լուսանկարվում էր։ Միջոցառման ավարտին բոլորը միաձայն շնորհակալություն են հայտնել Ձմեռ պապին:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/   
Լուսանկարները` “Օրրան”-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW