×


Ֆլորա Աղաբաբյանի Մարիա Անտուանետան եւ վիշապը չեն ուտի

Ամերիկաբնակ Ֆլորա Աղաբաբյանի պատրաստած տորթերի ու հաղթանակների մասին BRAVO.am-ը պատմել է  դեռ նախորդ տարի: Օրեր առաջ հրուշակագործ-դիզայներն ընդգրկվել է տորթերի դիզայներների լավագույն տասնյակում:

Ֆլորա Աղաբաբյանն ընդգրկվել է տորթերի դիզայներների լավագույն տասնյակում


Ամեն տարի “Dessert Professional” ամսագիրը հրապարակում է ԱՄՆ-ի տասը լավագույն խոհարար-դիզայներների անունները: “Հաշվի են առնում մասնագետների տաղանդը, թխվածքների համը եւ տեսքը: Առաջին կամ երկրորդ տեղ չկա, ուղղակի թոփ տասն է”, - BRAVO.am-ին ասել է Ֆլորա Աղաբաբյանը:

Լաս Վեգասում բնակվող եւ աշխատող մեր հայրենակցուհին պարբերաբար մասնակցում է ամերիկյան հեռուստաշոուների, ռադիոհարցազրույցների, իր պատրաստած տորթերը տպագրվում են ամսագրերում. “Շուտով պատրաստվում եմ նկարահանվել մի նախագծում, որը նվիրված է լինելու Ֆրանսիայի թագուհի Մարիա Անտուանետային: Շոուի թեման է` “Let them eat the cake”: Ֆրանսիական հեղափոխության շրջանում, երբ հացի կարոտ ժողովուրդը գնացել է թագուհու մոտ,  նա սառնասրտորեն պատասխանել է` “Հաց չկա, թող տորթ ուտեն”, որից հետո Մարիային գլխատել են”:

Ֆլորա Աղաբաբյանը Ֆրանսիայի թագուհի Մարիա Անտուանետայի տեսքով տորթ է ձեւավորել


Մարիա Անտուանետայի տեսքով տորթ նա մեկ անգամ արդեն պատրաստել է նկարահանման ընթացքում. “Այս տորթը չեն ուտելու, մնալու է որպես ցուցադրական աշխատանք, դրա համար օգտագործել եմ շոկոլադ եւ շաքար, ինչը հնարավորություն կտա երկար ժամանակ պահպանել այն”:

Ֆլորայի հավաստմամբ` ֆրանսիական տոնի՝ Բաստիլի գրավման օրվա առթիվ հագնելու է թագուհու նկարով համազգեստ եւ իր նկարը փակցնելու են տարբեր վայրերում. “Հեռուստատեսությամբ ու ռադիոյով հայտարարվելու է, թե ով  կցանկանա, որ Ֆլորա Աղաբաբյանն իր համար տորթ ձեւավորի: Երկու շաբաթվա ընթացքում ցանկացողները պետք է ասեն` ինչպիսի տորթ են ուզում, միայն մեկն է հաղթելու, որի պատվերն ամենահետաքրքիրն ու բարդը կլինի: Հեռուստաշոուն ինձ 24 ժամ է հատկացնելու, որ ձեւավորեմ հաղթողի տորթը”:

Ֆլորա Աղաբաբյանի ձեւավորած տորթերից


Մեր հայրենակիցը վերջերս պատրաստել է նաեւ վիշապի տեսքով տորթ՝ չինական Նոր տարվա կապակցությամբ. “Ինչպես գիտեք, ըստ չինական հորոսկոպի՝ 2012-ը վիշապի տարի է: Այս տորթը հիմնականում պատրաստված է շոկոլադից, չի կտրվել ու կրկին պահվում է որպես ցուցանմուշ”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Ֆլորա Աղաբաբյանի անձնական արխիվից


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW