×


Ֆուտբոլի ազգային հավաքականը շնորհավորել է “ՀՖՖ-Կոկա-Կոլա գավաթ 2013”-ի հաղթողներին

Երեւանի Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում երեկ` հունիսի 8-ին, տեղի է ունեցել “Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա / Կոկա-Կոլա գավաթ 2013”  առաջնության եզրափակիչ հանդիպումը, որի ժամանակ Չարենցավանի թիվ 3 դպրոցի թիմը 7:1 հաշվով հաղթանակ է տարել Մարտունու թիվ 3 դպրոցի թիմի նկատմամբ ու նվաճել “ՀՖՖ / Կոկա-Կոլա գավաթ 2013” միջնակարգ դպրոցների ֆուտբոլի գավաթը: Երրորդ տեղի համար պայքարում Վեդիի թիվ 1 դպրոցի թիմը 8:0 հաշվով առավելության է հասել Երեւանի թիվ 84 դպրոցի  թիմի նկատմամբ:

“ՀՖՖ / Կոկա-Կոլա գավաթ 2013” առաջնության հաղթող Չարենցավանի թիվ 3 դպրոցի թիմը


Խաղին ներկա են եղել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Արազ Օզբիլիսը, Մարկոս Պիզելլին, Կարեն Մուրադյանը եւ Դավիթ Մանոյանը, որոնք մեդալներ ու պարգեւներ են հանձնել մրցաշարի առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրած թիմերին: Պատանի ֆուտբոլիստները Կոկա-Կոլա համակարգի կողմից որպես նվեր ստացել են պլանշետներ, MP3 փլեյերներ, ֆոտոխցիկներ եւ մարզահամազգեստներ: 

Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Չարենցավանի թիմի ավագ Արթուր Կոշկարյանին գնդակ է նվիրել Հենրիխ Մխիթարյանը, որի վրա իրենց ստորագրություններն էին թողել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացողները:

“ՀՖՖ / Կոկա-Կոլա գավաթ 2013” առաջնության եզրափակիչ հանդիպմանը


“Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա / Կոկա-Կոլա գավաթ 2013” ֆուտբոլի գավաթը Չարենցավանի թիվ 3 դպրոցի թիմին են հանձնել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը եւ “Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա” (Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա) ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը:  

"Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա" ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը եւ Հենրիխ Մխիթարյանը


“Կոկա-Կոլա համակարգը ամբողջ աշխարհում աջակցում է սպորտի զարգացմանը եւ առողջ ապրելակերպին` հատկապես ուշադրության կենտրոնում պահելով երեխաներին: Արդեն 5-րդ անգամ անցկացվող այս առաջնությունը, կարծում եմ, ե′ւ երեխաների, ե′ւ նրանց ծնողների համար սպասված ավանդույթ է դարձել:  Մենք վստահ ենք, որ երեխաների ֆիզիկական զարգացումը ֆուտբոլի միջոցով դեպի առողջ հասարակություն կայուն եւ երկարժամկետ զարգացման նախապայմանն է”,-ասել է “Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա” ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը` հավելելով, որ այս տարի առաջնությանը մասնակցել են 1999-2000 թվականներին ծնված ավելի քան 8500 տղա եւ աղջիկ` Հայաստանի բոլոր մարզերի ավելի քան 700 միջնակարգ դպրոցից:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստները մեդալներ են հանձնել “ՀՖՖ / Կոկա-Կոլա գավաթ 2013” մրցաշարի հաղթողներին


“Այս առաջնության հիմնական նպատականերից է Հայաստանում ֆուտբոլը զարգացնելն ու երեխաների շրջանում դրա նկատմամբ սեր արթնացնելը, ինչպես նաեւ լավագույններին ֆուտբոլային մարզումներում ներգրավելն ու հետագայում ֆուտբոլային խմբակներ հաճախելու հնարավորություն ընձեռելը”,-մեզ հետ զրույցում նշել է ՀՖՖ մասսայական ֆուտբոլի եւ հավաքական թիմերի բաժնի պետ Մարինա Թաշչյանը:

Տեղեկացնենք, որ “ՀՖՖ / Կոկա-Կոլա գավաթ 2013” միջնակարգ դպրոցների ֆուտբոլի առաջնությունը մեկնարկել էր սույն թվականի ապրիլի սկզբին եւ անցել է երկու փուլով. առաջինում թիմերը մրցել են խմբային մրցաշարում, իսկ երկրորդում լավագույն 32 թիմերն արդեն մրցել են եզրափակիչ դուրս գալու համար:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW