×


Ֆրանսահայ Թառլոյան եղբայրների «Զբոսանք Փարիզով» ցուցադրությունն ու «Բոհեմը»՝ Երեւանում

Ֆրանսահայ դիզայներներ Թառլոյան եղբայրները երեւանյան հանդիսատեսին ներկայացրել են «Զբոսանք Փարիզով» ցուցադրություն-ներկայացումը: «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդիսականները մինչ կդիտեին Պուչինիի «Բոհեմ» օպերան, ճեմասրահում բոհեմյան մթնոլորտ էր. Փարիզից բերված զգեստներով մոդելները շրջում էին ու դիմավորում հյուրերին: Նրանք զգեստները ներկայացնում էին նաեւ երկու դար առաջվա պարերի միջոցով։

«Զբոսանք Փարիզով» ցուցադրությանը


Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն այս անգամ ֆրանսիական շնչով է ամփոփել 2016-2017 թվականների համերգաշրջանը՝ եզրափակելով «Բոհեմ»-ի նոր բեմականացմամբ: Գլխավոր դերակատարներն էին տենոր Լիպարիտ Ավետիսյանը, սոպրանո Անի Յորենցը, բարիտոն Դավիթ Բաբայանցը, սոպրանո Հասմիկ Թորոսյանը եւ ուրիշներ: Մեներգիչները կրում էին ֆրանսիաբնակ մոդելավորողների տրամադրած շքեղ հանդերձները: Բեմականացման ռեժիսորն էր Սուքիաս Թորոսյանը:

Գեւորգ եւ Վարդան Թառլոյանները պատմել են, թե ինչու են 19-րդ դարի ոճով տղամարդկանց ու կանանց բեմական զգեստների ու գլխազարդերի ցուցադրությունն անվանել «Զբոսանք Փարիզով».«Այս պատմական զգեստների միջոցով հանդիսատեսը կկարողանա խորասուզվել Ֆրանսիայի հին բոհեմյան մթնոլորտում: Դեռ այն ժամանակ գնահատվում էր նրբագեղությունն ու գեղեցիկ կեցվածքը: Ուրախ ենք, որ Հայաստանում կարող ենք ծառայել երաժշտությանն ու թատերարվեստին»,-հայտնել են նրանք։

Թառլոյան եղբայրները, Էդուարդ Թոփչյանը եւ ցուցադրության մասնակիցները


Մաեստրո Էդուարդ Թոփչյանը նշել է, որ Թառլոյան եղբայրներն իր պատանեկության ընկերներն են.«Հպարտ եմ, որ կարողացել են ներխուժել նորաձեւության աշխարհ: Փարիզում մի քանի անգամ ականատես եմ եղել իրենց հաջողություններին: Տեղյակ եմ, որ երաժշտության հանդեպ մեծ սեր ու գիտելիք ունեն, հասկացա, որ պետք է ինչ-որ կերպ փորձենք համագործակցել»:

Նվագախմբի հանրային կապերի պատասխանատու Լուսինե Մնացականյանի փոխանցմամբ՝  ի սկզբանե որոշված էր, որ միայն մեներգիչները կկրեն զգեստները. «Քանի որ եղբայրները շատ ավելի մեծ թվով հագուստ էին բերել, հրավիրեցինք պարուհիների եւ մոդելների, որ ցուցադրեն մեկը մյուսից շքեղ զգեստները: Կարծում եմ՝ բուռն համերգաշրջանի արժանի փակում էր»:

«Բոհեմ» օպերայի նոր բեմականացումը


2000 թվականից Փարիզի բարձր նորաձեւության ակադեմիայի անդամներ Թառլոյանները հայտնել են, որ ունեցել են նմանատիպ փորձ.«Դեռ տարիներ առաջ իրականացրել ենք մի քանի բեմադրությունների, այդ թվում՝ «Քամուց քշվածները» մյուզիքլի հագուստի դիզայնը: Այս թատերական զգեստները համապատասխանում են Պուչինիի ժամանակաշրջանին՝ իրենց ձեւով, գույնով եւ տրամադրությամբ»:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/   
Լուսանկարները՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին