×


Ֆրանսահայ երիտասարդների «Քոչարին» ու «Բերդը»` Փարիզի կենտրոնում

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվել Ֆրանսիայի տարբեր քաղաքներում եւ մարզերում: Ֆրանսահայ երիտասարդությունը որոշել էր Ցեղասպանությանը հակադարձել մշակույթով։ Փարիզի Պանթեոնի շենքի առջեւ մեծ համերգ, ցուցադրություն եւ համաժողով էր կազմակերպվել ֆրանսահայ երիտասարդական տարբեր կազմակերպությունների համատեղ ուժերով։

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառում` Փարիզում


1998 թվականից ի վեր այս կազմակերպություններն ապրիլի 24-ի նախօրեին բացօթյա համերգ են կազմակերպում Ֆրանսիայի մայրաքաղաքում։ Արդեն մի քանի տարի է`  նրանք ընտրում են Պանթեոնի շենքը, որն էլ Սորբոնի համալսարանի հարակից տարածքում է։ Այս տարի «Ոտքի, երիտասարդություն» խորագիրը որդեգրած միջոցառման կիզակետում ոչ միայն Հայոց ցեղասպանությունն էր, այլեւ Արցախը։ Ներկաները վայելեցին տարբեր ոճերի երաժշտություն եւ ասմունք, իսկ հայկական պարերը ներկայացրին հենց կազմակերպիչ կազմակերպությունների երիտասարդ պարողները, նրանց միացավ խանդավառված հանդիսատեսը, եւ «Քոչարու» շուրջպարը ձգվեց Պանթեոնի ամբողջ տարածքում։

Ավանդույթի համաձայն, միջոցառմանը հրավիրված էին ոչ միայն հայազգի, այլեւ ֆրանսիացի եւ այլազգի տարբեր բնագավառների արտիստներ։ Ֆրանսիացի աճպարար Քրիստիան Գիյոմը հանդիսատեսին հիացրեց ու զարմացրեց իր հնարքներով։ Կրկեսի հմուտ մասնագետը հատուկ նվեր ուներ` լուսային էֆեկտներով նա ներկայացրեց Հայաստանի եւ Արցախի դրոշները։

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառում` Փարիզում


BRAVO.am-ի հետ զրույցում Քրիստիանը նշեց, որ հատուկ պատրաստվել է այս ծրագրին եւ մեծ ոգեւորությամբ է մասնակցում։ Նախկինում էլ է ճանաչել հայերին, բայց սա նրանց բացահայտելու ավելի լավ առիթ էր.«Ուրախ եմ այսօր այստեղ լինել: Համաձայնեցի գալ, որովհետեւ արտիստ եմ, բայց նաեւ այն պատճառով, որ մարդկության ցավի նկատմամբ անտարբեր չեմ։ Ֆրանսիայում եմ ծնվել, բայց ծնողներս բրազիլացի եւ անթիլիացի են, այնպես որ, իմ արմատներից ելնելով` գիտեմ, թե ինչ է նշանակում ազգերի տառապանքը»։ Արտիստը նաեւ հավելեց, որ միջոցառումը շատ գեղեցիկ է եւ չնայած` երիտասարդներն են կազմակերպում, կարելի է բոլոր տարիքների մարդկանց տեսնել։

Միջոցառման մամուլի պատասխանատու Կարին Սարիկասը մեզ պատմեց, որ աստիճանաբար ավելանում է այն կազմակերպությունների թիվը, որոնք ցանկանում են աջակցել այս նախաձեռնությանը.«Ավելանում են նաեւ նոր մտահղացումները: Ամեն տարի փորձում ենք ավելի կատարելագործված ծրագիր ներկայացնել»։

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառում` Փարիզում


Կարինի խոսքով` իրենք չեն փորձում փոխել ավագ սերնդի գործելաոճը, այլ պարզապես իրենց խոսքն են ասում ի հավելումն այն պայքարի, որը մղում են ֆրանսահայերը արդեն երկար տարիներ.«Մենք երրորդ սերունդն ենք, որ պայքարում է Հայոց ցեղասպանության ճանաչման համար, իսկ պայքարի միջոցները շատ են. երիտասարդներն ընտրել են ճանաչողական եւ մշակութային պայքարի տարբերակը»,-ասաց երիտասարդ ֆրանսահայուհին։
 
Համերգային հատուկ ծրագրից բացի, Պանթեոնի տարածքում ճանաչողական տարբեր պաստառներ էին փակցված, որոնց վրա տեղեկություններ էին թե´ Հայոց ցեղասպանության, թե´ այլ ցեղասպանությունների վերաբերյալ։

Տեքստը` Էլլադա Ղուկասյան-Բարսեղյանի/BRAVO.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/
Լուսանկարները` հեղինակի եւ կազմակերպիչների  

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW