×


Ֆրանսիական համբույր, կամ ինչն է դարձնում հպումներն անմոռանալի :)

Յուրաքանչյուր մարդ, միջին հաշվարկներով, իր կյանքի քսան հազար րոպեն ծախսում է համբույրի վրա, իսկ ողջ կյանքի կտրվածքով դա կազմում է մոտավորապես 14 օր: Համբույրի հաճելի ազդեցությունների մասին գիտեն բոլորը, բայց թե ինչ հրաշագործ հատկություններով է այն օժտված, թերեւս ոչ բոլորն են տեղյակ, այնինչ համբույրի մասին այսօր արդեն գոյություն ունի ֆիլեմատոլոգիա կոչվող մի ամբողջ գիտություն:):


Սկսենք կանանց եւ աղջիկների համար ամենակարեւորից. մեկ րոպե տեւողությամբ կրքոտ համբույրն այրում է 6.4 կալորիա, այնպես որ մեկ շոկոլադե կոնֆետը չեզոքացնելու համար կպահանջվի ընդամենը 5-6 րոպեանոց ակտիվ համբույր: Ավելին, համբույրի երկարատեւ սեանսն օգնում է թուլացնել նյարդերը եւ իջեցնում է հորմոնալ սթրեսի մակարդակը, ոչ պակաս, քան լիարժեք մեդիտացիան: Իսկ հիմա ի գիտություն տղամարդկանց` գիտնականների ուսումնասիրությունը պարզել է, որ այն տղամարդիկ, ովքեր առավոտյան պարտադիր կերպով համբուրում են իրենց կանանց, ավելի շատ են վաստակում եւ ապրում են ավելի երկար: 

Ինչպես եւ գրեթե բոլոր հարցերում, համբույրի հարցում եւս տարբեր են կանանց եւ տղամարդկանց մոտեցումները: Տղամարդկանց, օրինակ, անհարմարություն չի պատճառի ավելի ինտիմ հարաբերությունների անցնել այն կանանց հետ, ովքեր լավ չեն համբուրվում, իսկ եթե կնոջը դուր չգա, թե ինչպես է համբուրվում իր զուգընկերը, ապա նա կարող է մինչեւ անգամ կտրականապես հրաժարվել ավելի խոր հարաբերություններից: Մի տարբերություն եւս` տղամարդիկ նախընտրում են համբուրվել սեքսից առաջ, իսկ կանայք հակառակը` անմիջապես հետո:


Մի կարեւոր փաստ եւս. թեեւ hամբույրի ընթացքում տեղի է ունենում շուրջ 300  տեսակ բացիլների փոխանակում, դրանց  95%-ը բացարձակ անվնաս են: Փոխանցվող բացիլների չնչին մասն, իհարկե, կարող է տարատեսակ հիվանդություններ  առաջացնել, սակայն այստեղ էլ համբույրն ունի յուրահատուկ ազդեցություն. այդ  հիվանդաբեր բացիլների նկատմամբ օրգանիզմում արթնանում են պաշտպանողական մեխանիզմներ, եւ, այլ կերպ ասած, համբույրը բարձրացնում է նաեւ օրգանիզմի դիմադրողականությունը:

Ֆրանսիական համբույրի  ֆենոմենը

Աշխարհի տարբեր անկյուններում մարդիկ տարբեր կերպ են համբուրվում, սակայն  ամենահայտնի ու ցանկալի համբույրի տեսակը ֆրանսիական արմատներ ունի: Ֆրանսիական համբույրը եղել ու շարունակում է մնալ «ամենա-ամենա» համբույրն աշխարհում, քանի որ նրանում միախառնվում են համբուրվողների կրքոտ ու միեւնույն ժամանակ քնքուշ հոգիները: Ֆրանսիացիներն ամբողջ աշխարհին հայտնի են իրենց սիրառատությամբ եւ զգացմունքայնությամբ: Հենց այդ պատճառով էլ  «ֆրանսիական համբույր» եզրույթը մտել է գործածության մեջ որպես մի ազգի մշակույթի տարր, որն առավել մոտ է սիրո թեմային, իսկ տեղացիների լեզվով այդ  համբույրն անվանվում է «հոգիների համբույր»:

Ֆրանսիական համբույրը նախ եւ առաջ ենթադրում է լեզուների հպում: Երբ մարդ  ճաշակում է որեւէ համեղ դելիկատես, ջանում է լեզվով համտեսել սիրած կերակրատեսակի բոլոր երանգներն ու նրբությունները: Այդպես է նաեւ ֆրանսիական համբույրի ժամանակ. զույգերը նույն կերպ պատրաստ են համտեսել եւ վայելել միմյանց հենց լեզվի միջոցով:


Ֆրանսիական համբույրն ավելի պատկերավոր կարելի է նկարագրել այսպես. ձեր սիրելիի բերանը ձեր իսկ բերանի շարունակությունն է եւ դուք այնտեղ լեզվով կարող եք անել այն, ինչ ձեր խելքին փչի: Եվ դժվար թե որեւէ տհաճ բան անեք, դա կլինի «նոր տարածության» սահուն յուրացում եւ դրա սահմանների ուսումնասիրություն սիրելիի ատամներին, քիմքին, այտերին, լեզվին եւ, իհարկե, շուրթերին նուրբ հպումների տեսքով:

Եթե  ֆրանսիական համբույրի հարցում ձեզ համարում եք անփորձ, ապա պետք չէ խուճապի մատնվել. ամենադյուրին եւ պարզ տարբերակը պասիվ դիրք զբաղեցնելը եւ գործելու հնարավորությունն առավել փորձառու զուգընկերոջը տրամադրելն է: Նշենք, որ ֆրանսիական համբույրը հստակ կանոններ չունի, այնպես որ առանց բարդույթավորվելու նախաձեռնող կարող եք լինել նաեւ դուք: Բոլոր դեպքերում այս համբույրը կարող է զարմանալի զգացողություններ առաջացնել:

Երբ պահը հասնում է ֆրանսիական համբույրին, շատերը սխալ են հասկանում դրա նշանակությունը: Տղամարդիկ, օրինակ, հաճախ ընկալում են այն որպես իրադարձություններն արագացնելու եւ հարաբերությունները նոր փուլ մտցնելու միջոց: Այդ պատճառով էլ մի խուսափեք խոչընդոտել զուգընկերոջ ակտիվությունը եւ հանդես գալ  սեփական նախաձեռնությամբ` հասկացնելով նրան, որ դուք դեմ չեք ֆրանսիական համբույրին, բայց ուզում եք եւ կարող եք դա անել այնպես, ինչպես ձեզ է հարմար: Հավատացեք, ձեր ազդակն անարձագանք չի մնա:


Ինչը կարող է փչացնել համբույրը

Աննախաձեռնողականությունը. Ոչ մի տղամարդու դուր չի գա այն զուգընկերուհին, ով պաղած սպասում է, թե երբ տղան կանի իր «սեւ գործը»: Այնպես որ նույնիսկ եթե դուք կարծում եք, որ հարաբերություններում լիդերը տղամարդն է, թույլ տվեք նրան գոնե առաջնորդել ձեզ: Չի կարելի ոչինչ չանել եւ միայն նրա վրա բարդել ձեր երկուսին սպասվելիք հաճույքի ողջ պատասխանատվությունը: Պետք է անպայման արձագանքել, արտահայտել գոհունակություն, զգացնել տալ սեփական  ցանկությունների մասին եւ ջանալ հաճելին մատուցել նրան: Հավատացեք, դա անպատասխան չի մնա:

Բաց աչքերը.
Զույգերի մեծ մասը նախընտրում է համբուրվելիս փակել աչքերը: Եթե դուք այն սակավաթիվ մարդկանցից եք, ովքեր նախընտրում են բաց աչքերով հիանալ իրենց սիրեցյալի դեմքի արտահայտությամբ, ապա հիշեք, որ նա կարող է իրեն շատ անհարմար զգալ, եթե հանկարծ համբույրի ընթացքում մի պահ բացի աչքերը եւ հասկանա, որ այդ ողջ ընթացքում դուք ուշադիր իրեն եք զննել:

Սխալ պահն ու վայրը. Բնական է, երբ անընդհատ ուզում եք հպվել ու համբուրել սիրած անձնավորությանը, բայց նորմալ չէ, երբ իսկապես ամբողջ ժամանակ փորձում եք դա անել: Օրինակ, հետիոտնի անցման ճիշտ կենտրոնը կամ մետրոն  այն էլ օրվա թեժ ժամին, ինչպես նաեւ խցանված հասարակական տրանսպորտն այնքան էլ հարմար վայր չեն համբուրվելու համար:

Չափն անցնելը. Ինչը կարող է ավելի հաճելի լինել, քան սիրելիի այտին շուրթերով հպվելը, կամ նուրբ համբույրով նրա ականջը խուտուտ տալը, բայց, իհարկե չարժե չափն անցնել եւ թաց համբույրներով պատել նրա ողջ դեմքը:

Ոչ թարմ շնչառությունը. Ոչ ոք չի կարող գնահատել համբուրվելու ձեր արտակարգ տեխնիկան, եթե այդ պահին թարմ չէ շնչառությունը: Թարմացնելու համար տարբեր  միջոցներ կան, բայց այդ պահին կա ամենահասանելին` մաստակը:


Ինչն է  դարձնում  համբույրն անմոռանալի

Մղումը եւ ձգողական ուժը. Կարեւոր է, որ համբույրի մասնակիցները ուժգին ձգեն միմյանց: Որքան ավելի շատ են ներսից բխող «կայծերը», այնքան ավելի հաճելի կլինի համբույրը:

Զգացմունքների տարափը. Նրա շուրթերի հպումից պետք է ամեն ինչ թրթռա  ներսում եւ սրտի տակ «ճախրեն» մի խումբ թիթեռնիկներ: Եթե թրթիռը բացակայում է, ապա պետք չէ շտապել, քանի որ միայն դիմացինի արտաքին հմայքը բավարար չէ անմոռանալի համբույրի համար:

Վայրը, որտեղ այն տեղի է ունենում. Աղջիկների համար համբույրի վայրը եւս մեծ նշանակություն ունի: Այնպես որ, տղաներին ի գիտություն` որքան ավելի տրամադրող լինի միջավայրը, այնքան յուրահատուկ կլինի համբույրը:

Սեքսուալ լարումը.
Որքան երկար չեք համբուրվում եւ ձգում եք այդ պահը, այնքան ավելի է աճում սեքսուալ լարումը ձեր շուրջ: Այդ պատճառով էլ արժե մի փոքր տանջել նրան ու ինքներդ ձեզ եւ դրանով սպասվելիք համբույրը դարձնել անզուգական: 

Առանձին եւ միայն երկուսով լինելը. Շատերը չեն սիրում ի ցույց դնել իրենց զգացմունքները: Կարեւոր է, որ զույգի առաջին, ինչու չէ, նաեւ հաջորդող բոլոր համբույրները տեղի ունենան այնպիսի պայմաններում, երբ երկուսն էլ իրենց կզգան ազատ եւ ոչինչ չի շեղի «կարեւորից»:
 
Նուրբ եւ թավշյա շուրթերը. Պետք է  համոզվել, որ  շուրթերը հուզմունքից չեն չորացել, երբ շտապում եք ժամադրության: Իսկ եթե այնուամենայնիվ դրանք այնքան փափուկ չեն, որքան կցանկանայիք, որ լինեին, իրավիճակը կարող է շտկել հիգիենիկ շրթներկը:

Եվ վերջում հիշենք, որ մեր վառ երեւակայությունն  ու համարձակ ստեղծագործ միտքը կարող են յուրաքանչյուր համբույր դարձնել անմոռանալի: Եվ հետո, համբույրը երբեք շատ չի լինում. այն ոչ միայն սիրո դրոշմն է, այլ, ինչպես անգլիացի նշանավոր գրող Ժոզեֆ Կոնրադն է բնորոշել, միակ բանն է, որ մնացել է դրախտից:

Տեքստը` Ա.Ս.-ի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին