×


Ֆրանսիս Քյուրքջյան.“Անչափ ուրախ եմ, որ իմ ստեղծած բույրերը Հայաստանում ճանաչելի են :)”

Ֆրանսիս Քյուրքջյանի անուն-ազգանունն ամենահայտնիներից մեկն է օծանելիքի բնագավառում: 1969 թվականին Փարիզում ծնված Ֆրանսիսը Հայաստանում երբեւէ չի ապրել, բայց ինչպես նշում է, լինելով ֆրանսիացի, չի մոռանում հայկական արմատների մասին եւ օրերս “Հերմիտաժ” օծանելիքի ցանցի հրավերով, որտեղ ներկայացված են իր ստեղծած բույրերը, ժամանել էր Երեւան:

Ֆրանսիս Քյուրքջյանը


Ֆրանսիսը 80-ից ավելի բույրերի հեղինակ է, առաջին օծանելիքը` “La Male”-ը, ստեղծել է 25 տարեկանում` Ժան Պոլ Գոտիեի պատվերով: Նրա պորտֆոլիոյի մասն են կազմում հանրահայտ բազմաթիվ օծանելիքներ, ինչպես, օրինակ` Լանքոմի “Miracle”-ը, Ջորջիո Արմանիի “Armani Mania”-ն, Էլիզաբեթ Արդենի “Green Tea”-ն, Կենզոյի “Kenzoki”-ն, Վերսաչիի “Jeans Couture Glam”-ը, “Davidoff Silver Shadow”-ն, Իվ Սեն Լորանի “Kouros Eau d'Ete”-ը եւ այլն:

2001 թվականին նա արժանացել է օծանելիքի բնագավառի հայտնի վարպետ Ֆրանսուա Կոտիի պարգեւին, իսկ 2004-ին` Պարֆյումերային ասոցիացիայի հեղինակավոր Fifi մրցանակին` “Narciso Rodriguez” օծանելիքի համար: Աշխարհահռչակ նորաձեւության տների հետ համագործակցելուց զատ 5 տարի առաջ հիմնել է իր սեփական պարֆյումերային տունը` “Maison Francis Kurkdjian”-ը:

BRAVO.am-ի հետ հանդիպման ժամանակ բույրերի մաեստրոն պատմել է իր աշխատանքի հետաքրքիր կողմերի մասին եւ հայտնել, որ այս ուղեւորությունն իր կյանքում նշանավորվել է ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու փաստով:

Ֆրանսիս Քյուրքջյանը


Արդեն տասը սերունդ է, ինչ մեր մեծ ընտանիքի անդամներից ոչ ոք հայկական անձնագիր չուներ: Հիմա միայն ես եւ հայրս ձեռք բերեցինք, ինչի համար շատ ուրախ եմ:

Չորրորդ անգամ եմ Հայաստանում.  2013-ի դեկտեմբերին` նախորդ այցիս ժամանակ, հայրիկիս ու գործընկերներիս հետ եղա “Էրեբունի” արգելոց-թանգարանում եւ ուսումնասիրելուց հետո ցանկություն ունեցա պահպանված որմնանկարների պատկերներով հոտավետ մոմեր արտադրել: Այս գաղափարս դեռ ուժի մեջ է, փնտրում եմ տաղանդավոր մասնագետի, որը կկարողանա որակյալ տպիչ սարքով մոմերն արտադրել Հայաստանում:  Գաղափարս ուզում եմ իրագործել հայերի համար: Արդեն մի քանի տարի համագործակցում եմ ֆրանսիական թանգարանների հետ, փորձում մշակութային արտադրանք ստեղծել եւ այդ ամենը ներկայացնել ինտսալյացիայի միջոցով:

Դեռ որեւէ բույր չեմ ստեղծել` Հայաստանից ոգեշնչվելով, որովհետեւ շատ կարճ ժամանակով եմ գալիս, օրակարգս հագեցած է, իսկ ինձ նվազագույնը երկու շաբաթ է հարկավոր, որ կարողանամ խորությամբ ուսումնասիրել: Ավելի շատ ոգեշնչվում եմ մարդկանցից ու կյանքի նկատմամբ ունեցած սիրուց:

Մեր ընտանիքում հիմնականում տատիկս էր խոսում հայերեն, որովհետեւ ավելի դժվարությամբ է ֆրանսերեն սովորել: Ես էլ նրանից լսում էի արեւմտահայերենը, որը բավական տարբերվում է արեւելահայերենից: Քանի որ հայերենին լավ չեմ տիրապետում, նախընտրում եմ անգլերենով կամ ֆրանսերենով հաղորդակցվել:

Ֆրանսիս Քյուրքջյանը


Բալետն ու օպերան իմ տարերքն են: Փոքր տարիքում հաճախել եմ բալետի դասերի, բայց իմ մանկական երազանքն այդպես էլ չիրականացավ: Մեծ հույս ունեմ ու գիտեմ, որ մեկ օր կունենամ բալետի իմ խումբը: Շատ եմ հավանում ռուս ու ֆրանսիացի բալետի պարուհիներին, հաճախ եմ ներկայացումների գնում, եւ քանի որ ապրում եմ Փարիզում, հավանաբար, այնտեղ էլ կիրականացնեմ այս նպատակս: 
 
Ինձ աջակցել են ինչպես ընտանիքիս անդամները, այնպես էլ գործընկերներս, որոնք ներդրումներ են արել, հավատացել ու ոգեւորել են ինձ: Օծանելիք ստեղծելն ինձ համար արվեստ չէ, բայց շատ կարեւոր է արվեստի զգացողություն ունենալը, որովհետեւ գլուխգործոցից կարող եմ ոգեշնչվել եւ նոր արտադրանք ստեղծել: Իմ աշխատանքն ավելի շատ մարքեթինգ է. պետք է կարողանաս քո ստեղծածը ճիշտ ներկայացնել, բրենդի աստիճանի հասցնել:

Անչափ ուրախ եմ, որ օծանելիքներս Հայաստանում ճանաչելի են` իմ անվան ու ձեռագրային բույրերի շնորհիվ: Այս այցիս նպատակներից մեկը հայ հաճախորդներիս հանդիպելն էր, որպեսզի շփվեմ նրանց հետ եւ մակագրեմ սրվակները: Առաջին անգամ եղել եմ նաեւ Արցախում, որտեղ հաճելի ծանոթություններ հաստատեցի:

Երբեք չեմ ասում երբեք. չկա այնպիսի բույր, որ չեմ օգտագործի լաբորատորիայում: Այնքան էլ կարեւոր չէ` ես սիրում եմ այդ հոտը, թե ոչ: Եթե նոր բույր ստեղծելիս իմ հոտառությամբ եւ ուղեղով ընդունելի եմ համարում տվյալ բաղադրիչների համադրումը, ապա գործածում եմ: Երբ հանդիպում եմ անծանոթ մարդկանց ու հասկանում, որ իմ ստեղծած օծանելիքներից մեկն են օգտագործել, հաճելի զգացում եմ ապրում:

Ֆրանսիս Քյուրքջյանը


Միգուցե զարմանալի թվա, բայց ես օծանելիք գրեթե չեմ օգտագործում:  Երբ ամեն օր անդադար աշխատում եմ բույրերի հետ, առօրյայում արդեն հաճելի չի լինում: Միայն պաշտոնական հանդիպումների ու կարեւոր այլ միջոցառումների ժամանակ եմ օգտագործում:

Իմ աշխատանքի հետաքրքիր կողմերից մեկն այն է, որ շփվում եմ միմյանցից շատ տարբեր մշակույթների ու բարքերի հետ: Աշխատել եմ եվրոպական երկրներից մինչեւ ճապոնական օծանելիքի արտադրությամբ զբաղվող առաջատար “Takasago” ընկերությունում: Սիրում եմ Ճապոնիան եւ այնտեղի յուրահատուկ մթնոլորտը: Ճապոնացիները սիրում են կատարելագործվել, վերացական մտածողություն ունեն, այնտեղ հեշտ է ոգեշնչվելն ու աշխատելը:

Երբ ազատ ժամանակ եմ գտնում, սիրում եմ խոհանոցում լինել: Կարծում եմ` խուրաբյե կոչվող թխվածքը եւ տոլման լավ եմ պատրաստում, վերջին անգամ փորձեցի հատուկ բաղադրատոմսով հալվա պատրաստել:):

Ապրելով 45 տարի` կարծում եմ` իմ առաքելությունը մարդկանց կյանքը գեղեցիկ բույրերով լցնելն է, որ բացելով օծանելիքի սրվակը` հաճույք, վայելք զգան եւ այդ պահին ժպտան: Ես բժիշկ չեմ, մարդկանց կյանքը չեմ փրկում, բայց կարողանում եմ ստեղծել ու տալ շքեղություն եւ փոխադարձ ստանալ:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին