×


Արամ Ասատրյան

Արամ Ասատրյան

Երբ նվագում ես լեգենդի հետ մեկ բեմում Երբ 1990-ականների սկզբին Արամը տարվեց ռոք-երաժշտությամբ, հազիվ թե կարող էր մտածել, որ 20 տարի անց մեկ բեմում ելույթ է ունենալու իր կուռքերի հետ: Սակայն եկավ 2010 թվականը, եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին ջութակ Արամ Ասատրյանը նվագեց Deep Purple-ի երգիչ Իէն Գիլանի եւ Սերժ Թանգյանի հետ, իսկ սեպտեմբերին նվագելու է Jethro Tull-ի վոկալիստ Իէն Անդերսոնի հետ: Aram Asatryan Վստահ կարելի է ասել, որ հենց Արամ Ասատրյանի շնորհիվ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ամենաբարձր գնահատականի արժանացավ Իէն Գիլանի կողմից: Լինելով ռոքի եւ հատկապես Deep Rurple-ի մեծ երկրպագու եւ հանդիսանալով նվագախմբի փոխկոնցերտմայստերը` նրան հաջողվեց  “ռոքային” ազատ եւ էմոցիոնալ շնչով “վարակել” նվագախմբի անդամներին, միաժամանակ չմոռանալով անսամբլի զգացողությունը պահպանելու մասին: Որպես արդյունք, մարտին ունեցանք երկու անմոռանալի համերգ եւ հպարտանալու մեծ առիթ: Bravo.am-ի հետ զրույցում Արամ Ասատրյանը պատմեց իր երաժշտական գործունեության դասական եւ ռոքային կողմերի մասին: Classic Ավարտել եմ Երեւանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, այնուհետեւ` Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան: Aram Asatryan 1991 թվականի վերջում ընկերներով ստեղծեցինք Երիտասարդ երաժիշտների “Սերենադ” կամերային նվագախումբը, որտեղ ամենասկզբից  եղել եմ նվագախմբի կոնցերտմայստերը: Այդ տարիներին մեծ հաջողություն ունեինք, Հայաստանում այդ տիպի միակ նվագախումբն էինք` երիտասարդ, անկախ, նվագում էինք այն, ինչ ուզում էինք, մասնակցում էինք միջազգային մրցույթների եւ շրջագայում աշխարհով մեկ: Այսօր առաջին կազմից միայն չորս հոգով ենք մնացել: Շատերն ապրում են արտերկրում, բայց միշտ կապի մեջ ենք, քանի որ մի ամբողջ կյանք ենք ապրել միասին, եղել ենք մի մեծ ընտանիք: Ի դեպ, հետագայում նվագախմբի անդամներից շատերն իսկապես ընտանիքներ կազմեցին: Կոնցերտմայստեր լինելը չափազանց պատասխանատու գործ է: Կարելի է ասել, որ կոնցերտմայստերը նվագախմբի դեմքն է, եւ դա պետք է զգա նաեւ հանդիսատեսը: Կոնցերտմայստերը գրեթե ամբողջ նվագախմբի համակարգողն է, փորձերի ժամանակ հետեւում է նվագելու ձեւին, մաներային, նախապատրաստում է երաժիշտներին, այդ թվում` խմբերով: Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբում ես երկրորդ կոնցերտմայստերն եմ, եւ իմ հսկողության տակ միայն ջութակներն են: Կոնցերտմայստերը եւ դիրիժորը պարտադիր պետք է փոխկապակցված գործեն եւ ցանկացած մանրուք պետք է համաձայնեցվի: Իհարկե, նվագախմբում առանց վեճերի հնարավոր չէ, սակայն պարտավոր ես բոլորի կարծիքը լսել եւ հաշվի առնել: Aram Asatryan Ավելի քան տասը տարի է` դասավանդում եմ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Սիրում եմ այդ գործը, քանի որ շփվում եմ երիտասարդների հետ եւ գիտելիքներս փոխանցելու հնարավորություն ունեմ: Բացի այդ, կարծում եմ, լավ է ինքդ սովորեցնես, որպեսզի հետո, մասնավորապես նվագախմբում, կարողանաս համապատասխան չափով պահանջել: Rock Ռոք երաժշտությամբ լուրջ տարվեցի 1980-ականների վերջում` երաժշտական ուսումնարանում սովորելու տարիներին: Մոտավորապես հենց այդ ժամանակ էլ սկսեցի նվագել, այնուհետեւ`երգել Վահագն Պապայանի /Ջեֆի/ կողմից հիմնած Dumbarton Oaks խմբում, որի ոճը կարելի է բնութագրել որպես progressive ռոք: Նվագել եմ եւ ստեղնաշարային գործիքների, եւ կիթառի վրա: Իսկ ջութակով առաջին անգամ ռոք-բեմ դուրս եմ եկել միայն երկու տարի առաջ` Classic Rock փառատոնի ժամանակ` կատարելով  Deep Purple-ի Anthem ստեղծագործությունը: Սակայն չեմ կարող ասել, որ սիրում եմ, երբ լարային գործիքներն ու առավել եւս ջութակն օգտագործում են ռոքում: Կարծես թե մաքուր ռոք չի ստացվում, ջազային հնչյուններ են ի հայտ գալիս: Aram Asatryan Այժմ նվագում եմ Վահագն Պապայանի կողմից 2001 թ. ստեղծված Oaksenham խմբում: Պատրաստվում ենք սեպտեմբերին Ջերմուկում կայանալիք եռօրյա ռոք- փառատոնին, որտեղ նվագելու ենք Ջեֆի ստեղծագործությունները: Շատ եմ կարոտում 1990-ականները: Այդ տարիներին ամեն ինչը շատ ավելի անկեղծ էր` թե’ մարդիկ, թե’ երաժշտությունը: Ցավոք, այսօր կորել է underground  հասկացությունը, այնպիսի տպավորություն է, որ ռոք լսելը ուղղակի ժամանակակից է դարձել: Այսօր ռոք-երաժիշտը կարող է մասնակցել ինչ-որ մրցանակաբաշխության կամ մրցույթի,  որը որեւէ առնչություն չունի ռոք երաժշտության հետ: Գիլան Երբ 1990 թվականին Իէն Գիլանը առաջին անգամ եկավ Հայաստան, ներկա էի նրա բոլոր չորս համերգներին: Այն ժամանակ նույնիսկ մտքովս չէր անցնում, որ քսան տարի անց կհայտնվենք նույն բեմում: Մինչեւ վերջին պահը չէի հավատում, որ նվագելու եմ Գիլանի հետ: Գիտես, որ կա այդպիսի նախագիծ, կան նոտաներ, նշանակված են համերգների օրերը, սակայն միեւնույնն է` չես կարող պատկերացնել: Նույնիսկ հիմա գլխիս մեջ չի տեղավորվում, որ պատիվ եմ ունեցել նվագել եւ շփվել Իէն Գիլանի հետ: Մարտի համերգների օրերին ձեռքի կոտրվածք ունեի եւ ուղղակի հուսահատության մեջ էի ընկնում, երբ մտածում էի, որ չեմ կարողանա մասնակցել այդ ամենին: Ian Gillan Քաղաքում բժիշկ չէր մնացել, որ չդիմեմ: Ի վերջո, մի “հեքիմ” օգնեց: Ցավոք, կոնցերտմայստերի գործն այնպիսին է, որ պետք է համակարգես ամբողջ նվագախումբը եւ մենակատարին: Այդ պատճառով ցանկացած համերգին` լինի դա ռոք, թե դասական, լարված աշխատում ես: Սակայն այդ երաժշտությունը այնքան լավ գիտեմ, որ թվում էր, թե ամբողջ կյանքս նվագել եմ, չէի  կարողանում զսպել ինձ եւ երգում էի նրա հետ միասին: Շատ ուժեղ էր “eye contact” հասկացությունը: Թե փորձերի, թե համերգների ժամանակ նա աչքերով կամ ժեստերով այնքան լավ էր հասկացնում, թե ինչպես է ուզում նվագենք, որ միանգամից ճիշտ ըմբռնում էինք: Գիլանի հետ շփման ընթացքում անակնկալի եկա: Այդքան տարի լսելով նրա երաժշտությունը, նայելով նրա համերգները` արդեն որոշակի ձեւով էի պատկերացնում նրան` ավելի խենթ, ավելի “չոր”: Իրականում այնպիսի տպավորություն էր, որ զրուցում եմ հորս հետ: Շատ խորն էր, հանգիստ եւ իմաստուն: Անկասկած, տարիքն ու ապրած կյանքն իրենց դերն են խաղում: Հետաքրքիր պատմություններ էր պատմում իր կյանքից, խորհուրդներ էր տալիս, ինչպես հայրը կտար որդուն: Ian Gillan Թանգյան Լինելով երաժշտության մեջ կոնսերվատիվ մարդ` ծանոթ չեմ եղել SOAD-ի եւ Սերժի գործունեությանը: Բայց քանի որ Ֆիլհարմոնիկից ութ հոգի,այդ թվում եւ ես, պիտի մասնակցեինք Թանգյանի երեւանյան համերգին, լսեցի Elect the Dead սկավառակը եւ շատ հավանեցի: Չափազանց հետաքրքիր ձայն ունի. մեկ շատ խորն է հնչում, մեկ ինչ-որ պրիմիտիվ հարթության վրա: Բացի այդ, իսկական պրոֆեսիոնալ է: Առաջին անգամ էր, երբ միակ փորձը պետք է լիներ հենց համերգի օրը, եւ շատ էինք մտահոգված այդ առիթով: Սակայն Սերժի եւ նրա երաժիշտների պրոֆեսիոնալիզմի եւ օգնության շնորհիվ ամեն ինչ շատ հարթ անցավ: Փորձի սկզբում խնդրեց ծրագիրը սկզբից մինչեւ վերջ նվագենք եւ լուռ լսում էր, մեկ-մեկ կիթառն էր վերցնում, նվագում,սակայն բարձրաձայն չեր երգում: Հետաքրքիր էր: Ցավոք, շփվելու ժամանակ չունեցանք, բայց “eye contact”-ով կարծես թե լավ հասկացանք միմյանց: Ian Gillan Անդերսոն 2009 թվականի մայիսին Երեւանում Jethro Tull-ի համերգից հետո բախտ ունեցա շփվել խմբի մենակատար Իէն Անդերսոնի հետ: Ֆանտաստիկ կերպար է եւ շատ լուրջ երաժիշտ: Զրույցի ընթացքում, երբ իմացավ, որ ջութակահար եմ եւ նվագախմբի կոնցերտմայստեր, շատ ուրախացավ եւ ասաց, որ կցանկանար համագործակցել, քանի որ սովորաբար ռոքից հեռու դասական երաժշտի հետ աշխատելը, ռոքին վերաբերող ինչ-որ բան բացատրելը հեշտ չէ: Չէի կարծում, որ որոշ ժամանակ անց  իսկապես կսկսենք իրականացնել այդ նախագիծը: Արդեն նոտաներն ունենք: Պետք է նշեմ, որ կատարողական առումով բարդ ծրագիր է, իսկապես շատ գործ ունենք անելու: Իզուր չէ, որ համերգից մեկ օր առաջ Անդերսոնը վեց ժամ փորձ է պահանջել: Orchestral Jethro Tull համերգը կայանալու է սեպտեմբերի 24-ին, մասնակցելու է “Սերենադ” կամերային նվագախումբը ոչ լրիվ կազմով եւ երեք փողային` ֆիլհարմոնիկից: Հնչելու են հիմնականում Jethro Tull-ի հին երգերը: Անհամբեր սպասում եմ այդ համերգին, կարծում եմ`անկրկնելի տպավորություններ կունենանք: Տեքստը` Աննա Բուբուշյանի (Bravo.am) Նկարները` Կարեն Հովհաննիսյանի (Bravo.am) եւ Արամ Ասատրյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW