×


Բորիս Գրեբենշչիկով

Բորիս Գրեբենշչիկով

Հայերեն գրքի շնորհանդես եւ համերգ Երեւանում :) Բորիս Գրեբենշչիկովի բանաստեղծությունների գիրքն այլեւս հասանելի է նաեւ հայերեն լեզվով: Ռոք-երաժիշտ, լեգենդար “Ակվարիում” խմբի հիմնադիրն ու վոկալիստը հոկտեմբերի 31-ին “Բյուրոկրատ” գրախանութում ստորագրեց իր գիրքը, երեկոյան էլ “Կարմիր գետ” համերգային ծրագրով հանդես եկավ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Boris Grebenshikov Անվանի երաժիշտը նշեց, որ հայերենն առաջին օտար լեզուն է, որով թարգմանվել են իր բանաստեղծությունները: “Ուրախ եմ այս առիթով, ուրախ եմ, որ Հայաստանում եմ”,- ասաց Բորիս Գրեբենշչիկովը: Բանաստեղծությունների հայերեն թարգմանությունների հեղինակը Արմեն Շեկոյանն է: “Աղջկաս էին առաջարկել թարգմանել, համաձայնել էր, բայց դժվարությունների հանդիպեց, ու ես օգնության հասա: Դստերս որոշ տողացի թարգմանություններից օգտվել եմ, որ նորից բառարան չբացեմ, բայց հանգավորելու արհեստավարժական պահերը ինքս եմ արել:)”,- ասաց նա ու հավելեց. “Գրքի վրա երեք ամիս եմ աշխատել, որովհետեւ արդեն տասը տարի է` ինքս բանաստեղծություն չեմ գրում, կուտակվել էր մեջս ու Գրեբենշչիկովի առիթով այդպես հորդեց: Ճիշտն ասած` տպագրված գիրքը դեռ չեմ բացել: Պետք է նորից ծանոթանամ, կարդամ, նույնիսկ չեմ պատկերացնում որակը”: Boris Grebenshikov Բորիս Գրեբենշչիկովի բանաստեղծությունների թեմաները անհամար են:): “Բոլոր թեմաներով ստեղծագործել է: Ես ընդհանրապես թեմատիկ պոեզիա չեմ սիրում, որ ասում են` հայրենիքի սեր, մայրական սեր, սիրային… Իսկ Գրեբենշչիկովի դեպքում այդ բոլոր թեմաները մի բանաստեղծության մեջ  են` սոցիալական, քաղաքական ենթատեքստեր, հայրենասիրություն, փիլիսոփայություն: Իր պոեզիայի յուրահատկությունը հենց դա է”,- ասաց Արմեն Շեկոյանը: Լեգենդար ռոք-երաժշտի երեւանյան այցը կազմակերպվել էր Սանկտ-Պետերբուրգի հայկական համայնքի 300-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Boris Grebenshikov Ներկայացնում ենք Արմեն Շեկոյանի թարգմանած “Անհոգ ռուս թափառաշրջիկ” բանաստեղծությունից մի քանի հատված. «Ես մի անհոգ ռուս թափառաշրջիկ եմ` Ծնունդով Վոլգայի ափերից։ Ես վերցրել եմ այն, ինչ Աստված տվել է։ Ես կվերցնեմ այն, ինչ քամին կբերի։ Ես մենակ եմ ծնվել, մենակ էլ կմեռնեմ, Սակայն չեմ կորի գնացքի մեջ երկար, Որովհետև ամեն մի վագոնում Մի ուղեկցորդուհի կա։ Ես աղոթած եմ ու օրհնված եմ, Եվ իմ բախտն ինձ շատ ամուր է գրկել։ Ես այստեղ ոչ միայն չեմ կործանվել, Այլև շատերին եմ արդեն փրկել։ Ես ուր էլ գնամ` իմ բախտն իմ դեմն է։ Ես հարբեցող եմ անտերուդուս։ Ես ուր էլ գնում եմ` իմ դեմը Եդեմն է։ Ես թափառաշրջիկ եմ` անհոգ ու ռուս»։ Boris Grebenshikov & Armen Shekoyan Նույն երեկոյան Բորիս Գրեբենշչիկովը եւ «Ակվարիում» խումբը հանդես եկան  Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում “Կարմիր գետ” համերգային ծրագրով, որում ընդգրկված էին հիմնականում նոր երգեր: Երեք ժամվա ընթացքում դահլիճը յուրահատուկ հոգեկան կապ հաստատեց երաժիշտների հետ, որոնք զգալով երկրպագուների ոգեւորությունը` չէին ցանկանում բաժանվել հանդիսատեսից::) Ի դեպ, երգերից մեկի կատարմանը մասնակցեց դուդուկի արքա Ջիվան Գասպարյանը, ում Բորիս Գրեբենշիկովի հետ երկարամյա ջերմ հարաբերություններն են կապում: Կարծում եմ, դահլիճի ոգեւորությունն այդ պահին նկարագրելու կարիք չկա… :) Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/ եւ PanArmenianPhoto-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին