×


Կիբեռսպորտ

Կիբեռսպորտ

Կկայանա Հայաստանի 4-րդ առաջնությունը Համակարգչային խաղերի սիրահարների աչքը լույս:): Մի տարի դադարից հետո, օգոստոսի 20-ին կմեկնարկի Կիբեռսպորտի (համակարգչային սպորտի) Հայաստանի չորրորդ առաջնությունը: Այն նաեւ World Cyber Games (WCG)` Կիբեռսպորտի աշխարհի առաջնության որակավորման մրցաշար է հանդիսանում: Կիբեռսպորտ Մրցաշարը կազմակերպում է Կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգան:  Կիբեռսպորտի Հայաստանի չորրորդ առաջնությունը կանցկացվի “Կոնգրես” հյուրանոցի մեծ դահլիճում: Ակնկալվում է մոտ հարյուր հիսուն խաղացողի մասնակցություն: Խաղացողները կմրցեն երեք խաղ-մարզաձեւում` Call of Duty (shooter), Trackmania Nations (racing), FIFA 10: Վերջինը ամենատարածված ֆուտբոլային խաղն է: Հաղթողները Հայաստանը կներկայացնեն WCG Աշխարհի առաջնությունում, որ կանցկացվի այս տարի աշնանը Լոս Անջելեսում: Կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգայի հիմնադիր նախագահ Էդգար Սահակյանը Bravo.am-ին ասաց` մրցաշարերը կազմակերպվում են 2006 թվականից, առաջնությունը չի կայացել միայն անցյալ տարի. “Բաց ենք թողել` ճգնաժամային պայմաններից ելնելով, ուրիշ ոչ մի խնդիր չկար, միայն ֆինանսավորման, որ մրցումների կազմակերպման կարեւոր մասն է կազմում: Երբ Հայաստանը սկսեց միջազգային մրցաշարերի մասնակցել, Ադրբեջանը այս ասպարեզում ընդհանրապես գոյություն չուներ: “Վառված”, որ հայերը առաջ են իրենցից, քիչ է` չթողեցին այդպես մնա, հավասարվեցին, պետական աջակցության շնորհիվ էլ առաջ անցան: Ուզում եմ սա բարձրաձայնել, որ հասնի մեր կառավարությանը, պետական այրերին, թե այլ պետությունները ինչքանով են լուրջ տրամադրված”,- ասաց Էդգար Սահակյանը: Edgar Sahakyan Հայաստանում համակարգչային խաղերը մասսայականություն վայելում են, բայց հատուկ շրջանակներում: “Իսկ եվրոպական, ամերիկյան, ասիական զարգացած երկրներում գեյմինգը կենցաղ է: Ընտանիքում էլ մաման, պապան նստում, խաղում են: Աշխատանքից հետո ռելաքսի պես բան է: Ոչ ոք չի զայրանում, ջղայնանում, որ ժամանակ կորցրեց այդ խաղերի վրա. Ժամանցի անցկացման տարբերակներից մեկն է: Այստեղ նստում նարդի են խաղում իրար հետ, այլ երկրներում էլ գեյմ են անում` ինտերնետային խաղեր են խաղում”,- նշում է Կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգայի հիմնադիր նախագահը: Կիբեռսպորտ Էդգար Սահակյանի խոսքերով, երբեմն պայքարում էլ են իրենց դեմ:). “Մի կողմից կանգնած են խաղը սիրող, ընդունող կողմնակիցները, մյուս կողմից` շատ խիստ միջոցներով այն քարկոծողները: Երբ նոր էինք բացվել, ավելի շատ էինք հանդիպում խնդիրների. մեր գրասենյակ ծնողներ էին գալիս, ասում` ինչու ենք այս չարիքը քարոզում: Խաղը որպես զվարճանքի միջոց ու որպես սպորտ բացարձակ տարբեր է: Որտեղ որ զվարճանք կա, ես ինքս էլ խոստովանում եմ, շատ ավելի հեշտ է կլանվել, չափն անցնել: Չնայած` ամեն ինչի մեջ է այդպես, անկախ նրանից` համակարգչային խաղ է, թե նարդի: Հիմա խաղատների շատ լուրջ քարոզ է գնում: Ինձ համար մեծ զարմանք է` ինչո՞ւ մեկը չի ասում` հերիք է դա քարոզեք, որովհետեւ բոլորին հայտնի է` խաղատներում հաղթողներ չեն լինում ընդհանրապես, իսկ կիբեռսպորտը առողջ, հավասար, ինտելեկտուալ մրցակցություն է, ուժերի չափման միջոց, ի վերջո, կամք է զարգացնում, որ այդքան պակասում է մեր երիտասարդությանը. խմբերով փողոցներում աննպատակ կանգնած են”: Կիբեռսպորտ Համակարգչային խաղերի սպորտով զբաղվողների համար էլ են լավ ապագա խոստանում. գեյմինգը տարեց տարի զարգանում է: “Կիբեռսպորտի բնագավառում մարզիկները շատ-շատ ավելի երիտասարդ են, քան ուրիշ սպորտաձեւերում: Սպորտային կյանքը համակարգչային խաղերի դեպքում շատ ավելի կարճ է: Նույն ֆուտբոլը կարող ես մինչեւ 30-35 տարեկան խաղալ, կիբեռսպորտում անհնարին է, որովհետեւ կա մի տարիք, դա մոտ 22-24 տարեկան է, որից հետո արագությունդ կորցնում ես, ռեֆլեքսները դանդաղում են ու, անկախ քո փորձառությունից, չես կարողանում իրականացնել այն, ինչ մտածում ես: Այս սպորտում միաժամանակ պետք է մտածես, կողմնորոշվես ու կատարես, քո հակառակորդից դանդաղ մտածեցիր, կկորցնես”,- ասաց Էդգար Սահակյանը: Լիգայի կազմակերպած առաջին մրցաշարին 17 մասնակից է եղել: Էդգարը պատմեց, որ մրցաշարերը սկզբում անցկացրել են ինտերնետ ակումբներում. “Մինչեւ հիմա էլ, ցավոք, տարածք ու  համակարգիչների բազա չունենք: Հովանավորներն էլ շահագրգռված չեն: Օրինակ` բջջային օպերատորները նախընտրում են ֆինանսավորել բացարձակապես իրենց գործունեության հետ կապ չունեցող նախագծեր”: Կիբեռսպորտ Միջազգային մրցաշարերին մասնակցելու նպատակն էլ Հայաստանը որպես զարգացած երկիր ներկայացնելն է: “Այն մրցումներն են, ուր տեղեկատվական տեխնոլոգիաներ են օգտագործում: Արտասահմանում խաղերի ֆինանսավորումը գալիս է հենց այդ ոլորտից` սկսած համակարգչային, վերջացրած DVD, հեռուստացույց արտադրող կազմակերպություններից. հասկանում են, որ դա է իրենց շուկան”,- նշեց Կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգայի հիմնադիր նախագահը: Երեւանում միջազգային մրցաշարեր անցկացնելու հույս չկա. քաղաքը ընդհանրապես չի համապատասխանում չափանիշներին: “Պատկերացրեք` 78 երկրից հավաքվում է 800 մասնակից, ու յուրաքանչյուրը պետք է իր համակարգիչը ունենա մրցման ժամանակ: Միջազգային մրցումներում մի դահլիճում մոտ 600 համակարգիչ է միաժամանակ աշխատում: Հայաստանում խանութներից միաժամանակ կարող է 800 համակարգիչ չհավաքվի: Ինտերնետի խնդիրն էլ է մեծ, բայց հիմա սկսել է լուծվել, ես ուրախացել եմ”,- նշեց Էդգար Սահակյանը: Կիբեռսպորտ Միջազգային ասպարեզում կիբեռսպորտով զբաղվող հայ մարզիկները մինչ օրս հաջողություններ չեն գրանցել: Կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգայի նախագահը ասում է` պատճառը երկու մասից է բաղկացած. “Կան երկրներ, ուր կիբեռսպորտը շատ զարգացած է. հերիք է դու այնտեղ ծնվես, արդեն քեզ համար պայմաններն ապահովված են, մինչեւ իսկ պետությունն է այդ հարցը հոգում: Առաջին տեղի համար մարտավարական խաղերում շահում են 25 000 դոլարի կարգի գումար: Եվրոպացիները shooter-ներ են, ասիացիները ստրատեգիական խաղերում են հաղթում, ամերիկացիները` միջին: Աֆրիկյան երկրները ֆուտբոլ ու ավտոմրցումներ են շատ լավ խաղում: Հաղթանակում են հիմնականում ասիական երկրները` Կորեա, Չինաստան, Ճապոնիա”: Կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգան ուզում է` համակարգչային խաղերի սպորտաձեւով հայերի հետաքրքրությունը, հովանավորների շահագրգռվածությունը մեծանա ու քայլեր է ձեռնարկում դրա համար:): Տեքստը` Լիլիթ Բաբայանի /Bravo.am/ Լուսանկարները` Կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգայի սեփական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW