×


Կոշիկի հետքերով…

Կոշիկի հետքերով…

«Հնագետը պետք է հնություն սիրի» 6000 տարի առաջ Արփայի (ներկայիս Արենի) տարածքում բնակվել են ցեղախմբեր, որոնց ինքնությունը այժմ փորձում են պարզել Կալիֆոռնիայի հնագիտության համալսարանի եւ Հայաստանի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի մասնագետները: Բայց ովքեր էլ որ նրանք լինեն, հաստատ չեն էլ կասկածել, որ 6000 տարի անց Հայաստանի քաղաքացի, 1982 թվականին ծնված գեղեցկադեմ շիկահեր Դիանա Զարդարյանը կգտներ իրենցից մեկին պատկանող կոշիկը: Արենի 1 քարայրը Չնայած այն փաստի, որ այս հաջողակ աղջիկը առաջին մասնագիտությամբ լեզվաբան է եւ բացի ռուսերենից եւ անգլերենից տիրապետում է եբրայերենի եւ հունարենի, մի գեղեցիկ օր նա որոշում է իրականացնել իր մանկության երազանքը եւ սկսում է ուսումնասիրել հնագիտություն: Ներկայումս նա Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի ասպիրանտ է, զբաղվում է Հայաստանի պղնձեքարեդարյան խեցեղենի ուսումնասիրությամբ, աշխատում է Հնագիտության ինստիտուտում 2007 թվականից, պեղումների մասնակցում է 2005-ից: «Մանկուց երազել եմ հնագետ դառնալ: Բացի հնագիտությունից միշտ հետաքրքրվել եմ լեզուների ուսումնասիրությամբ, ինքնուրույն սկսել էի սովորել եբրայերեն ու հունարեն եւ հետագայում ավելի խորացված եմ ուսումնասիրել այդ լեզուները: Զբաղվել եմ ուրարտական եւ աքադական սեպագրերի ուսումնասիրությամբ: Կյանքում հնագիտական երկու մեծ երազանք եմ ունեցել` միշտ ցանկացել եմ հին կոշիկ գտնել, եւ երազանքս իրականացավ: Իսկ երկրորդը` գտնել կավե սալիկ սեպագրերով եւ ինքնուրույն այն վերծանել: Այս տարի էլ նպատակ ունեմ ատենախոսությունս պաշտպանել»: Diana Zardaryan Բացի այդ, Դիանան հավաքում է բրածո խխունջներ, քարերի եւ ապառների մեծ հավաքածու ունի: Լսում է 60-ականների ռոք-երաժշտություն: Ինչպես նա է ասում. «Հնագետը պետք է հնություն սիրի»: Այժմյան փուլում պեղված Արենիի քարայրը բաղկացած է ժամանակավոր բնակատեղիից եւ պահոցից: Պահոցային մասում գտնվել է գինեգործության համալիր, որտեղ, շնորհիվ քարայրի ներքին անփոփոխ ջերմաստիճանի, մինչ այժմ էլ պահպանվել են խաղողի մնացորդները: Համալիրը իրենից ներկայացնում է թրծված եւ ոչ թրծված տառապաններ, կավե տակառներ եւ գինու պահպանման համար նախատեսված կարասներ, գունազարդ գործվածքներ, թոնիրներ: Քիմիական հետազոտությունների հաստատման դեպքում կապացուցվի, որ մեր տարածքում գտնված համալիրը գինեգործության ամենահին աղբյուրներից մեկն է, եթե ոչ ամենահինը: Մասնագետները չափագրում են յուրաքանչյուր շերտը Մեզ շատ հետաքրքրեց ու նույնիսկ զվարճացրեց այն փաստը, որ անգամ 6000 տարի առաջ մարդիկ հյութ կամ գինի խմելիս օգտագործել են ձողիկներ, սակայն, ի տարբերություն այժմյան ձեւավոր տարբերակների, նրանք եղեգից են պատրաստված եղել: Տեսնես եղեգը լեզուն խմելուց չի՞ ծակծկել:): Քարայրի պահոցային մասում տակառներից մի քանիսում, բացի հացահատիկեղենից եւ պտուղներից, գտնվել են 7-14 տարեկան աղջիկների գանգեր, որոնցից մեկում անգամ պահպանվել է գլխուղեղը: Հետազոտության համաձայն, բոլորն էլ մահացել են հարվածից: Այս ամենը մասնագետներին տեղիք է տալիս ենթադրել, որ վերը նշվածը որեւէ ծիսակատարության խորհուրդ է կրել: Տեսնես 6000 տարի առաջ է՞լ էր հնարավոր ծանոթով զոհաբերությունից ազատվել :): Ինչպես մենք նկատեցինք, արշավախմբի առօրյան բավականին ուրախ է անցնում: «Արենի-1»-ում աշխատող խումբը բաղկացած է տարբեր ազգերի ներկայացուցիչներից` հայեր, ամերիկացիներ, իռլանդացիներ, հրեաներ եւ այլն: Պեղումներին մասնակցում են հնագետներ, մարդաբաններ, երկրաբաններ, ճարտարապետներ, հնէակենդաբաններ, հնէաբուսաբաններ... Խումն ունի կոնկրետ այդ մասնագիտությանը հատուկ քարայրային հումորներ, ինչի ականատեսը մենք էլ դարձանք: Տերմիններով հագեցած մի հումոր հնչեց, որը մենք չհասկացանք եւ ի զորու չենք փոխանցել:): Պեղված գինու պահպանման համար նախատեսված կարաս Արդեն մոտենում էր ընդմիջման ժամը, երբ Դիանան մեզ «и смех, и грех» բան պատմեց: Պեղումների ընթացքում մկան բուն է հայտնաբերվել, որի մեջ, ամենայն հավանականությամբ, միտումնավոր մի պապիրուսե ձեռագրի կտոր է դրված եղել, որի վրա երկու լեզվով` հայերեն եւ պարսկերեն, գրված է` «Քրիստոսի զորութեամբ»: Այն հիմա ցուցադրված է Մատենադարանում: Դե ասեք` այսքանից հետո ո՞վ է մարդու լավագույն ընկերը` շո՞ւնը, թե՞ մուկը: Այստեղից բացվում է երրորդ նոր մուտքը, որը դեռեւս պեղումների ընթացքում է Քարայրում հանդիպեցինք նաեւ Կալիֆոռնիայի համալսարանի հնագիտության պրոֆեսոր, Քոթսենի անվան հնագիտության ինստիտուտի ներկայացուցիչ ու համատեղ ծրագրի ամերիկյան կողմի տնoրեն Գրիգոր Արեշյանին, որը Bravo.am-ի հետ զրույցում նշեց. «Հայաստանում սա մեր երկրորդ ծրագիրն է, որը մենք իրագործում ենք 10 տարվա ընթացքում: Այս պեղումներին մասնակցում են նաեւ Կալիֆոռնիայի համալսարանի հնագիտության ասպիրանտները եւ ուսանողները: Այսօրվա դրությամբ մենք ունենք 48 նախագիծ 22 երկրներում` Եգիպտոսում, Իսրայելում, Սիրիայում, Թուրքիայում եւ այլն, բայց Կովկասի տարածքում միայն Հայաստանն է: Երկու պատճառով ենք այստեղ գտնվում. առաջինը` սերտ հարաբերություններն են Հայաստանի հնագետների հետ, երկրորդն էլ` ունենք երկու հեռանկարային նախագիծ` 90-ականների վերջում ընդհատված Հայաստանի նախկին մայրաքաղաք Դվինի պեղումների վերսկսումը եւ Արենիի քարայրի պեղումները, որը աշխարհի մասշտաբով եզակի հուշարձան է»: Հիշո՞ւմ եք, որ սկզբում խոսեցինք Դիանայի երազանքների մասին. հավատացեք, երազանքները մի օր իրականանում են, ապացույցն է 2008 թվականի սեպտեմբերի 16-ը, երբ Դիանան իր երազում տեսավ, որ պետք է շատ կարեւոր բան գտնի, եւ այդպես էլ եղավ` այդ օրը նա հայտնաբերեց տարածաշրջանի ամենահին կաշվե կոշիկը: Այն հավասարազոր է ներկայիս 37 համարի կոշիկին, սակայն պարզ չէ` այն կանացի է, թե տղամարդու: Դիանան հերթական կավակերտ տակառներ ու հորերն էր ուսումնասիրում, երբ եղեգների տակ թաղված երկու խաչված պոզերի տակ գտավ իր երազը: Diana Zardaryan «Եթե նույնիսկ հեռանամ Հայաստանից, միեւնույն է, կաշխատեմ «Արենի-1» քարայրում: Շատ մասնագետներ ունենք, ովքեր ապրում են, ասենք, Գերմանիայում, Ֆրանսիայում եւ այլն, այնտեղի հնագիտության ինստիտուտներում են աշխատում, բայց պեղումների ժամանակ գալիս են Հայաստան, շարունակում են զբաղվել իրենց աշխատանքով: Ես ուզում եմ ուսումնասիրել կոնկրետ Հայաստանի պղնձեքարեդարը, քանի որ այն ուսումնասիրված չէ: Կցանկանայի մեր նյութը համեմատել հարակից երկրների պղնձեքարեդարի նյութի հետ: Դա ինձ կօգնի ավելի լավ հասկանալ Հայաստանի պղնձեքարե դարը»: Մեր արկածային այցը Արենի քարայր ավարտվեց, սակայն այդպես էլ չհանդիպեցինք եւ ոչ մի նախամարդու, փոխարենը այդքան հետաքրքիր տպավորություններով հեղեղված 21-րդ դարի ներկայացուցիչներ Աննա Զիլֆուղարյանը, Լենա Գեւորգյանն ու Կարեն Անտոնյանը բարեհաջող տուն վերադարձան :): P.S. Հատուկ շնորհակալություն ենք հայտնում այն հյուրասեր կնոջը, ով մեզ ճաշի հրավիրեց :): Տեքստը` Աննա Զիլֆուղարյանի եւ Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Անտոնյանի /Bravo.am/

Կարդալ ավելին

Quality Sign BW