×


Նարեկ Հախնազարյան

Նարեկ Հախնազարյան

“Գորենշտեյնը անձամբ ներողություն չի խնդրել ինձնից” Մոսկվայում ընթացող Չայկովսկու անվան միջազգային մրցույթի` հունիսի 25-ին կայացած թավջութակահարների փորձերի ժամանակ ՌԴ ժողովրդական արտիստ, Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Մարկ Գորենշտեյնը վիրավորել է մրցույթի հայազգի մասնակից, թավջութակահար Նարեկ Հախնազարյանին: Narek Akhnazaryan Չիմանալով, որ փորձը հեռարձակվում է ուղիղ եթերում` Գորենշտեյնը, դիմելով նվագախմբի երաժիշտներին, ասել է. “Թող ձեզ ընդհանրապես չհուզի, որ մեզ ներկայացված այս “տաղանդն» է նվագում, այս աուլը, դուք պետք է ինձ հետ նվագեք”: Փորձին ներկա գտնվող լրագրողները, այս արտահայտությունը վիրավորական համարելով, միանգամից տարածել են տեղեկությունը մամուլում: Չայկովսկու անվան միջազգային մրցույթի կազմկոմիտեն նույնպես վիրավորական է համարել Մարկ Գորենշտեյնի` Նարեկ Հախնազարյանի հասցեին ուղղված արտահայտությունը: “Կարծում ենք` այն բառերը, որոնք նվաստացնում են մարդկային արժանապատվությունը, քայքայում են ստեղծագործ մթնոլորտը,”- նշված է կազմկոմիտեի տարածած հայտարարության մեջ, որը տեղադրվել է նաեւ մրցույթի պաշտոնական կայքի առաջին էջում: Գորենշտեյնը եւս  ներողություն է խնդրել` նշելով, որ դա անձնական խոսակցություն է եղել, եւ ինքը մտադրված չի եղել վիրավորել որեւէ մեկին: Mark Gorenshteyn BRAVO.am-ին հաջողվել է անձամբ կապվել Նարեկ Հախնազարյանի հետ, ով այժմ գտնվում է Մոսկվայում եւ շարունակում է մասնակցել մրցույթին: Թավջութակահարը մեզ հետ զրույցում հետեւյալն ասաց. “Չեմ ուզում որեւէ կերպ մեկնաբանել այս միջադեպը: Չեմ ուզում տարածվել այս պատմության մասին: Միջադեպը արդեն անցյալում է: Ասում են, իբր չեմ շարունակելու մասնակցությունս մրցույթում: Հենց նման արտահայտությունների պատճառով էլ չեմ ուզում մեկնաբանել կատարվածը: Հիմարություն է. ես շարունակում եմ մասնակցել մրցույթին, երբեք չեմ մտածի հրաժարվելու մասին: Երեկ նվագեցի երրորդ փուլի երկրորդ մասը, ամեն ինչ լավ է ընթանում: Միայն այս կերպ կարող եմ մեկնաբանել կատարվածը”: BRAVO.am-ի այն հարցին, թե Գորենշտեյնն անձամբ ներողություն խնդրել է երաժշտից, Նարեկը պատասխանեց. “Անձամբ ներողություն չի եղել: Բարձրաձայն կարդացին պաշտոնական հաղորդագրությունը: Կարծում եմ` ամեն ինչ նորմալ է”: Narek Akhnazaryan Ի դեպ, Նարեկը շնորհակալություն հայտնեց ու նշեց, որ հայրենիքի աջակցությունը խթան է հանդիսանում իր համար: Լիդսի, Դուբլինի, Գինա Բախաուերի, Վան Քլիբերնի անվան մրցույթների մրցանակակիր, դաշնակահար Արմեն Բաբախանյանն էլ մեզ հետ զրույցում ասաց` շատ լավ ծանոթ է կատարվածին. “Կարծում եմ, սա Գորենշտեյնի կողմից ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունք է: Նա պարզապես չի կարողացել ղեկավարել նվագախումբը եւ ամեն ինչում մեղադրել է մենակատարին: Մրցույթի շրջանակներում նման վերաբերմունքն ես կարող եմ հանցանք անվանել: Նարեկը առաջատարների թվում է, չի կարելի այս կերպ հավասարակշռությունից հանել մասնակիցներին”: Երեւանի պետական կոնսերվատորիայի անձնակազմը եւս վրդովված է եւ պատրաստ է ամեն կերպ աջակցել Նարեկ Հախնազարյանին: Հիշեցնենք,  Հայաստանը ներկայացնող թավջութակահար Նարեկ Հախնազարյանը մասնակցում է Չայկովսկու անվան 14-րդ միջազգային երաժշտական մրցույթի եզրափակչին: Տեքստը՝ Լենա Գեւորգյանի /Bravo.am/ Լուսանկարները` Նարեկ Հախնազարյանի անձնական արխիվից ,  www.moscvichka.ru –ի եւ www.tchaikovsky-competition.com-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին