Կայացավ մեծանուն կոմպոզիտորի 200-ամյակին նվիրված համերգ
Արամ Խաչատրյանի անվան տրիոն եւ Երեւանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը հուլիսի 7-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ներկայացրեցին գերմանացի մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտական քննադատ եւ մանկավարժ Ռոբերտ Շումանի 200-ամյակին նվիրված բարեգործական համերգը, որին մասնակցում էին նաեւ ջութակահար Արամ Ասատրյանը եւ ալտահար Յանա Դարյանը:
Համերգի բացմանը հանդիսատեսին ողջունեց Հայաստանում Գերմանիայի դեսպան Հանս Յոխեն-Շմիդթը: «Հարգելի տիկնայք եւ պարոնայք, դեսպանության անունից ուզում եմ ասել, որ մեզ շատ հաճելի է ողջունել ձեզ այստեղ` Ռոբերտ Շումանի 200-ամյակին նվիրված երեկոյին, եւ ուրախ եմ, որ Խաչատրյան տրիոն համաձայնեց ելույթ ունենալ այսօր: Բարի ժամանց եմ մաղթում բոլորիդ”:
Համերգի առաջին մասը սկսվեց Ռոբերտ Շումանի ֆանտաստիկ պիեսներով թավջութակի եւ դաշնամուրի համար` Խաչատրյան տրիոյի դաշնակահար Արմինե Գրիգորյանի եւ թավջութակահար Կարեն Քոչարյանի կատարմամբ: Այնուհետեւ կոլեգաներին միացավ Խաչատրյան տրիոյի ջութակահար Կարեն Շահգալդյանը` կատարելով տրիո թիվ 1 opus 63 ստեղծագործությունը: Ընդմիջումից հետո Խաչատրյան տրիոյի հետ բեմում էին արդեն ջութակահար Արամ Ասատրյանը եւ ալտահար Յանա Դարյանը: Կվինտետի կատարմամբ հնչեց հանրահայտ դաշնամուրային կվինտետ opus 44-ը:
Խաչատրյան տրիոյի եւ ջութակահար Արամ Ասատրյանի համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի: Նախ եւ առաջ, նրանք ընկերներ են: Ջութակահար Արամ Ասատրյանը եւ Խաչատրյան տրիոյից թավջութակահար Կարեն Քոչարյանը միասին հիմնադրել են «Սերենադա» կամերային նվագախումբը ու մինչեւ այժմ էլ միասին են աշխատում: Պարզվեց, որ ջութակահարներ Արամ Ասատրյանին եւ Կարեն Շահգալդյանին բացի ընկերությունից եւս մեկ բան է միավորում: Նրանք երկուսն էլ ծնվել են դեկտեմբերի 22-ին :) : «Համերգի համար ամենա առաջին նախապայմանը հրաշալի երաժշտությունն է, ինչը առկա էր այսօր: Հանդիսատեսի ծափահարություններից էլ կարելի է եզրակացնել, որ համերգը հաջողվեց»,- ասում է ջութակահար Արամ Ասատրյանը:
«Այս համերգը յուրահատուկ է, քանի որ թե կոմպոզիտորը, թե ստեղծագործությունները բավականին բարդ են տեխնիկապես եւ հոգեւոր տեսակետից: Սա կարծես կյանքից մի հատված լինի, որը պետք է վերապրել, այնուհետեւ նոր բեմ հանել: Կարծում եմ, մեզ հաջողվեց դա, որովհետեւ բեմում զգում էինք միմյանց, ու ամենից կարեւորը` մենք մեծ հաճույքով էինք նվագում այսօր»,- ասում է Խաչատրյան տրիոյի ջութակահար Կարեն Շահգալդյանը:
Արդեն կարծես ավանդույթ է դարձել, որ Խաչատրյան տրիոյի բարեգործական համերգները մշտապես բազմամարդ են ու լի երաժշտասերների ծափահարություններով, բրավոներով ու ծաղիկներով :): Համերգին ներկա էին հայ կոմպոզիտոր, մանկավարժ, երաժշտական գործիչ Էդուարդ Միրզոյանը, երաժշտագետ Իրինա Տիգրանովա-Տերտերյանը, երաժիշտներ Արամոն եւ Էմմա Պետրոսյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը եւ այլոք:
Տիկին Յովանովիչը նշեց. «Համերգը պարզապես հիասքանչ է, երաժիշտները իսկապես տաղանդավոր են, եւ շատ հաճելի է, որ Գերմանիայի դեսպանատունը հովանավորում է Ռոբերտ Շումանի 200-ամյակին նվիրված համերգը»:
Իր տպավորություններով Bravo.am-ի հետ կիսվեց նաեւ Արամոն. «Ընդհանրապես, մենք Էմմայի հետ երբեք բաց չենք թողնում դասական երաժշտության համերգները: Այսօր էլ մեր ընկերները մեզ մի հիանալի երեկո պարգեւեցին: Աստվածային երաժշտություն էր հնչում: Երեւի թե քիչ կլինի ասել, որ նման համերգներ պարտադիր պետք է տեղի ունենան գոնե շաբաթը 5 օր”:
Խաչատրյան տրիոն ամառային հանգստի փոխարեն նոր համերգների է պատրաստվում: Տրիոն զբաղվում է նաեւ լուսավորչական գործունեությամբ` վարպետության դասեր է անցկացնում Հայաստանի մարզերի դպրոցականների եւ ուսանողների համար:
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


×
7,615






