×


Սոնա Շահգելդյան

Սոնա Շահգելդյան

“Աստղ եմ, բայց աստղայինս չի տարել”:) Bravo.am-ի գիշերային հարցազրույցը :) Սոնա Շահգելդյանը Յուրմալայում հաղթել է:): Երգչուհին գիտի` լավ է երգել. ““Նոր Ալիք”-ում գեղեցիկ, երկար ոտքերը չեն անցնում”:): Սոնայի հագուկապը ինչքան էլ չհավանեք, կարծում է` գժոտ ճաշակ ունի: Երգչուհին հավատացնում է` ինքն իրենով է ամեն ինչի հասնում: Երգչուհու հետ ուղիղ կեսգիշերին ենք հարցազրույց ու ֆոտոսեսիա արել:): Սոնան Bravo.am-ին շատ բաներ է խոստովանել:): Երգչուհուց մինչեւ նոյեմբեր մենահամերգ սպասեք, նոր` “Աշուն, ձմեռ, գարուն” երգի տեսահոլովակն էլ` շուտով:): Սոնայի ամենահետաքրքիր մտքերը կարդա իր պատասխաններում :): Sona Shahgeldyan - Միայն բարոյական հաղթանակով չվերադարձար, շնորհավոր:): Այդքան վստա՞հ էիր ուժերիդ վրա: - Բարոյական բառն էլ շատ հավանեցի: Իսկապես, շատ ուրախ եմ ու հպարտ, որ մասնակցեցի, ինձնով հասա այս ամենին: Եթե դու լավ երգչուհի ես, տաղանդավոր ես, կանցնես, իսկ եթե ձայն չունես, պետք է կյանքում չերգես: Ես, օրինակ, ձայն չունենայի, ընդհանրապես ոչինչ չունենայի` բեմական պահվածք, այն ամենը, ինչ կա արտիստի մեջ, կյանքում չէի երգի: Ամեն մեկն իր գործը պետք է լավ անի: - Կարծում ես` լավ աշխատելու դեպքում պարտությունը բացառվո՞ւմ է: - Այո, բայց կարող է քեզ խոչընդոտեն… Կարող է գան քեզ պաչեն, հետո էլ հետեւից վատը խոսեն, դա կա: Ես այդպիսին չեմ, բամբասելն էլ ատում եմ, ուղիղ մարդ եմ, դեմքին կասեմ, կհանգստանամ ու ավելի ճիշտ կլինի: - Հաղթանակից հետո ո՞ւմ ես “տեղը դրել”: - Ես շատ թեթեւ մարդ եմ, բայց ուզում եմ ոչ մի խոսակցություն չլսել: Գիտեմ, որ լավ եմ երգել, հպարտ եմ  ու, կարեւորը, ինձնով եմ եղել: Sona Shahgeldyan - Լսած կլինես` ասում են` “Արմենիա” TV-ն ու “Շարմ” ընկերությունը առան հաղթանակդ:): - Անիմաստ խոսակցություններ են: Երկու ընկերություններն էլ շատ լավն են: Մի քիչ առաջ էլ հեռուստաընկերությունում էի. ինձ համար գեղեցիկ երեկո էին կազմակերպել: Երգիչներ էին եկել, նվերներ ստացա, չորս երգ կատարեցի, Ֆելիքս Խաչատրյանն ու Հասմիկ Կարապետյանն էլ վարում էին: Բայց չունեմ նման բաներ, որ մի ալիք չսիրեմ, մյուսը` “պրեստիժ” է, սիրեմ: - Թեեւ, կարիերայիդ սկզբում տեսահոլովակներդ չցուցադրելու հետ կապված խնդիրներ ունեիր: - Խնդիր չէր, ուղղակի քիչ էին ցուցադրում: Ալիքներ կային, որ շատ լավ էին ցուցադրում: Էսքան ժամանակ մի դրամ չեմ տվել եթերներում տեսահոլովակներս պտտեցնելու համար: Ինձնով եմ, իմ ձայնով: - Ինչ-որ մեկը խոչընդոտո՞ւմ է քեզ շոու-բիզնեսում հաստատվել: - Չէ, ոչ մեկ: Ասում են` ամեն մարդու սրտի չափով տալիս է, դա ճիշտ բան է, մենակ Աստծուն եմ հավատում: Խոչընդոտներ էլ լինեն, չեմ վախենա. այնքան խոչընդոտների միջով եմ անցել, անկեղծ: Ես վախկոտ մարդ լինեի, հիմա պետք է չերգեի, այլ լացեի: Ուժ պետք է ունենաս, սիրում եմ ուժեղ մարդկանց: Sona Shahgeldyan - Բամբասա՞նք, թե՞ իրականություն է, որ Նադեժդա Սարգսյանը ճանապարհդ փակել է: -:) Անկեղծ եմ ասում` նման բան չկա: Ես իր հետ շատ լավ եմ: Հիմա 24 տարեկան եմ ու 12 տարեկանից ճանաչում եմ. երգել եմ իր անսամբլում: Միջազգային փառատոնների եմ մասնակցել, հաղթել եմ, ուղղակի շատ չեմ սիրում “ռեկլամ” անել: Նադյային շատ սիրում եմ, ինձ համար մեծ ճանապարհ էր բացվել “Դո Ռե Մի”–ում: Երաժշտական կրթություն ունեմ, անիմաստ չեմ երգում: Կոնսերվատորիան եմ ավարտել, բայց այդ երաժշտական ամեն ինչը իմ գեներում  էլ կա: Գիտե՞ք` ինչու են այդպես ասում, որովհետեւ այս տարի ինքը Յուրմալա չտարավ: Կարող է` չի ուզում, ուրիշ գործ է անում, մեղադրելու չէ, բայց այս տարի, չեմ վախենա ասել, ավելի ճիշտ ու արդար է եղել կազմակերպված, որովհետեւ նախընտրական փուլ կար: Իր ամուսնուն` Դավիթին էլ եմ շատ սիրում: Թող բացեն, ամեն ինչը կարդան, ես ճիշտն եմ խոսում: - Իսկ ի՞նչ խոչընդոտներ են եղել այդ դեպքում: - Հիմա կխոստովանեմ: Գիտեք ինչ, Հայաստանում մի  ավանդույթ կա. դու հագնվում ես շատ լավ, ունես լավ ճաշակ, հակառակն են ասում քեզ, այ, որ գնում ես ուրիշ տեղ, քո ճաշակը շատ են հավանում: Հայաստանը շատ լավն է, իմ արյունն է, չեմ կարող փնովել, բայց մարդիկ մի քիչ շատ են անիմաստ խոսակցություններ տանում: Մի պահ կար, “Նոր ալիքի” պահով չեմ ասում, ասում էին` ի՞նչ զգեստներ է հագնում… Ես շատ լավ ճաշակ ունեմ. իմ գժոտ ճաշակն է: Չեմ կարող ստանդարտ ձեւով հագնվել, ամեն օր մազերս ֆենել, միաոճ, թթու-թթու լինել, կամ սպիտակ գույն ես հագնում, պետք է անպայման սպիտակ կոշիկ լինի, կարող ես հագնել կարմիր ու լրիվ ուրիշ գույնի հետ: Մազերիս կտրվածքը, գույնը հաճախ փոխում եմ, ինձ էլ կրկնօրինակում են, անգամ երգածս “օյ, այ” ձայները: Եթե ինձ չեք հավանում, դուք ձերը արեք: Էստրադային եմ երգում, մեջը օպերա եմ գցում, հետո` տիբեթյան երաժշտություն… Դատողը ժողովուրդն է:): Հագուստի վրա շեշտը մի դրեք, մի ասեք` վատ էր հագնվել, բայց լավ էր երգում: Ես ունեմ իմ ոճը:  Կամ էլ չաղերի ու նիհարների տարբերություն են դնում. նիհարել եմ բավական: Եթե իմ առջեւ նպատակ եմ դնում, պայքարում ու հասնում եմ: Համ էլ նիհար աղջիկների չեմ սիրում, նմանները գեղեցիկ չեն նայվում բեմում: Նույն Յուրմալայում գեղեցիկ ոտքերն էլ չանցան:): Sona Shahgeldyan - Ամբո՞ղջը խոստովանեցիր:): - Ես այստեղ շատ դժվարություններով եմ առաջ գնացել, մի տարի է եղել` կարող է հինգ տեսահոլովակ եմ նկարահանել, բայց էլի շատ դժվարությամբ եմ ճանաչվել: Մարդ կա` մեկն է նկարահանում ու իբր թե ճանաչվում է: Յուրմալայում էս մի քանի օրվա մեջ ավելի շատ ճանաչվեցի ու սիրվեցի: Իմ հայ հանդիսատեսն էլ է ինձ գնահատում, սիրում, շատ երկրպագուներ ունեմ ու բոլորին էլ սիրում եմ: Աշխատասիրություն բառը չեմ սիրում. տասը տեսահոլովակ ունենալն ու մենահամերգ տալը աշխատասիրություն չէ, այդպես ուղղակի փող ես ուզում աշխատել կամ ծախսել: Եթե 15-20 րոպեում երգը ընտիր ձայնագրում ես, դու արդեն տաղանդ ես, էլ չես կարա նստես նույնը ձայնագրես, յանիմ` աշխատասեր ես: Սխա՞լ եմ ասում. Մայքլ Ջեքսոնն էլ մի երգը ձայնագրել է հինգ րոպեում, ընտիր է երգել. ինքը տաղանդ է ու չէր պատրաստվում երեք ժամ դդումի նման նստել… Իմ սիրած երգիչն է: Իմ երգն էլ 10-20 րոպեում պատրաստ է. չեմ նստում 65 ժամ երգում: - “Նոր ալիք”-ում Հայաստանը ներկայացնող առաջին հայ հաղթողն ես, ինչի՞ց է:): - Միայն ձայնայինը չի, թեեւ ոչ ոքի չեմ ուզում փնովել. մեկի հետ մոտ եմ, մյուսի հետ` ավելի քիչ: Նույն Էմմիին շատ են սիրում, կուզեի, որ մասնակցեր “Եվրատեսիլին”, բա Մհերը, Ռազմիկը, Արման Էլբերտը: Բայց մենակ երգելով հարց չես լուծում, պետք է շատ անկեղծ լինես, բեմում քեզ ճիշտ պահես, հագուստդ ճիշտ լինի: Եթե ես երրորդ կամ երկրորդ մրցանակին արժանանայի, էլի կասեի` արդար մրցույթ է, բայց հաստատ ինձնից շատ լավը չի եղել, պայքարել եմ: Հպարտ եմ, բայց մեծամիտ մարդկանց չեմ սիրում: Մարդ պետք է հասարակ ու պարզ լինի. իսկական աստղերը այդպիսին են: Sona Shahgeldyan - Ժյուրին հենց ձայնային տվյալներդ գնահատե՞ց: - Դե ձայնայինն էլ… Ես գիտեմ` ինձ երբ էլ արթնացնեն` գիշերը, առավոտյան, հիվանդ էլ լինեմ, կերգեմ, վատ տեխնիկա էլ լինի, կերգեմ: Էլի եմ ասում` պետք է ամեն ինչ անկեղծ լինի: Եթե շինծու ես անում, զգում են: Իսկ Հայաստանում սիրում են նորաձեւության ցուցադրություն կազմակերպել, երգարվեստ չէ, ուրիշ բան է: Բայց Էդ արդեն իրենց գործն է, ես խնդիր չունեմ: Մարդ լինես, դա էլ է տաղանդ, ամեն մարդ մարդ չի, չեմ կարող կեղծ լինել: Իրենք էլ նման մարդկանց են սիրում: - Յուրմալայում ելույթիցդ առաջ ի՞նչ անհաջողություն է եղել հետդ: - Թալիսմանս կոտրվեց, բայց մեջտեղի փոքրիկ խաչը մնաց: Ելույթներին ձեռքիս մեջ էի պահում: Փշրվեց ու ոնց որ նախանձը մեջից ելավ: Սնահավատ չեմ, բայց հավատում եմ` Աստված կա, մյուսի անունը չեմ ուզում տալ, չար ու բարի էլ կա, նախանձն էլ կա: Մտերիմ ընկերուհիս է նվիրել թալիսմանս, իրեն հումորով ասում եմ` դու իմ չաղ թալիսմանն ես. թմբլիկ է:): - Շատ էմոցիոնալ տարար հաղթանակդ: Դեռ հուզական վիճակներո՞ւմ ես:): - Հուզմունք կար, կա, բայց որ ասեմ` վախ է մեջս եղել, չէ, բեմում ինձ ազատ եմ զգացել, չեմ դողացել… Sona Shahgeldyan - Քեզ միեւնո՞ւյն էին արդյունքները: - Չէ, գիտես, ժյուրին ինձ համար ամենամեծ դերն է ունեցել:  Բոլորին շատ սիրեցի` Լայմային, Կրուտոյին, Պաուլսին, Մելաձեին... Ասում էին` Վայկուլեն հայերին չի սիրում, շատ լավն էր, խաբում են. երեք օրն էլ ինձ 11 միավոր նշանակեց, թեթեւ շփվել եմ հետը, վատ բան չզգացի: Ալլա Պուգաչովային եմ շատ սիրում, ափսոս ներկա չէր: - 2011 թվականը “Նոր Ալիք”-ի համար հոբելյանական է: Հյուրի կարգավիճակում մասնակցելու հրավեր ունե՞ս: - Անպայման կգնամ ու կերգեմ: Յուրմալան ինձ հոգեհարազատ է դարձել:  Գումարի համար շատ չեմ ուրախացել, այլ իմ խրուստալի, դիպլոմի, որ վեր բարձրացրի, առաջին տեղի համար: - Յուրմալայում բացի երգելուց ու մրցելուց ի՞նչ էիք անում: - Էլի մրցում էինք, բայց այս անգամ` ֆուտբոլի դաշտում: Մարզահագուստ հագանք, երրորդ համարն էի, ռուս աստղերի դեմ էինք խաղում:), գավաթ շահեցինք: Իմ մորեղբայրս ֆուտբոլիստ Արմեն Շահգելդյանն է` “Միկա”-ի մարզիչը: Իր տղան էլ լավ ֆուտբոլիստ է դառնալու: Երգչուհի չլինեի, սպորտի ոլորտը կընտրեի կամ հիփ-հոփ պարուհի, դերասանուհի կդառնայի: - 50 հազար եվրո դրամական պարգեւ ստացար ու որոշեցիր բարեգործ դառնա՞լ: - Բարեգործություններ արել եմ ու միշտ էլ անելու եմ: Անպայման կօգնեմ մանկատան ու հիվանդ երեխաներին, անպաշտպաններին ու կարիքավորներին: Օգնելու եմ թափառող շներին ու կատուներին: Sona Shahgeldyan - Քո շա՞նն էլ ես խղճալով տուն բերել:): - Շունս իմ ղսմաթն է: Հիլդոչկա է անունը, բայց Նանաշկա եմ ասում: Երեք տարի է` պահում եմ: Հետս չէի տարել, որ չտանջվի: - Մի բալով առաջ անցար ուկրաինուհի Տատյանա Շիրկոյից ու հաղթեցիր: Կյանքդ հաճախ է մի բալից կախված լինում:): - Հա, կարող է, մի բանից կախված ամեն ինչ լավ գնա կամ հակառակը:): - “Եվրատեսիլ”-ին մասնակցելու դեպքո՞ւմ էլ ես ուժերիդ վրա այդքան վստահ լինելու: - Էդ “Եվրատեսիլը” ցավոտ հարց է: Շատ եմ սիրում, եթե առաջարկ լինի, կմասնակցեմ, բայց եթե իմանամ` գնացողին ընտրել են, նախընտրական փուլին չեմ մասնակցի: Ինձ համար “Նոր Ալիք”-ն է հզոր մրցույթ, իսկ “Եվրատեսիլը” քաղաքականացված շոու է: Բայց եթե դա էլ ուզեմ հաղթել, կհաղթեմ: Յուրմալայի մրցույթի համար էլ էին ասում` շատ դժվար է, ուրիշ բան է… - Քեզ “աստղ” ես համարում: Սիրո՞ւմ ես այդ կոչումը: - Յուրմալայում ինձ բոլորն ասացին` “զվեզդա” եմ: Գլուխս կախեցի`  աստղերը երկնքում են: Չի նշանակում` աստղերի գիրկն ես, թռչում ես, բայց, համենայն դեպս, հասել ես շատ բաների, կարող ես պարծենալ: Եթե մի բանի ես հասնում, դիմացդ դռներ են բացվում, ԱՊՀ-ն քիչ բան չի, ինչո՞ւ պետք է աստղ չլինեմ: Եթե Ամերիկայում կարող են աստղ լինել, արտասահմանում էլ, ես ոչ մեկից պակաս չեմ, ասել են` “դու “զվեզդա” ես, ես էլ համարեցի ինձ այդպիսին: Հայաստանում մի քիչ ուրիշ է. այստեղ “Երկու աստղ”-ում վեց անգամ էլ հաղթեմ, մի հատ չեն ասի նման բառ: Կարող եմ ինձ մի քիչ աստղ համարել, բայց դա չի նշանակում, որ այդ հիվանդությունով տառապում եմ. աստղայինս չի տարել: Ես կարող եմ հպարտ լինել, բայց ոչ գոռոզ: Գիտեմ` լավն եմ, հաղթանակելով ոչ լավանում եմ, ոչ վատանում:): Զրուցեց Լիլիթ Բաբայանը /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին