Կարեն Գրիգորյանի նոր ձայնասկավառակի շնորհանդես-համերգը կայացավ
Կարեն Գրիգորյանը մայիսի 5-ին “Արամ Խաչատրյան” համերգասրահում հանրությանը ներկայացրեց նոր` “White Illusions” /“Սպիտակ տեսիլքներ”/ ձայնասկավառակը, որում ընդգրկված են իր հեղինակային գործիքային կատարումները: Ձայնասկավառակի շնորհանդեսն ուղեկցվեց Կարենի հեղինակային երգերի համերգային շոու-ծրագրով:
Համերգին մասնակցում էին Շուշան Պետրոսյանը, Լուսինան, Տիգրան Պետրոսյանը, Մարիաննա Հովհաննիսյանը, Մհերը, Սոնա Շահգելդյանը, “Նոր ալիք” մրցույթում այս տարի Հայաստանը ներկայացնող Էրիկը, Լիլուն, Ջուսը, Արփինեն, Նելլին, Անուշիկ եւ Արեւիկ Ալավերդյանները, Աստղիկ Սաֆարյանը, Վարդան Բադալյանը, ով անգլերեն է սովորել հենց Կարեն Գրիգորյանի երգի շնորհիվ:): Համերգը բարեգործական էր. երաժիշտները մանկատներին են աջակցում:
Երեկոյի ընթացքում երգերի պրեմիերաներ տեղի ունեցան, ինչպես նաեւ նոր ձայնասկավառակից մի քանի ստեղծագործություն հնչեց: “White Illusions”-ում գործիքային 12 կատարում է ընդգրկված: Կարեն Գրիգորյանի խոսքերով, “Տեսիլքներ”-ի գաղափարը վաղուց է եղել, սակայն ամեն ինչ իր ժամանակն ունի: Ձայնասկավառակը հայկական շուկայի համար չէ նախատեսված. Երեւանում միայն 100 օրինակ է ներկայացվելու, մնացածը` արտասահմանում: Նոր CD-ի շրջանակներում երգահանը համագործակցել է երաժիշտներ Արեգ Միրզոյանի, Նելլի Մանուկյանի, Արթուր Զաքյանի, Արթուր Բոբիկյանի, Կարեն Անանյանի ու էլի շատերի հետ: Ի դեպ, ձայնասկավառակում տեղ գտած լուսանկարների հեղինակը Bravo.am կայքի լուսանկարիչ Կարեն (Adriano) Հովհաննիսյանն է:):
Հաղորդավար Ժակի խոսքերով, Կարեն Գրիգորյանը միշտ սիրահարված է: Երգահանի սիրած երաժշտական ոճն R & B-ն է: Իմացանք նաեւ, որ նրա տեսիլքները սպիտակ են:): Իսկ ձայնասկավառակն այդպես անվանելու գաղափարը ծնվել է փողոցում զբոսնելիս: “Որոշել էի “Սպիտակ տեսիլքների” հիման վրա մի պատմվածք գրել ու ամեն գլուխ մի առանձին տեսիլքի նվիրել: Բայց ալարեցի ու այդ պատմությունները երաժշտության միջոցով պատմեցի: Ձայնասկավառակը մի գաղտնիք ունի. յուրաքանչյուր երգից առաջ հուշող բառեր կան, որոնք երգի տրամադրությունն են ստեղծում, բայց հիմա չեմ ասի, թե որոնք են:)”,-նշեց հեղինակը:
Համերգը եզրափակեցին Մհերն ու Սոնա Շահգելդյանը` Կարեն Գրիգորյանի հեղինակած “Give Your Hand” երգով: Այն նվիրված է ՁԻԱՀ-ի դեմ պայքարին: Մհերն ու Սոնան վաղեմի ընկերներ են, իսկ երգահան Կարեն Գրիգորյանի հետ մոտ երկու տարի առաջ են ծանոթացել: Կարենն էլ պատմել է Մհերին իր ստեղծագործական կյանքի մասին ու առաջարկել մասնակցել իր անհատական ալբոմի ձայնագրությունների աշխատանքներին:
Ի դեպ, Մհերը գաղտնիք բացեց. Սոնայի հետ պատրաստվում են երգի հիման վրա տեսահոլովակի նկարահանման աշխատանքները սկսել: Երեւի, արդեն կռահեցիք, թե ով է հանդես գալու տեսահոլովակի ռեժիսորի դերում, նույն ինքը` Կարեն Գրիգորյանը:):
Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/


×
13,885






