×


“Բլեզը”

“Բլեզը”

Վարշամը, Տաթեւը, Նարինեն՝ նոր կոմեդիայում:) Թատերական ներկայացումների աշնանային խաղաշրջանը մի շարք թատրոններ սկսել են պրեմիերաներով: “Համազգային” թատրոնն էլ նոր կոմեդիկ բեմադրությամբ՝ ֆրանսիացի գրող Կլոդ Մանյեի “Բլեզը” կատակերգությունով հոկտեմերի 1-ին եւ 2-ին ներկայացավ հանդիսատեսին: Ֆրանսիական հումորով ու հայ դերասանների խաղով կատակերգությունը 3 գործողությամբ է, մատուցված է սատիրայի, հումորի, սարկազմի միախառնությամբ: Փարիզում ապրող նկարիչ Բլեզի, նրա մոդել ընկերուհու, սպասուհի Մարիի , հարուստ հարսնացուի անվերահսկելի պատմությունը այսուհետ հասանելի է երեւանյան թատերասերներին: “Բլեզը” ներկայացմանը Կոմեդիկ ներկայացման բեմադրիչը Հրաչյա Գասպարյանն է, բեմանկարիչը՝ Դավիթ Մինասյանը, երաժշտական ձեւավորումն արել են Մարտին Վարդազարյանն ու Կարապետ Բալյանը, դերասանների իմիջով զբաղվել է Թամարա Բորոյանը: Կլոդ Մանյեի “Բլեզը” տասնյակ տարիներ ներկայացվում է աշխարհի տարբեր թատրոնների բեմերից, Հայաստանում եւս տարիներ առաջ բեմադրվել է այս գործը: Բեմադրիչ Հրաչյա Գասպարյանի կարծիքով՝ Մանյեն թատրոնի պահանջը հասկացող դրամատուրգ է, պիեսն էլ ակտուալ է առ այսօր. “Երբ այժմ սերը փոխարինված է սեքսով եւ փողով, որոշեցինք մի գործ անել իսկական սիրո մասին”: “Բլեզը” ներկայացմանը Դերերում են Վարշամ Գեւորգյանը, Տաթեւիկ Ղազարյանը, Նարինե Գրիգորյանը, Արմինե Պողոսյանը, Կարեն Խաչատրյանը, Կարինե Ջանջուղազյանը եւ ուրիշներ: Ներկայացման ընթացքում պարային փոքրիկ բեմադրություններով հանդես են գալիս դերասաններ Ստեփան Ղամբարյանն ու Ալլա Սահակյանը: Վարշամ Գեւորգյանը մինչ փորձերին պատրաստվելը պիեսին ծանոթ չի եղել, բայց ֆրանսիական կոմեդիայում խաղալն իր սրտով է եղել:).  “Սա այն ներկայացումն է, երբ ամեն ինչ կախված է դերասաններից: Կոմեդիայում խաղալն ավելի բարդ է, լրիվ նոր կերպար ես ստեղծում: Կարեւորը հանդիսատեսի շունչը, ռեակցիան ճիշտ պահին հասկանաս, որ կապը ստեղծվի, տատանումներ չլինեն: Կարծում եմ՝ ճաշակով կոմեդիա է, վստահ կարող եմ ծանոթներիս հրավիրել լավ ներկայացում նայելու, գիտեմ, որ գռեհիկ հումոր չենք անում, ինչն այսօր գերխնդիր է դարձել”: Karine Janjughazyan Դերասանը նաեւ մի գաղտնիք բացեց, նշելով, որ տանը չի սովորում իր դերերի տեքստերը, ինչից ռեժիսորները հաճախ բողոքում են. “Տեքստեր անգիր սովորել եմ միայն դպրոցում ոտանավորներ պատասխանելիս:): Դերերս այնքան եմ փորձում, մինչեւ խոսքն իմն է դառնում. միայն փորձերի միջոցով հասնում եմ այն արդյունքին, որ չափածո տեքստն էլ կարողանում եմ բեմից հնչեցնել”: Դերասանուհի Տաթեւիկ Ղազարյանը նշեց, որ տարիներ առաջ այս ներկայացումը դիտել է “Մետրո” թատրոնում ու տպավորվել է իր ավագ գործընկերների խաղով. “Կրկնակի ուրախացա, երբ իմացա, որ մեր թատրոնն էլ բեմադրելու է եւ ես ստանձնելու եմ Մարիի դերը: Ինչ սպասում էի հանդիսատեսի արձագանքից, դեռ ավելին ստացա. ոգեւորում են, ծափահարում, ծիծաղում, ինչը դերասանի համար անչափ կարեւոր է:)”, - ասաց դերասանուհին ու հավելեց, որ Մարիին մարմնավորելիս իր բնավորության գծերը փոխանցել է կերպարին. “Ինձնից տվել եմ անկեղծ սիրելու կարողությունը: Եթե սիրում եմ, ուրեմն սիրում եմ ծայրահեղ անկեղծությամբ: Իսկ իմ կերպարից կցանկանայի վերցնել այդքան միամտությունն ու մեծ հավատը”: Varsham Gevorgyan and Narine Grigoryan Գործարար ու գլամուրային մոդելի կերպարում Նարինե Գրիգորյանն իրեն առաջին անգամ էր զգում: Ինչպես նշեց դերասանուհին, դերը ստանալուց հետո պարբերաբար դիտել է մոդելների մասին ծրագրեր, նույնիսկ ցուցադրության մասնակցել, որպեսզի կարողանա դերի մեջ մտնել. “Սկզբում առանձնապես դերս չէի սիրում, այնքան էլ հետաքրքիր ու գրոտեսկային չէր:  Քանի որ ներքուստ գլամուրային կերպարիս նման չեմ, փորձել եմ սարկազմով վերաբերել դերիս”, - ասաց դերասանուհին ու ավելացրեց, որ կատակերգության ու ռոմանտիկ սիրո միաձուլումը թատերասերներին կտպավորի: Նշենք, որ “Բլեզը”  ներկայացումը “Համազգային” թատրոնի 20-րդ հոբելյանական թատերաշրջանի հերթական պրեմիերան է, որն արդեն թատրոնի խաղացանկում է: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW