“Նազենիին այսպիսին հանդիսատեսը դեռ չի տեսել”
“Իսկական կինո” դիտելու առաջարկով սեպտեմբերի 23-ին փակ դիտում էին կազմակերպել կարճամետրաժ համանուն ֆիլմի հեղինակները:):
15 րոպե տեւողությամբ “Իսկական կինո”-ն հայերի մասին է, գործողությունները տեղի են ունենում Երեւանում, կինոդահլիճի տեսարանները նկարահանվել են “Նաիրի” կինոթատրոնում, բայց պրեմիերան տեղի ունեցավ մայրաքաղաքի մյուս` “Մոսկվա” կինոթատրոնում:
“Իսկական կինո” դիտելու էին եկել կինոգործիչներ, երաժիշտներ, ռեժիսորներ, թատրոնի, հեռուստատեսության ներկայացուցիչներ, որոնցից ոմանք նաեւ նկարահանվել են էպիզոդային դերերում:
Ֆիլմի գործողությունները կատարվում են կինոդահլիճում ու էկրանին, ուր առանձին ֆիլմ է պատկերվում` ինտելեկտուալ, ռոմանտիկ հատվածով եւ կիսամարտական տեսարանով: Ռեժիսոր Հրաչյա Զաքարյանի փոխանցմամբ՝ նկարահանումները տեւել են 4 օր. “Խնդիր չենք ունեցել ժամանակ ձգձգել: Կարճ է տեւում, բայց իմաստը, կարծում եմ, հասկացվում է: Շեշտը դրված է կինոդիտողի վրա, այսինքն՝ մարդիկ ինչպես են գալիս կինո նայելու”:
Կարճամետրաժ “Իսկական կինո”-ի դերերում նկարահանվել են Աշոտ Տեր-Մաթեւոսյանը, Նազենի Հովհաննիսյանը, Գրիգոր Դանիելյանը, Արսեն Գրիգորյանը, Քրիստինա Հովակիմյանը եւ ուրիշներ: Սցենարի հեղինակն ու ռեժիսորը Հրաչյա Զաքարյանն է, բեմադրող օպերատորը՝ Նարեկ Մարտիրոսյանը: Ֆիլմի երաժշտությունը գրել է երգիչ, երգահան Հայկոն:
Ռեժիսոր Հրաչյա Զաքարյանն իր ֆիլմը բնութագրում է որպես գրոտեսկային կոմեդիա` դրամայի տարրերով. “Աշոտի հետ վաղուց եմ աշխատում, նախորդ ֆիլմիս գլխավոր հերոսը հենց ինքն էր, իսկ Նազենիին ներկայացրել եմ մի փոքր ուրիշ կերպարով, հանդիսատեսը դեռ չի տեսել նրան այսպիսին: Ֆիլմում կան դրվագներ կանացիությունը կորցրած կնոջ մասին, ռոմանտիկ տեսարաններ, այդ ամենը դիտող հանդիսատես, որոնց բաժանել ենք երեք խմբի` ինտելեկտուալների, քաղքենիների եւ կինոսիրողների”:
Նազենի Հովհաննիսյանն առաջին անգամ չի նկարահանվել կարճամետրաժ ֆիլմում, այս առաջարկն էլ ընդունել է մեծ ոգեւորությամբ. “Դերասանի համար դժվար է կարճամետրաժ ֆիլմում մի քանի րոպեում խաղալ ու բնութագրել կերպարն ամբողջովին: Ես եւ ռեժիսորը թատերական նույն միջավայրում ենք “եփվել”, բայց առաջին անգամ էինք միասին աշխատում: Եթե նորից նրա հետ աշխատելու հնարավորություն ունենամ, առանց վարանելու գլխով կնետվեմ այդ հաճելի ընթացքի մեջ”:
Աշոտ Տեր-Մաթեւոսյանն էլ հայտնեց, որ նախքան պրեմիերան հատուկ չի դիտել ֆիլմը, որ մեծ էկրանից տեսնի վերջնական արդյունքը: Ի դեպ, կինոյում դերասանի անունը հենց Աշոտ է. “Հավանեցի, կարծում եմ՝ ստացվել է”:
Նշենք, որ ֆիլմը համատեղ աշխատանք է Ազգային կինոկենտրոնի հետ, հեղինակները եւս ֆինանսական ներդրումներ են արել, բայց չեն պատրաստվում ֆիլմը կինոթատրոնում ցուցադրելով` ներդրումները ետ բերել. “Պրեմիերային այսքան մարդու ներկայությունն արդեն մեր ներդրումների լավ արդյունքն է: Քանի որ տեւողությունը շատ կարճ է, տոմսեր չենք վաճառի, մոտ ապագայում հեռուստատեսությամբ կցուցադրվի”:
“Իսկական կինո”-ի հեղինակները նպատակ ունեն ֆիլմը ներկայացնելու միջազգային կինոփառատոնների, ինչպես նշեց ռեժիսորը, առաջինը ցանկանում են մասնակցել Լոս-Անջելեսի կինոփառատոններից մեկին:
Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am/


×
27,300






