“Խճճված” պատմություններ հայ-նորվեգա-ֆրանսիական ֆիլմից Հոկտեմբերի 1-ից “Մոսկվա” կինոթատրոնում սկսվում են “Խճճված զուգահեռներ” լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի ցուցադրումները: Այս ֆիլմն ուղիղ 1 տարի առաջ երեւանյան փակ ցուցադրություն է ունեցել, բայց միայն հիմա է հայտնվել քաղաքի մեծ էկրանին: “Խճճված զուգահեռներ” հայ-նորվեգա-ֆրանսիական ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2009-ին Մոսկովյան 31-րդ միջազգային կինոփառատոնի “Հեռանկարներ” մրցույթի շրջանակում: Այնուհետեւ մասնակցել է Ռոտերդամի, Մոսկվայի, Լոս-Անջելեսի, Հյուսթընի, Սան-Պաուլոյի ու այլ միջազգային կինոփառատոնների, ինչպես նաեւ Կաննի կինոշուկային: Օրեր առաջ Լոս-Անջելեսի 13-րդ միջազգային կինոփառատոնում ստացել է “Լավագույն սցենար” մրցանակը: Դերասանական կազմը եւս միջազգային է. գլխավոր դերերում են ֆրանսահայ դերասան Սերժ Ավեդիքյանը, նորվեգացի դերասանուհի Սիրի Հելենե Մյուլլերը, ֆրանսիացի լրագրող Լորանս Ռիթերը եւ հայ երիտասարդ դերասան Սոս Ջանիբեկյանը: “Խճճված զուգահեռներ” ֆիլմն իր անվան նման “խճճված” պատմություն ունի: Այն նախորդ տարի մասնակցել է երեւանյան “Ոսկե ծիրան”-ին, որից հետո ընդհարումներ են եղել: Այդ մասին պատմում է հենց ֆիլմի ռեժիսոր Հովհաննես Գալստյանը, որը նաեւ սցենարի համահեղինակն է ու ֆիլմի պրոդյուսերներից մեկը: Հովհաննես Գալստյան. “2009 թվին Մոսկովյան միջազգային կինոփառատոնից հետո ֆիլմը մտավ ԱՊՀ լավագույն 9 ֆիլմերի ցանկի մեջ: Այդ առիթով անցած տարի ցուցադրվեց Երեւանում, բայց հիմա արդեն ցուցադրում ենք հանդիսատեսի լայն շրջանակների համար: Անցյալ տարի ՀՀ մշակույթի նախարարն էր եկել, որն անսպասելի էր ինձ համար, այս անգամ ՀՀ վարչապետին եմ հրավեր ուղարկել երկու պատճառով. Առաջինը` նա արվեստասեր մարդու իմիջ ունի, իսկ վերնախավում այդպիսիք քիչ են, որ հրավիրեմ, որովհետեւ ֆիլմն իրենց ոչինչ “չի ասի”: Երկրորդ պատճառն այն է, որ հայկական կինոյի ֆինանսավորման գլխավոր աղբյուրներից մեկը կառավարությունն է, այս ֆիլմի համար էլ որոշակի տոկոս ներդրում արվել է, երեւի վարչապետին կհետաքրքրի` իրենց տված գումարները վերջում ինչ արդյունք են ունենում: «Միջազգային շուկա դուրս գալու միակ տարբերակն է» “Խճճված զուգահեռներ”-ը հայկական կինոյի համար նոր էտապ է. ֆիլմի ֆինանսական ներդրումների 65 տոկոսը արտերկրից է` Նորվեգիայից, Նիդեռլանդներից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, մի մասն էլ Հայաստանից: Այդքան երկրից ֆինանսավորում ստանալը շատ դժվար գործ էր, դրա համար էլ ֆիլմի ստեղծման համար մոտ 5 տարի պահանջվեց: Միջազգային ֆոնդերի հետ եմ աշխատել, որոնք տարին 2 անգամ հավաք են ունենում, պետք է հասցնես մասնակցել: Մանրամասնորեն քննարկում են, կարդում սցենարը, հետո պատասխանում` “Ներողություն, դուք չեք անցել” կամ “Շնորհավորում ենք, դուք կֆինանսավորվեք մեր կողմից”: Ֆինանսավորող բոլոր կողմերը պետական կամ կինոյի աջակցության հիմնադրամներ են եղել: Նոր ու անծանոթ ռեժիսորի համար շատ-շատ դժվար է, բայց միջազգային շուկա դուրս գալու միակ տարբերակն է: Օրինակ, նորվեգացի պրոդյուսերն իր ներդրումները հետ ստանալու համար շահագրգռված էր Նորվեգիայի 20 կինոթատրոնում ցուցադրել ֆիլմը եւ այդպես շարունակ: Արդեն ցուցադրվել է 18 երկրներում: “Ասածներս “Ոսկե Ծիրանի” կողմից ընկալվել էին որպես անձնական թշնամանք” “Խճճված զուգահեռներ” ֆիլմն անցած տարի մասնակցում էր “Ոսկե Ծիրան” կինոփառատոնին, իմ աչքով տեսա, որ բավարար չափով ուշադրություն չեն դարձնում հայկական ֆիլմերին: Մենք ընդհարումներ ունեցանք, որովհետեւ սուբյեկտիվ են: Այդ փառատոնն ահռելի միջոցներ է ծախսում հայաստանյան շուկայից, բայց այդ միջոցները չեն նպաստում բուն հայկական կինեմատոգրաֆի զարգացմանն ու տարածմանը: Ես իրենց մեղադրում էի, որ հայկական ֆիլմերից միայն փառատոնի տնօրենի ֆիլմերի պրոպագանդման ուղղությամբ են միջոցներ ծախսում, մնացածներին անտեսում են: Այս տարի 2 հայկական ֆիլմ էին ընդգրկել` մտածելով, որ տեխնիկապես խնդիրը լուծված է, բայց իմ ասածն ավելի շատ գաղափարական է: Բազմաթիվ միջազգային փառատոններում իրենց տեղական ֆիլմերին շատ լուրջ ուշադրություն են դարձնում, դրական լույսի ներքո են ներկայացնում, ասուլիսները դրված են լավ ժամերին, ցուցադրությունները եւս: Կարող է Կաննի փառատոնում ցույց են տալիս, որ օբյեկտիվ են ու բոլոր ֆիլմերի հանդեպ հավասար վերաբերմունք ունեն, բայց դա էլ է ձեւական, միեւնույնն է` իրենց տեղական ֆիլմերին չափազանց մեծ ուշադրություն են դարձնում: Չունենք բավարար չափով գիտակցություն, որ այսօրվա հայկական իրականության մեջ շատ դժվարությամբ ստեղծված ֆիլմերը ներկայացնենք լավագույնս, նույն կինոդաշտում ենք գործում, պետք է մեկս մյուսին օգնենք: “Ոսկե ծիրանի” կողմից ասածներս ընկալվել էին որպես անձնական թշնամանք: Այլեւս չեմ ուզում ֆիլմերս տալ “Ոսկե Ծիրանին”, բայց այնտեղ շատ հուսադրող երիտասարդ կազմ է աշխատում, միգուցե հետո այդ երիտասարդները փոփոխություններ կանեն… “Ֆիլմն ինքն իրեն մրցանակներ է ստանում ” 2010 թվի մայիսին ֆիլմը ցուցադրվեց Կաննի միջազգային կինոշուկայում: Սա ինձ համար ամենաազդեցիկն ու կարեւորն էր: Այնտեղ փորձում էի նոր ֆիլմիս համար ֆինանսներ գտնել, ինչն ինձ հաջողվեց: 10-ից ավելի կինոփառատոնների է մասնակցել ֆիլմը, բայց ոչ բոլոր տեղերում եմ ինքս եղել, երբ ներկա չեմ լինում, ավելի լավ է ստացվում. ֆիլմն ինքն իրեն մրցանակներ է ստանում: “Ոսկե ծիրան”-ի սարսափելի ընդունելությունից հետո մտածում էի` ուրեմն ֆիլմս չարժե ուրիշ փառատոնների ներկայացնել, բայց մի քանի տեղ ներկայացնելուց հետո մնացած կինոփառատոններն իրենք են ընտրել ու ընդգրկել իրենց մրցութային ծրագրում: “Ոչ պրոֆեսիոնալ դերասանի հետ այլեւս չեմ աշխատի” Ֆիլմն այնքան շատ եմ նայել, որ էլ չեմ նայում: Տեսնում եմ բացասական կողմերը, որոնք չէին լինի, եթե նորից նկարահանեի… Առաջին հերթին պետք է նկարել պրոֆեսիոնալ դերասանների, քանի որ ոչ պրոֆեսիոնալը չի դիմանում այդ տաժանակիր աշխատանքին: Լաուրայի դերակատարը ֆրանսուհի լրագրող էր, ռեժիսորական միջամտությունները չէր հանդուրժում: Երկրորդ անգամ անծանոթ մեկին չեմ վերցնի միայն նրա համար, որ դեմքը համապատասխանում է իմ պատկերացրած կերպարին: Լավ ֆիլմը վատից տարբերվում է նրանով, որ 1 անգամ ավել է մոնտաժված: Եթե տեսնում եք` հաջող չէ ֆիլմը, մեկ անգամ էլ մոնտաժ արեք նոր տեսանկյունով, կարող է լավ ստացվի: Այնքան տարբերակներ փորձեք, մինչեւ դառնա լավ ֆիլմ: Իսկ ինձ նման աննորմալ ռեժիսորներն էկրան հանելուց հետո նորից են մոնտաժ անում: “Խճճված զուգահեռներ”-ի հետ հիմա այլեւս կոնֆլիկտ չունեմ: Այժմ աշխատում եմ 2-րդ միջազգային ֆիլմի վրա: Սցենարի վերջին տարբերակն եմ մշակում, անպայման մի քանի տարբերակ եմ գրում: Սիրային դրամա է, կոչվում է “Գաբրիել եւ Մարի”: Նկարահանումները կսկսենք հաջորդ տարի, երեւի 2-3 տարի հետո ֆիլմը պատրաստ կլինի: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Հովհաննես Գալստյանի արխիվից
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: