×


AIGEL-ի համերգը Երեւանում՝ «Слово пацана»-ի սաունդթրեքով ու 90-ականների հիթերով

«AIGEL» էլեկտրոնային հիփ-հոփ դուետը, որ վերջին շրջանում առավել հայտնի դարձավ «Слово пацана» սերիալի սաունդթրեքով՝ «Пыяла» թաթարերեն երգով, մարտի 9-ին Երեւանում հանդես եկավ մեծ մենահամերգով։ Unity Production-ի նախաձեռնությամբ «FoodPark by Downtown»-ում կազմակերպվել էր գարնան սկզբի ամենայուրօրինակ միջոցառումներից մեկը, որի ընթացքում անդերգրաունդ ոճի երաժշտությանը զուգահեռ հնչում էին նաեւ 90-ականների հիթերն ու ժամանակակից թրենդային միքսեր հայ դիջեյների կատարմամբ։


«Մենք միշտ կողմ ենք որակյալ երաժշտություն ներկայացնելուն, որը գուցե ոչ այնքան պոպուլյար է: Կարեւոր է մշակույթ ձեւավորելը, եւ այն մարդիկ, ովքեր նախկինում այսպիսի համերգների չեն եղել, իրենց համար էլ այս ոճն ավելի հոգեհարազատ ու ծանոթ կդառնա։ Փորձում ենք հաղթահարել բոլոր խնդիրները, որպեսզի արդյունքը գոհացնող լինի թե՛ մեզ համար, թե՛ հանդիսատեսի։ Կարծում եմ՝ ձեւաչափը շատ հետաքրքիր է ստացվել»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշել է պրոդյուսեր, Unity Production-ի համահիմնադիր Ալեքսանդր Մհերյանը։

Ներկաների շարքում քիչ չէին այլազգի երաժշտասերները։ Ակնհայտ էր՝ նրանք ավելի ծանոթ էին AIGEL-ի գործունեությանը, բայց շատերը եկել էին իրենց սիրելի երգը՝ «Пыяла»-ն լսելու եւ զուգահեռ խմբի մյուս գործերին ծանոթանալու, պարելու։ Շուտով համերգը սկսվեց «You’re Born» երգով, որի տեսահոլովակը 2021 թվականին Կաննի կինոփառատոնում «Արծաթե առյուծ» մրցանակին է արժանացել։ Հոլովակի թեման շարունակում է արդիական մնալ, որի շեշտադրմամբ էլ խումբը սկսեց իր ելույթը։


Ինչ վերաբերում է «Пыяла» երգին, որ կարճ ժամանակում հայտնի դարձավ սերիալի շնորհիվ, ամենալսվածներից մեկը Spotify-ում ու առաջինը՝ Shazam որոնողական համակարգում, շարունակում է սիրված ու պահանջված մնալ երաժշտական տարբեր հարթակներում։ Իրենք՝ խմբի անդամները, խոստովանում են, որ չէին սպասում այդպիսի հաջողության, եւ այն, որ իրենց երգը հայտնվել է սերիալում, մի շարք պատահականությունների արդյունք է. հստակ պայմանավորվածություն չի եղել, քանի որ երգը գրվել է շատ ավելի վաղ։ Դրանից հետո սաունդթրեքեր գրելու առաջարկներ են ստացել, եւ մեկն արդեն պատրաստ է. «Капля за каплей» երգը թողարկվել է «Внутри убийцы» սերիալի համար։


AIGEL-ը նպատակ ունի ընթացիկ տարում գրավել միջազգային բեմերը, շուտով նոր երգ կթողարկեն, որից հետո պլանավորում են մեկնել համերգային շրջագայության։ Նախատեսում են հանդես գալ Բեռլինում, բայց իրադարձություններից առաջ ընկնելու միտք չունեն. «Տեսնենք՝ ինչպես կստացվի. չնախատեսված շատ բաներ կարող են լինել»։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին