×


Հայկ եւ Արմեն Թութունջյանները

«Հայրս կարողանում էր մարդկանց վարակել ջազով». Արմեն Թութունջյանի 80-ամյակը կնշվի յուրօրինակ համերգով

Անվանի ջազմեն, թմբկահար, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Արմեն «Չիկո» Թութունջյանի 80-ամյակին նվիրված մեծ համերգ տեղի կունենա ապրիլի 1-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հայաստանի պետական ջազ նվագախմբի մասնակցությամբ երեկոն կրելու է «Չիկոյի ջազի ժամը» խորագիրը:

Համերգի նախաձեռնողներն են երջանկահիշատակ երաժշտի որդին՝ Հայկ Թութունջյանը, եւ ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցը, իսկ երաժշտական ղեկավարը սաքսոֆոնահար Դավիթ Մելքոնյանն է:

BRAVO.am-ին Հայկ Թութունջյանը պատմել է, որ հարվածային գործիքներ նվագելու արվեստին նվիրված համերգ անցկացնելու մտահղացում վաղուց է ունեցել: Նա նշել է, որ ելույթ են ունենալու ջազի վարպետներ Վահագն Հայրապետյանը, Մարտին Վարդազարյանը, Լեւոն Մալխասյանը եւ ուրիշներ:

«Մասնակցելու են ավագ ու երիտասարդ սերնդի թմբկահարներ, որոնք հայրիկի ուսանողներն են եղել. նրա առաջին աշակերտներից հայտնի թմբկահար Կարեն Քոչարյանը Բոստոնից է վերադարձել Հայաստան, իսկ երիտասարդ սերնդի սաներից կլինի Հերբերտ Առուստամյանը: Համերգային ծրագրում պրեմիերաներ ու նոր գործեր կան, որոնք հատուկ երեկոյի համար են գրվել, ինչպես նաեւ կհնչեն Չիկոյի հեղինակային ստեղծագործությունները հենց ջազ նվագախմբի համար: Մշակումներն անում են դաշնակահար Կարեն Գրիգորյանը եւ կոնտրաբասահար Դավիթ Գյոդակյանը»,- ասել է Հայկ Թութունջյանը:

Արմեն Թութունջյանը


Նրա խոսքով՝ համերգի օրը պատահական չի ընտրված. նախ ապրիլը ջազային ամիս է ու ամբողջ աշխարհում տեղի են ունենում տարբեր միջոցառումներ, բացի այդ էլ, ապրիլի 1-ը Հայաստանի պետական ջազ նվագախմբի ստեղծման օրն է համարվում: 1938 թվականի ապրիլի 1-ին է կոմպոզիտոր, թավջութակահար եւ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Արտեմի Այվազյանը գրանցել նվագախումբը:

Թութունջյանի համար երեկոն մեծ նշանակություն ունի, վերջին անգամ նրա հայրիկին նվիրված նման մեծ համերգ 2017 թվականին է եղել: Այս տարի Արմեն Թութունջյանը 80 տարեկան կդառնար, այդ պատճառով շատ է ցանկանում, որ տարվա ընթացում նրան նվիրված կարեւոր միջոցառումներ լինեն ու նշանավորեն երաժշտական ժառանգությունը:

«Համերգից բացի, այս տարի եւս մեկ կարեւոր իրադարձություն կլինի, որը հայրս մեծ ոգեւորությամբ կընդուներ՝ լույս կընծայենք իր հեղինակած «Ջազը Հայաստանում» գրքի  անգլերեն տարբերակը: Կյանքի վերջին 10 տարիներին նա քրտնաջան աշխատել ու գրել է գիրքը, որը 2015-ին տպագրվել է ռուսերենով, հետագայում նաեւ հայերենով հրատարակեցի: Անգլերեն գրքի տպագրությունը ոգեւորիչ իրադարձություն է, քանի որ հայկական ջազարվեստի պատմության հանրահռչակման գործում շատ կարեւոր կլինի: Նախագիծն իրականացնում է «Սարեր» մշակութային ՀԿ-ն»:

Արմեն Թութունջյանը


Թութունջյանը պատմել է, որ հոր վրա մեծ ազդեցություն է թողել ու մասնագիտության ընտրության հարցում օգնել «On the Sunny Side of the Street» երգը՝ մանուկ տարիքում լսած առաջին ջազ կատարումն էր, որը բախտորոշ դարձավ: Նույնանուն խորագրով էլ Արմեն Թութունջյանը սկսել է իր գիրքը:

«Իր հեղինակած երկու սիրելի ստեղծագործությունները՝ «Christina’s Eyes»-ը եւ մայրիկի հիշատակին գրված «Waltz for Mom»-ն առաջին անգամ են հնչելու նոր մշակումներով ու նվագախմբի կատարմամբ, այդ առումով էլ անհամբերությամբ եմ սպասում երեկոյին»,- խոստովանել է Հայկ Թութունջյանը:

Արմեն Թութունջյանը


Համարում է, որ հայրը շատերի կյանքում է իր հետքը թողել եւ օգնել մասնագիտության ընտրության հարցում: Այդ մասին բազմիցս են վկայել նրա աշակերտները, որոնք հետագայում գործընկերներն ու ընկերներն են դարձել: Նրանք խոստովանել են, որ մինչեւ Թութունջյանի հետ ծանոթությունն անգամ չեն էլ մտածել երաժիշտ դառնալու մասին. «Մի այսպիսի հատկություն ուներ՝ կարողանում էր մարդկանց վարակել ջազով: Շատերի կյանքում է մեծ դերակատարում ունեցել, ինչում էլ նրա յուրահատկությունն է: Առհասարակ, հայրս հայկական ջազում յուրահատուկ խորհրդանիշ է»:

Պատրաստեց՝ Հասմիկ Բաբայանը/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Հայկ Թութունջյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին