×


Ձեռքերի հպման անվերջ ցիկլում. Սուրեն Թադեւոսյանի «կապ» ցուցահանդեսի յուրահատկությունը

Մարդկային կապը՝ մեկ լուսանկարում․ կինոօպերատոր Սուրեն Թադեւոսյանը շարունակում է ցուցահանդեսների նոր ու հետաքրքիր ձեւաչափերի իր փնտրտուքները, եւ այս անգամ այդ փորձարկումները նրան տարել են դեպի բազմամեդիա ինստալացիա։ Պատկերի ու ձայնի համադրությամբ՝ օպտիկական պատրանքի հնարքով (RGB), ներկայացված դետալները լույսի, գույնի հարաբերման մեջ են։ Միջավայրն էլ ամբողջանում է միաժամանակ հնչող թեմատիկ երաժշտությամբ, որի հեղինակը Հայկ Կարոյին է։ «կապ» խորագրով ցուցահանդեսը բացվել է «Վարպետ» արվեստանոց-սրճարանում։

Վեց գունաշերտից բաղկացած լուսանկարը ցուցադրվում է երկու տարբերակով․ լույսի ինտենսիվությամբ այն ստատիկ պատկեր է՝ բոլոր երանգներով, իսկ մթության մեջ դրանք երեւում են առանձին-առանձին՝ միմյանց հաջորդելով։ Հատկանշական է, որ այդ շարժումն էլ պատահական հերթականությամբ չէ. սյուժե ու պատմություն ունի:


«Սա ոչ միայն տեխնիկական հնարք է, այլեւ մի կադրի պատմություն, որտեղ ձեռքերը միանում են, բաժանվում, սառում, տաքանում... Սկզբում կար սյուժեն, հետո փորձեցի հասկանալ՝ ինչպես եմ ուզում այն տեսնել, ու գտա միտքն իրագործելու երեւի թե ամենապարզ ճանապարհը՝ կադրին շարժում հաղորդել։ Ստացվեց պատմել տեսարանը, ու մտածեցի՝ ինչո՞ւ ոչ, կարելի է կիսվել մարդկանց հետ՝ տպավորություններ լսելու համար»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Սուրեն Թադեւոսյանը։

Նրա խոսքով՝ սա էքսպերիմենտ է, որի հետ կապված ավելի մեծ գաղափար ունի՝ փոքր-ինչ այլ տեմպոռիթմով, կրկին երաժշտության համադրությամբ ու կրկին Հայկ Կարոյի հետ համագործակցությամբ. «Երաժշտական մասը միշտ իրար հետ ենք արել դեռ 2019 թվականից, երբ դիմանկարների ցուցահանդես էի կազմակերպում։ Հայկը, սովորաբար, ծանոթանում է նախագծին, առաջարկում իր մտքերը, ես էլ ներկայացնում եմ իմ ցանկությունները, եւ ստացվում է հավաքել այն երգացանկը, որ կարող է համապատասխանել ցուցադրությանը։ Միտք կա նոր բան փորձելու, տեսնենք՝ ինչպես կստացվի»։


Սուրեն Թադեւոսյանի ցուցահանդեսը «Վարպետ»-ում բաց կլինի մինչեւ մարտի 20-ը։ Եթե ցանկանում եք կադրը շարժման մեջ տեսնել, ապա դիտելու գնացեք երեկոյան ժամերին, երբ տարածքում կատարյալ մթություն կլինի։ Այդպիսով կկարողանաք տեսնել մարդկային կապի, հպման ազդեցություններն անվերջ շրջապտույտում։

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին