×


«Չցուցադրված նկարը մեռած նկար է»․ Աբգար Խաչատրյան

«Պապերս ծաղկող են եղել»` այ այստեղից է սկսվում Աբգար Խաչատրյանի պատմությունը։

Դավադրաբար սպանվել են այն շրջանում, երբ հոգեւոր ամեն բան կորցնում էր իր գոյությունը։ Եկեղեցին, որտեղ ծառայել են, քանդվում, սակայն տարիներ անց վերակառուցվում է։ Երկու պապերն էլ թաղված են նույն եկեղեցու բակում։

Իր առաջին նկարը պոլիկլինիկա հերթական այցելության ժամանակ է նկարել. «Երբ բժիշկն իմացավ, որ հայրս նկարիչ է, հարցրեց՝ կարող եմ մի բան նկարել: Բժշկական հարցաթերթիկի վրա իր բունը փախչող մկնիկ նկարեցի, երեւի մուլտ էի տեսել, տպավորվել էր»։


Նախկինում նկարիչները, ինչպես արվեստի մյուս ներկայացուցիչները, սահմանափակ ազատություն ունեին։ Աբգարի խոսքով՝ վայրերը, որտեղ նկարում էին, ոչ թե արվեստանոցներ, այլ նկարչական արտադրամասեր էին, որտեղ Լենինին կամ Ստալինին գովերգող պլակատներ էին նկարում։

«Խորհրդային Միության փլուզումից հետո արվեստագետները սկսեցին ազատ շնչել։ Մինչեւ դա հայրս դեմ էր, ասում էր՝ ի՞նչ նկարիչ, գնացեք ուրիշ բանով զբաղվեք»։

Ինքն էլ, եղբայրն էլ նկարել սկսել են գաղտնի. «Թաքուն իջնում էինք հորս փոքր արվեստանոց, որտեղ առաստաղն այնքան ցածր էր, որ մարդը ձիգ կանգնում էր, գլուխն առաստաղին էր դիպչում։ Ինքն անգամ մոլբերտի գլուխն էր կտրել, որ կարողանա տեղավորել սենյակում։ Նստած էր նկարում։ Մի պուճուրիկ պատուհան կար, որ շատ քիչ լուսավորում էր սենյակը»։


Ասում է՝ հաճախ գողանում էին բանալին ու ներկերից վերցնում, որ թաքուն նկարեն․ «Գալիս ջղայնանում էր՝ լակոտներ, էս էլի մտել եք արվեստանո՞ց, հետո էինք հասկանում, որ նախապես թղթերն էնպես էր դասավորում, որ հասկանա՝ մտնող է եղել, թե ոչ»։

90-ականների վերջին, երբ աշխատանքի պակաս կար, Աբգարի հայրը մեկնում է Ռուսաստան, իսկ տղաները «թագավորության մեջ» մնում են մենակ. «Հիշում եմ՝ էդ տարիներին հորս ուշ էին վարձատրել, մենք էլ իր մանր-մունր գործերը վաճառել էինք արդեն, ու այնպես ստացվեց, որ մայրս ասաց՝ դուք կարող եք նկարել, հորս նկարներից դնում էր, ասում՝ փորձիր նկարել։ Առաջին անգամ փոքր նկար նկարեցի, մայրս 25 դոլարով վաճառեց. շատ էի ոգեւորվել»։


Մայրերն այդպիսին են, միշտ ոգեւորում ու քաջալերում են, եւ Աբգարի մայրն էլ հատկանշական դեր է ունեցել տղաների կյանքում. «Վախ կար, որ հայրս կգա, կբարկանա, թե ուր են ներկերը, վրձինները, էդ ժամանակ դեռ դպրոցն էլ չէինք ավարտել։ Հետո հայրս եկավ, ու որ իմացավ՝ ընտանիքն ասպետի նման փրկել ենք, հպարտանալու առիթ էր, գովեց»,- ծիծաղում է։

Եղբոր հետ Թերլեմեզյան ընդունվելու ճանապարհն այդքան էլ հարթ չէր։ Աբգարը պատմում է, որ երբ թղթերը հանձնելու ժամանակն էր, մայրը դիմում է ամուսնուն, որ տղաների հետ լինի, խնդիրներ չառաջանան, բայց ամուսինը համառում է ու չի գնում. «Ընդունելության հստակ թվաքանակ կար, ու մեկ դիմորդի տեղ էր մնացել, էդ պատճառով վեջին քննության օրը գալիս են ընթացքը ստուգելու։ Ավոն՝ եղբայրս, կանգնած է լինում, բարկանում են, թե ինչի ես կանգնել, ինքն էլ հակաճառում է, էդպես նրան կտրում են։ Հետո հայրս գալիս է, ամեն ինչ տեղն է ընկնում, երկուսս էլ ընդունվում ենք, բայց վճարովի համակարգով»։


2-րդ կուրսում ավարտական կուրսի մի քանի տղաների համար դիպլոմային աշխատանք նկարելուց հետո Աբգարը որոշում է Գեղարվեստի ակադեմիա ընդունվել, բայց այնտեղ էլ երկար չի մնում, ասում է՝ այն չէր, ինչ ինքն ուզում էր։

Արվեստանոցում մի առանձին, ավելի փոքր, խորդանոցի պես սենյակ կա, որտեղ իրար տակ բաց դարակներ են, դրանց վրա էլ՝ դարսված նկարներ։

«Նկարը ծնվում է ոչ թե էն պահին, երբ դու ավարտում ես իրեն, այլ երբ գտնում է իր հանդիսատեսին։ Ներկայացումը, երբ դեռ թղթի վրա է, ընդամենը պիես է, չցուցադրված նկարն էլ մեռած նկար է»։


Պատի նկարներից մեկը գրավեց ուշադրությունս, ու սկսեցինք դրա մասին խոսել։ Նկարիչն ասում է՝ վերնագրերի հետ խաղալ է սիրում, այնպիսի անուն է դնում, որ մտածելու տեղիք տա։ «29 արծաթ եւ գրոշներ» է կոչվում գործը։

«Սրանով փորձել եմ ինչ-որ կերպ արդարացնել Հուդային, քանի որ ի սկզբանե Հիսուսն ասում էր, որ պիտի դավաճանեն իրեն, եւ պիտի խաչվի, եւ ցանկացածը կարող էր նրա փոխարեն լինել։ Մեղքը՝ մեղք, բայց զղջումը շատ կարեւոր է։ Ինձ համար քրիստոնեության մեջ երկու կարեւոր բան կա՝ ներողամտությունը եւ զղջումը»։

Արվեստանոցում նկարներից բացի, ամեն իր, որ դրված է պահարանի գլխավերեւում կամ պատուհանագոգին, փոքրիկ պատմություն ունի, իսկ Աբգարն իր գունապնակին համապատասխան ժպիտով ու տաք թեյի ընկերակցությամբ միշտ պատրաստ է խոսել ու պատմել դրանց մասին:

Տեքստը եւ լուսանկարները՝ Անահիտ Ամիրխանյանի
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին