×


«Տնջրե». Արցախի մշակույթն ու պատմությունը ավանդական երգերով եւ պարերով ներկայացնող «ծառը»

Աշխատանքային այցով Արցախ գնացած Սարգիս Պարսամյանը չէր կարող պատկերացնել, որ այնտեղ իր սկսած պարերի դասերից հետո դրանց մասնակիցներից մի խումբ երգի եւ պարի համույթ կձեւավորի՝ այն կոչելով «Տնջրե»:

«Երեւանից մի տղա՝ Սարգիս անունով, աշխատանքային այցով եկել էր Արցախ: Հրավիրել էին, որ տեղի արվեստի դպրոցում դասավանդի: Քանի որ Արցախում ազգային պարին գրեթե ծանոթ չէինք, որոշեց, որ կարելի է ազգային պարերի սիրողական դասեր տալ»,- ասում է «Տնջրե» ավանդական երգի-պարի համույթի հիմնադիրներից Թամար Սարգսյանը:

Քանի որ ընկերներով սիրում էին ազգային պարեր, բայց գրեթե ծանոթ չեն եղել դրանց, որոշել են գնալ եւ սովորել:

«Մենք այդ դասերին վճարովի հիմունքներով էինք գնում: Հավաքվեցինք այդ սիրողական դասին եւ մեկ տարուց ավելի մասնակցեցինք դրանց: Մի օր էլ՝ նոյեմբերի 25-ին՝ Մոնթեի ծննդյան օրը, Սարգիսն ասաց՝ եկեք հերոսի ծնունդը ազգային պարերով տոնենք: Որոշեցինք կազմակերպել փոքրիկ համերգ. Պարային մի քանի համար, որոնց տիրապետում էինք, ցուցադրենք, հետո էլ կարճ դաս անենք»,- պատմում է Թամար Սարգսյանը:

Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հրապարակում՝ որպես «Արցախ» ազգային պարի նախաձեռնություն, ազգային պարերով տոնել են Մոնթեի ծնունդը: Համերգը մեծ ոգեւորություն է առաջացրել մասնակիցների շրջանում:

«Դրանից հետո գնացինք մի տեղ սրճելու, եւ հենց այդտեղ գաղափարը հղացավ՝ ինչո՞ւ Արցախում էլ չունենանք պրոֆեսիոնալ պարի խումբ»,- այդ օրվա ոգեւորությունը նորից վերապրում ու վերապատմում է Թամար Սարգսյանը:

Թամար Սարգսյանը


2013 թվականն էր: Հենց այդ ժամանակ առաջացել է համույթը ստեղծելու գաղափարը, ու հենց այդ օրվանից Թամարն ու խմբի մյուս անդամները դադարեցրել են իրենց վճարովի դասերը եւ սկսել ձեւավորվել որպես խումբ:

«Շատերն ավելացան, շատերը պակասեցին, բայց մենք դեռ շարունակում էինք գործել՝ որպես «Արցախ» պարի նախաձեռնություն: Հետո կամաց-կամաց խումբը որակապես ավելի լավացավ, եւ մենք Մշակույթի նախարարության օժանդակությամբ ձեռք բերեցինք տարազներ՝ Արցախի ավանդական տարազը եւ Սեբաստիայի տարածաշրջանի տարազները»,- ասում է Թամարը:

Ժամանակի ընթացքում համույթն ավելի լուրջ համերգային ծրագրերում է ընդգրկվել եւ դարձել «Արցախ» համույթ:

«Դրանից հետո Սարգիսը գնաց, ու խմբի ամբողջ պատասխանատվությունն ընկավ ինձ վրա, բայց մինչեւ այդ մի մեծ ձեռնարկ իրականացրինք. Արցախի Պաշտպանության բանակը որոշել էր, որ կարելի է ռազմապարեր ներառել բանակ: Առաջ Արցախի բանակում ամեն կիրակի ժամանցային-մշակութային միջոցառումներ էին լինում»,- պատմում է Թամար Սարգսյանը:

Պաշտպանության բանակը դիմել էր Արցախի Մշակույթի նախարարություն, որն էլ դիմել էր «Տնջրե» ավանդական երգի ու պարի համույթին:

«Մենք ամիսներ շարունակ զբաղվեցինք այդ գործով եւ համերգային ծրագրերով եղանք Արցախի բոլոր զորամասերում: Այդ ծրագրի առաջին փուլում էր, որ պետք է ներկայացնեինք ազգային պարերը, եւ դրանից հետո որոշներս պետք է կցվեինք զորամասերի սպայական կազմին, սովորեցնեինք պարերը, եւ իրենք արդեն դարձնեին ռազմապարերն իրենց առօրյայի մի մասը»,- ասում է Թամար Սարգսյանը:

Խումբը, որն այդ ժամանակ կոչվել է «Արցախ» համույթ, ամբողջովին իրականացրել է ծրագրի առաջին փուլը. երկու ամսից ավելի է տեւել: Թամարի խոսքով՝ արդեն որպես խումբ բավական կայացել էին ու պետք է ուսուցման փուլը սկսեին, սակայն սկսել են օգոստոսյան դեպքերը, հետո ապրիլյան պատերազմը, եւ չեն կարողացել իրականացնել:

«Մեր խմբի տղաներից շատերը զորակոչվեցին բանակ, մենք այդ ժամանակ մի քիչ թուլացանք: Հետո մեզ միացավ Մանուկը Երեւանից. ինքը «Կարին» համույթն էր վարում, եւ այդ ժամանակ որոշեցինք՝ քանի որ «Արցախ» անվանումը տարբեր կառույցներ կրում են, խմբին ուրիշ անուն տանք, որը կբնորոշի միայն մեզ»,- հիշում է Թամար Սարգսյանը:

Երկար ամիսներ համույթի համար նոր անուն են փնտրել եւ վերջում ընտրել «Տնջրե»-ն:

«Տնջրին հաստաբուն ծառ է ու նաեւ զբոսատեղի էր դարձել ե՛ւ զբոսաշրջիկների համար, ե՛ւ արցախցիների: Հսկա ծառ էր, որի բունը, ասում են, 20-30 հոգի տեղավորում էր: Համարվում էր արցախցիների եւ մեր մշակույթի խորհրդանիշը՝ դարավոր, երկարատեւ, խոր արմատներով: Ճիշտ է, այդ ծառը վառվել էր, սակայն դեռեւս շարունակում էր պահպանել իր տեսքը»,- բացատրում է Թամարը:

Տնջրի ծառը


Ծառի իրական անունը տնջրի է, բայց արցախցիներն իրենց բարբառով տնջրե են ասում, եւ հենց այդ հնչեղությոմբ էլ խմբի անունը դրել են «Տնջրե», որը բնորոշել է ե՛ւ Արցաը, ե՛ւ իրենց:

«Խումբն այդ ժամանակ ուժեղ էր, ու մենք կարողացանք մեր առաջին մենահամերգը տալ 2018 թվականի մայիսի 28-ին՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության եւ Արցախյան շարժման 30-ամյակին»,- ասում է Թամար Սարգսյանը:

Համույթն իր գործունեությունը շարունակել է մինչեւ 2020 թ.-ը: Պատերազմից հետո ցրվել է: Հետագայում խմբից շուշեցի Մարիամը նորից վերադարձել էր Արցախ եւ կարողացել նոր «Տնջրե» հավաքել:

«Հներից ընդամենը երկու հոգի կային խմբում: Ցավոք սրտի, դա էլ երկար չտեւեց»,- ասում է Թամարը:

Խումբն ինքնագործ համույթ է եղել. որեւէ ֆինանսավորում չի ստացել: Կազմակերպել են նաեւ բաց դասեր:

«Քանի որ մենք ինքնագործ էինք, եւ մեր խմբում ուսանողներ կային տարբեր հատվածներից, անընդհատ մարդիկ էինք կորցնում ինչ-ինչ պատճառներով՝ ամուսնանում էին, բանակ էին գնում եւ այլն, չենք կարողացել կայանալ: Մարատ Հարությունյանը հասարակական հիմունքներով մեզ օգնում էր երգի հարցում. ունեինք արցախյան երգեր: Միտում կար երգացանկի մեջ արցախյան բարբառով ավելի շատ երգեր ներառելու»,- այդպես էլ չիրականացված ծրագրերի մասին է պատմում Թամարը:

2023 թ.-ի բռնի տեղահանումից հետո համույթը դադարեցրել է իր գործունեությունը:

«Նոր «Տնջրե» ստեղծելու համար մի քանի խնդիր կա. առաջին հերթին՝ մոտիվացիայի պակաս, որ հավաքվենք նորից մեր պարերը պարենք: Բացի այդ, ամեն մեկը մի տեղ է գտնվում, բոլորը Երեւանում չեն, որ հեշտ լինի հավաքվել ու պարել: Եթե Երեւանում էլ են, այնքան խնդիրներ կան՝ սկսած աշխատանքից, գոյի պահպանման հարցից, որ պարելը երկրորդ պլան է մղվում»,- ցավով ասում է Թամար Սարգսյանը:

Չնայած այդ խնդիրներին՝ երբեմն քննարկում են համույթը վերակենդանացնելու հարցը: Թամար Սարգսյանը 2020 թ.-ին է տեղահանվել Արցախից. Մարտակերտի շրջանի Հովտաշեն գյուղից է եղել. «Մեր գյուղը ուղղակի հանձնվել է»:


«Քանի որ մեր համույթը հատուկ տարածք չուներ, աղջիկների տարազները հիմնականում մեզ մոտ էին լինում. եթե ակտիվ շրջան էր լինում, ամեն մեկի տարազն իր հետ էր լինում, որ հարկ եղած ժամանակ միանգամից հագնեին եւ գային պարի: Մնացած աքսեսուարներն ինձ մոտ էին, տղաներինը՝ Մանուկի մոտ, ով Շուշիում էր ապրում: Այն, ինչ ինձ մոտ էր, պահել ու բերել եմ, իսկ ինչը տղաների մոտ է եղել, ընդհուպ մեր խմբի թմբուկը, մնացել է Շուշիում»,- պատմում է Թամար Սարգսյանը:

Կպարե՞ր, եթե մի օր «Տնջրե»-ն «վերակենդանանա»՝ «Հա՛, հիմա էլ լինի, սիրով կգամ էլի»:

«Արցախ վերադառնալու եւ նոր «Տնջրե» հիմնելու հույսը միշտ էլ կա, որովհետեւ երբ հույսը մեռնում է, լիքը ուրիշ բաներ էլ են մեռնում մարդու մեջ, դրա համար գոնե խավարի մեջ էլ էլի ինչ-որ լուսավոր բաներ ենք փնտրում: Հետ հայացք նետելով պատմությանը, երբ ընդհանրապես որեւէ հույսի շող չի եղել, հանկարծ պատմությունը զարմանալի շրջադարձ է ունեցել: Դրա համար պետք է աշխատել չհուսահատվել, չթողնել գնալ երկրից»,- ասում է Թամար Սարգսյանը:

Երջանիկ Հարությունյան
Լուսանկարները՝ Թամար Սարգսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին