×


«Միայնակ մեծահասակների երջանկությունը այցելուներն են»․ Շանթ Խաչերյանի ջերմացնող ֆոտոնախագիծը

Կանադայում է ծնվել Շանթը, Մոնրեալ քաղաքում, ծնողները Սիրիայից են, Կանադա տեղափոխվել են 90-ականներին։ 2012-ի այցը Հայաստան, որն առաջինն էր, պիտի ստիպեր սիրել Հայաստանը։ Որպես կամավոր էր եկել, դպրոց պետք է վերանորոգեին Գեղադիրում, ու Հայաստանի բնության համար երկու տարի անց նորից վերադարձավ, այս անգամ արդեն 6 ամսով։

«Երկիրը տեսա, ընկերներ ձեռք բերեցի, Արցախ գնացի ու վերջիվերջո սովորեցի՝ ոնց խոսել հայերեն, ոնց վարվել ու ոնց չխաբվել, որովհետեւ խաբեբա մարդիկ հանդիպեցին երկրում, բայց, միեւնույնն է, ավելի շատ լավը կար, քան՝ վատը»:

Շանթ Խաչերյանը


Անընդհատ գնում ու գալիս էր Շանթը, հայրենիքում լինելու ցանկությունը հանգիստ չէր տալիս, այդ իսկ պատճառով 2017-ից տեղափոխվեց Հայաստանում բնակվելու։ Ընթացքում էլի գնալ-գալ կար, բայց երբ Արցախյան պատերազմը սկսվեց, սրտին կանչ եղավ ու, առաջին օդանավը նստելով, եկավ Հայաստան։

«Մնացի այստեղ, սկսեցի աշխատել որպես վիդեոլրագրող, որպեսզի այդ ձեւով գոնե կարողանամ երկրիս օգուտ տալ, չկարողացա գնալ Արցախ պատերազմի ժամանակ, բայց նյութեր էի գրում, ներկայացնում երկրի վիճակը»:

Պատերազմի ընթացքում Ստեփանակերտի երաժշտական քոլեջի աշակերտների հետ է անցկացրել ժամանակը, որոնք տեղահանման պատճառով Երեւանում էին գտնվում. հավաքվում էին ու երգում։ Շանթը նրանց նկարում էր, փորձում սփոփել ու մեկի համար երգի տեսահոլովակ է նկարել, որը այդ օրերին շատ էր ուրախացրել երիտասարդներին։

«Պատերազմի ավարտից հետո այլազգի լրագրողների հետ գնացինք Արցախ՝ Դադիվանք, Ստեփանակերտ, հասանք մինչեւ Շուշիի ճանապարհը, թուրքերի դիակները նկարեցինք ու հետ եկանք։ Այս դեպքը դարձավ իմ աշխատանքի սկիզբը, սկսեցի օտարերկրացի լրագրողների հետ գնալ որոշ տեղանքներ, նաեւ լեզուն թարգմանել իրենց համար»։


Ուկրաինայի ու Ռուսաստանի պատերազմի ֆոտո-վիդեո նկարահանումներ է արել, հետո Իսրայել գնացել, այնուհետեւ՝ Պաղեստին. «Պատերազմների ազդեցությունը բացասական էր, ու ուսերիս վրա շատ էի զգում այդ տխրության բեռը։ Ու հավասարակշռությունը գտա Կոռնիձորում։ Պետք էր երկրում տիրող վիճակի մասին բացասականը ցույց տալուց բացի, նաեւ ցույց տալ դրականը»։

Հարց ու փորձ է արել, թե ով է ամենամեծահասակը Կոռնիձորում, ու գյուղացիները Շանթին տարել են Ելենա տատու մոտ, ով 93 տարեկան է։ Վաղուց միտք ուներ մեծահասակների նկարելու, բայց տատիկին համոզելը դժվար է ստացվել: Խոստացել է, որ նկարելուց հետո մեծացնելու ու տպելու է նկարը, վերադառնա ու նվիրի տատիկին։


«Համոզվեց Ելենա տատիկը, նկարեցի, Երեւանում մեծ չափսերով տպեցի նկարն ու նվիրեցի տատիկին։ Այդ ընթացքն էլ տեսանկարահանեցի ու տեղադրեցի սոցիալական հարթակներումս։ Գիտեի, որ սիրելու են։ Ամենաստացված նկարներն ինձ համար այն տատիկներինն են, ովքեր տարազով են, բայց շատ քիչ են տարազ կրող կանայք։ Նկարելիս հեռու չեմ տանում տատիկներին, որ հանկարծ չհոգնեն, միայն խնդրում եմ բակ դուրս գալ, որ բնության հետ նկարեմ»։

Հասմիկի մասին Շանթն ուզում է վավերագրական ֆիլմ նկարահանել։ 71 տարեկան է տատիկը ու ուզում է խանութ-սրահ բացել, որտեղ պատրաստվում է տարազներ կարել ու վաճառել։

Հասմիկին ու նկարվող մյուս մեծահասակներին Շանթը պարտադիր հարցնում է, թե որն է իրենց կյանքի ամենամեծ հպարտությունը, ու մեծամասնությունն ասում է, որ իրենց ընտանիքն ու շրջապատն են իրենց հպարտությունը:

«Բոլոր հերոսներից միայն Գառնիկ պապին է եղել, որ միայնակ է: Եթե ընտանիքի հետ են, ապա երջանիկ են, եթե մենակ են՝ իրենց երջանկությունն այն այցելուներն են, որոնք երբեմն գալիս են հյուր»։


Անցկացրած փոքրիկ հարցազրույցները Շանթը տեղադրում է հրապարակվող նկարների նկարագրության բաժնում, որ հետեւորդներն էլ նրանց պատմություններին ծանոթանան։

Շանթի համար մեծահասակներին նկարելը սովորական աշխատանք է դարձել։ Ընտրում է գյուղեր, այցելում համայնքապետարան ու թույլտվություն ստանալուն պես հյուր է գնում ապագա հերոսներին։ Բարձր է ընտրել տարիքային շեմը, որը, իրականում, բարդացնում է աշխատանքը։ Ցավով է հայտնում, որ այդքան էլ շատ չեն 85-ն անց մեծահասակները։


«Նախավերջինը, որոնց նկարները հրապարակել եմ, շատ հետաքրքիր զույգ է։ Պապիկը կողմ էր նկարվելուն, իսկ տատիկն ասում էր՝ «Լավ չեմ երեւում, ինչո՞ւ ենք նկարվում», բայց «ոչ» չէր ասում, հետո համոզեցի, ու կողք կողքի կանգնեցրինք, ասացի՝ դե, սեր ցույց տվեք, ձեռք բռնեք։ Շատ բարդ եկանք «սեր ցույց տալու» պահին. կինը բութ մատով վզի վրայով գիծ էր քաշում, ծիծաղելով սպառնում էր ամուսնուն, անընդհատ կրկնում էր, որ չի սիրում, բայց մի րոպե անգամ հեռու չէր գնում, վերջիվերջո, արդեն 63 տարի է, ինչ միասին են ապրում։ Տպված նկարները նվիրելիս էլ տատիկը բողոքեց, ասաց՝ «էս ինչ գեշ ես հանել ինձ, շատ ծեր եմ երեւում», բայց միեւնույն ժամանակ գնաց ամուսնուն քնից հանելու ու նկարները ցույց տալու»։


Շանթը հավելեց, որ բոլորը նույնն են կրկնում, բողոքում են, որ ծեր են երեւում, բայց նաեւ ուրախանում են նկարները ստանալիս ու շնորհակալություն հայտնում։

Տեքստը՝ Միլենա Սարգսյանի
Լուսանկարները՝ Շանթ Խաչերյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին