×


Գրիշա Աղախանյան

Գրիշա Աղախանյան

Ոնց որ “ձուկը ջրում” Գրիշա Աղախանյանը եկել է Լոս Անջելեսից ու նորից սկսել Հայաստանում թաքնված տաղանդներ փնտրել: Բացի տաղանդներից էլ ինչ է գտել, փնտրեք Bravo.am-ի հետ նրա զրույցում: Grisha Aghaxanyan - Ի՞նչ  լավ բան է եղել այս 20 օրվա ընթացքում: - Առաջինը` մամային եմ հանդիպել, որ տարին մեկ եմ տեսնում: Բարեկամներին... Ի դեպ, ասեմ, որ Ամերիկայում ոչ մի բարեկամ չունեմ, բոլորը` եղբայրներ, քույրեր, այստեղ են: Այս 20 օրն ինձ շատ լավ եմ զգում: - Իսկ վատ բան չի՞ եղել: - Բացարձակ ոչ մի բան: Նյարդայնանալը մի երկու ամիս հետո է սկսում:): - Ինչքա՞ն ժամանակով ես եկել: Կհասցնե՞ս նյարդայնանալ: - Երեք ամիս 20 օրով: Մինչեւ հունիսի… Եկել եմ “Թաքնված տաղանդ” նախագծի համար: Իսկ դրա եզրափակիչ փուլը լինելու է հունիսի 9-ին: Ամսի 11-ին կգնամ երեւի: Նախորդ կիրակի առաջին եթերն եղավ: Կսկսենք օրագրերը ցուցադրել… Grisha Aghaxanyan -Ինչո՞ւ որոշեցիր թաքնված տաղանդներին բացահայտել: - ԱՄՆ-ում աշխատում եմ ARTN-ում (Armenian-Russian Television Network), հիմնադիրը Ռոբերտ Օգլախչյանն է: Համագործակցում ենք “Շանթ” հեռուստաընկերության հետ: Արդեն անվանումն էլ դարձել է “ARTN SHANT”: - Ի՞նչ պաշտոն ես այնտեղ զբաղեցնում: - Պրոդյուսերներից մեկն եմ: Ունեմ նաեւ իմ ծրագրերը: Հայաստանի “Շանթ”-ն էլ ինձ մի տարի առաջ հրավիրեց վարելու “Թաքնված տաղանդը”: Ես էլ մեծ սիրով… - Թաքնված  հայերին ենք բացահայտում:): - Հա, բացահայտում ենք: Ընթացքն էլ է դուր գալիս: Բավական շոուներ եմ վարել, սա իմ ամենասիրելի նախագծերից մեկն է, որովհետեւ որպես հաղորդավար շատ լավ եմ զգում: Այս ֆորմատը շատ հոգեհարազատ է ինձ: Ոնց որ “ձուկը ջրում” լինեմ: Մարդ կա` ուղիղ եթերներ է սիրում, ինձ դուր է գալիս ժողովրդի հետ շփումը, հումորը, ամենակարեւորը, որ մասնակիցների կողմից եմ. դրա մեջ լիքը լավ, բարի բաներ կա: Grisha Aghaxanyan - Էլ  ինչու՞մ  ես քեզ “ձուկը ջրում” զգում: - Վայ, ամեն ինչում: Եթե հաղորդավար լինելու մասին է խոսքը, երեւի արդեն մի տասնհինգ շոու վարել եմ: Մեկ էլ ինչո՞ւ եմ լավ զգում. քանի որ դերասանություն ենք մեկ-մեկ անում, չմոռանանք, որ “Մետրո” թատրոնի հիմնադիրներից մեկն եմ: Այսինքն, առաջնահերթ ինձ հրապուրել, գերել է դերասանությունը: Հետո “Երգի թատրոն” եւ այլն: Եթե անկեղծ լինենք, երեւի ավելի շատ դերասանությունն է ինձ դուր գալիս: Մեծ սիրով կաշխատեի թատրոններում: - Իսկ դու էլի տաղանդ ունե՞ս, որ դեռ թաքնված է: - Հա, բացահայտում ենք, այն է ցավալի, որ միանշանակ լիքը տաղանդավոր մարդիկ ունենք, որոնք չեն մասնակցում: Դա մեր կոմպլեքսներից է: Չհամեմատվենք Ռուսաստանի, ԱՄՆ-ի հետ, այնտեղ էլ այս ֆորմատը կա, տոկոսային հարաբերությամբ այնտեղ տաղանդավոր մարդիկ ավելի շատ են մասնակցում: Խնդիրն էն է, որ ասում են` “վայ, դե ամոթ է, ի՞նչ դուրս գամ, կապիկություն անեմ”, իսկ ռուսներն ու ամերիկացիներն այդ խնդիրը չունեն, բեմ դուրս կգա, կպարի էլ, “ստոյկա” էլ կտա: Grisha Aghaxanyan -Այդ առումով հայ չե՞ս: - Գիտես, ամբողջ կյանքում Հայաստանում բավական դժվար է եղել, այդ բարդույթը միշտ կա, բայց երեւի բոլորն են ասում, որ ես կոմպլեքսավորված չեմ: Ինձ վրա բավական շատ աշխատել եմ, որ այդ կոմպլեքսները չլինեն: Բայց անկախ քեզնից մենթալիտետով, ամեն ինչով այստեղի մարդ ես ու այդ բաները ունես: Դա շատ է խանգարում բեմի մարդուն: Կարող է շատ տաղանդավոր լինել, բայց բարդույթները չեն թողնում մաքսիմալ բացահայտվել: Շատ հաճախ եմ լինում Մոսկվայում նման ներկայացումների ու ապշում եմ. բաց, անկաշկանդ, ոնց կան, այդպես էլ ելույթ են ունենում, ազատ, պարզ: Ոչ պակաս, շատ տաղանդավոր դերասաններ էլ մենք ունենք, բայց ով անգամ ասի, որ բարդույթ չունի, ունի. ինչ-որ արգելքներ կան, որ թույլ չեն տալիս մաքսիմալն անել, պահում է, որ “ձուկը ջրում” չլինեն, խնդիր է: - Նորից նախորդ հարցից առաջ տված հարցս կրկնեմ:). իսկ դու էլի տաղանդ ունե՞ս, որ դեռ թաքնված է: - :) Չգիտեմ, ինձ չի թվում, որ հատուկ տաղանդ ունեմ թաքնված, ինչ որ կա, արդեն երեւում է: Ամեն ինչ էլ արել եմ, դա էլ է ամոթ: Մարդ մի բան պետք է անի, ես էլ դերասանություն, երգել, ատամնաբուժություն, էլ չեմ ասում, որ երբ հայտնի չլինեմ, գոնե քաղցած չեմ մեռնի: Մամային ասում եմ` գոնե ատամ կբուժեմ: Grisha Aghaxanyan - Որպես ատամնաբույժ աշխատե՞լ ես: Քո ատամներն առո՞ղջ են:) : - Հա, ոչինչ: Երեք տարի աշխատել եմ: Բայց ասեմ, որ բազմաթիվ “աստղերի” ատամներ եմ բուժել, ու լավ է` չեն բողոքում: - Ո՞ւմ ատամներն են ձեռքդ ընկել: - Օրինակ, Արամոյի ատամները բուժել եմ ու բավական լավ: Ատամը չկա, բայց պլոմբը մնացել է :): - Իսկ ի՞նչ բարդույթներ ես հաղթահարել: - Միանշանակ չեմ կարող ասել, Լիլիթ ջան: Երեւի ընդհանուր բան է: Սովետի ժամանակ ավելի շատ էր, հիմա երիտասարդներն ավելի ազատ, անկեղծ ու բաց են: Չնայած էլի ինչ-որ բաներ կան: Աղջիկների դեպքում էլ չեմ ասում. շատ ավելի շատ: Միանշանակ խանգարում է դա: Բազմիցս ասել եմ, բացի տաղանդից հմայք է պետք, որ ոչ մի համալսարանում չեն սովորում, եւ մակարդակ է պետք: Որը, եթե էլի անկեղծ, չկա, շատ քիչ է: Grisha Aghaxanyan -Էլի սարսափո՞ւմ ես  հայ երիտասարդներից: - Ընդհանրապես, հա: Բոլորն էլ ասում են, որ մեր ժամանակ (Գրիշա Աղախանյանը 1968 թվականի մարտի հինգին է ծնվել - Bravo.am) ավելի կարդացած ու արժեքներ ունեցող ենք եղել: Հիմա սրճարաններում, որ նայում ես` ոնց են խոսում, դե տոկոսային հարաբերությամբ, լավ երեխեք կան: Մեկ-մեկ այնպիսի խոսակցություններ եմ լսում աղջիկներից, որ ես տղա հալով այդպես չեմ արտահայտվում: Չգիտեմ` դա ում է դուր գալիս: Գռեհիկ խոսելը ժամանակներ փոխվելու հետ կապ չունի: Երեկ տեսնում եմ մի տղա հո հավեսով չի ծեծում մի աղջկա, աղջկա դուրն էլ գալիս էր: Երեւի ասում էր` “հա, լավ, վաայ, թող դաստիարակի”: Նորմալ աննորմալ երեւույթ է: - Այնպես ես խոսում… - Չէ, բիձայի նման չեմ խոսում: Ես ռեփ էլ եմ անում, կարող է ինձ թույլ տամ` ինչ-որ բան էլ ավել անել: Առաջին հերթին կարեւոր է` ոնց ես անում: Մեր սերունդն ավելի հարգանքով էր: - Խեղդվում էիր Հայաստանում, դրա համար գնացի՞ր Միացյալ Նահանգներ: - Ի դեպ, ես չէի խեղդվում: 2000 թվականին մեծ հեղինակություն ունեի այստեղ, փողն էլ էր նորմալ, հետո Լոս Անջելեսում համերգ եղավ` “Նոր հայեր”, այնպես ստացվեց` ինձ առաջարկեցին մնալ: Այն մարդկանցից չէի, որ “վաայ, Ամերիկա…”: “Գրին քարտն” էլ ստացա “էքստրաօրդինար”, որպես աստղ: Ասացին` “գիտեք, նման բան երեք-չորս տարին մեկ է լինում”: Grisha Aghaxanyan - Սիրո՞ւմ ես, երբ “աստղ” են  ասում: - Չէ, “աստղ” կարող եմ ընդունել, բայց չեմ ընդունում աստղային հիվանդությամբ տառապող մարդկանց, որ էլի 99 տոկոս կա: Ես արվեստը շատ սիրում եմ ու փորձել եմ, լինելով արվեստի մեջ, միաժամանակ հեռու լինել Էդ աստղային հիվանդությունից, բամբասանքից, նախանձից: Գարիկ Մարտիրոսյանին շատ եմ սիրում-հարգում, “Top 10 of rabiz”-ի առաջին երեք նախագծերում եղել է` 1998-2000 թվերին: Ամենավառ դեմքերից է ու շատ համեստ անձնավորություն, որ ինձ համար շատ կարեւոր է: ԱՄՆ-ում էլ լիքը համաշխարհային աստղերի հետ եմ հանդիպել, շատ համեստ են. Ռեյ Չարլզը, Սթիվի Ուանդերը: Համերգից հետո մտել ենք ետնաբեմ, Սթիվիի երգերն ենք երգում, ինքն էլ` շատ համեստ, անմիջական, շատ պարզ ու հասարակ: Էլի գալիս ես այն եզրակացության` ինչքան բարձր, այնքան համեստ ու հակառակը` մարդ ինչքան իրենից բան չի ներկայացնում, այնքան ավելի շատ է հաբրգում, այդպես էլ կգրես, ինքնահաստատման ինչ-որ ձեւ է` թիթիզ բաներով, ինձ համար դա խնդալու է: - Դատարկ տեղն է զնգում հիմնականում, ո՞ւմ ես համարում ոչ դատարկ ու տեղին “զնգացող”: - Միանշանակ, կան, անուններ չեմ ուզում տալ: Ինձ շատ հոգեհարազատ է մեր սերունդը` Շուշան Պետրոսյան, Արամո. միասին ենք անցել “Երգի թատրոնի” ուղին, իրոք վառ, տաղանդավոր երեխեք էին, ամեն մեկը մի գույնի: Հիմա էլ կան լավերը, ես նրանցից չեմ, որ բոլորին փնովում է, լավ բաներ էլ կան: Ես եմ ժամանակին առաջինը Հայաստանում ռեփ երգել` 1991 թվականին, որ չկար նման բան, բայց չի նշանակում` զգալով, որ պառավում եմ, այսօրվա ռեփ երգողներին պետք է ասեմ` լավը չեն: Լավն է. նույն Միշոն կամ տղերքը, որ տեսնում եմ, իրենց տեսակի մեջ լավն են: Հետո մենք էլ պետք է ընդունենք, որ ռաբիզ, ռոք, ամեն ինչ էլ կա, պետք է փորձել գնահատական տալ: Ես ռոք չեմ սիրում, բայց եթե լսեմ, ինչքան հասկանում եմ, կգնահատեմ այս կամ այն երգը: Բավական մոտ եմ մաեստրո Օրբելյանի հետ. մեծություն է, ում պետք է հարգել, ես նման մարդկանց տեսնում եմ, փշաքաղվում եմ: Վերջին անգամ գալուցս նա  ասաց` ““Հիսուն տարիդ” ինչ լավն էր, Գրիշա, շատ եմ հավանել”: Ասում եմ` մաեստրո, ամոթ է: Ասաց չէ` լավ ճաշակով արված է: - “Top 10 of rabiz”-ի նոր ձայնասկավառակ կլինի՞: - Քանի որ ցրվել ենք, ես Լոսում եմ, Հայկոն հեսա ամուսնանում է… ուզում եմ ասել` ամեն մեկն իրենով է: Սինգլների տեսքով եմ թողարկում` “Պատրոն դաշ”, “Իմ ախպերս”, պետք է գամ, մի տարի մնամ, որ 10 երգ պատրաստենք, հնարավոր է: Grisha Aghaxanyan and Konstantin Orbelyan - Քո “ախպերներն” ովքե՞ր են:): - Մի հարազատ եղբայր ունեմ, 8 տարի ինձնից փոքր է, Մոսկվայում է, էլի ատամնաբույժ. ինձնից բան չստացվեց, ինքը լավ ատամնաբույժ է: Շրջապատը դե կա, պարզ է: Այստեղ էլ, Լոս Անջելեսում էլ, լավ բան է, առանց դրա չի լինի: Չնայած ամերիկացիների մոտ էդ հասկացությունը չկա` մի հատ չգնա՞նք խմենք: - Կոնյակ չես սիրո՞ւմ: - Օղի եմ սիրում, Խորհրդային Միության ժամանակ այդպես էր. Նոր տարի, քեֆ, կապ չունի, եթե խմիչքի մասին է` օղի: Կոնյակ էլ եմ խմում, բայց ավելի շատ օղի: - Նոր սինգլդ ե՞րբ կլինի: - “Իմ ախպերս” նոր է, երեւի մյուս տարի: Էլվինա Մակարյանի հետ երգ ունեի` դուետ: Ինձ համար մեծ պատիվ էր, ասում եմ` ամոթ է, երգիչ չեմ, ու մանավանդ իր կողքին…  Շատ լավ դուետ է: Երգը “Սերն Աստծո” է կոչվում: Ցավոք սրտի, Էլվինան չկա, մտածում ենք` ինչ լուծում տալ տեսահոլովակին: - Ամենասիրելի ռաբիզ երգիչը: - Չկա, չեմ սիրում ռաբիզ: Լավ քեֆ եմ անում, պարում, խմում, բայց չեմ լսի կյանքում առանձին: Բայց նորմալ եմ վերաբերում, բազմաթիվ ընկերներ ունեմ այդ ասպարեզից, բայց ոճը չեմ սիրում: Ջազ եմ սիրում, ջազ-ռոք, սոուլ: Բայց էն մարդկանցից չեմ, որ ասում են` “յախք, ռաբիզը ինձ չի սազում…”: - Ֆիլմում ես խաղալո՞ւ: - “Շանթ” TV-ն երկու նոր սերիալ է նկարահանելու: Ինձ թվում է` ինչ-որ բան կառաջարկեն: Ինչպես “Որոգայթի” դեպքում, Միացյալ Նահանգներում հատվածներ կնկարահանենք, կուղարկենք: - Մենա՞կ ես: - Միացյալ Նահանգները հավասար շանսեր է տալիս կանանց եւ տղամարդկանց: Երեւանում կինն ամուսնանում է, արդեն տուն, օջախ, ամուսնու կողքին նստած: Շատ դեպքերում համակերպվում, ապրում են: Այնտեղ դիմանալու բան չկա, շատ արագ ոտքի ես կանգնում, եւ անգամ ինչ-որ փոքր բան բերում է բաժանման: Կինը կախում չունի. աշխատանք, մեքենա կունենա, կասի` ամուսին պետք էլ չի: Այնտեղ բավական ընկերներ ունեմ, շատերը կամ բաժանվել են, կամ բաժանվածի հաշիվ է: Ենթադրում եմ` պետության մեխանիզմն է ազդում: Բայց ես տնական մարդ եմ, թեեւ իմիջիցս թվում է` այդպես չէ: 16-20 տարեկան չեմ, ձգտում ես կողքիդ նորմալ մարդ ունենալ. կլինի կինդ կամ girlfriend, ում հետ կուզես ապրել, սիրել: - Մի նորություն էլ ասա, ավարտենք զրույցը: - Լոս Անջելեսում ենք ուզում նոր նախագիծ բացել` Comedy Club: Գաղափարներ կան շատ… Գոհ եմ, եթե այսպես շարունակվի, գնալ-գալը լինի, լավ կլինի… Զրուցեց Լիլիթ Բաբայանը /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/  եւ Գրիշա Աղախանյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW