×


«Օրրան»

«Օրրան»

Բարեգործական ընթրիք կամ նվիրատվությունների երեկո «Օրրան» բարեգործական կենտրոնը 5-րդ տարին անընդմեջ օգոստոս ամսին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում իրականացնում է «Օրրանի մեկամսյակ» միջոցառումների շարքը: Այդ միջոցառումների շրջանակում կազմակերպվում է նաեւ «Օրրանի» բարեգործական ընթրիքը, որի մասնակիցներն իրենց ներդրումներն ու նվիրատվություններն են անում: Orran Օգոստոսի 20-ին հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կայացավ այս տարվա բարեգործական ընթրիքը, որին ներկա էին դիվանագետներ, քաղաքական ու մշակութային գործիչներ, երաժիշտներ, գործարարներ, սփյուռքահայ բարերարներ եւ այլք: Երեկոն վարում էին Քրիստինե Պեպելյանն ու Կարին Հովհաննիսյանը` Արմինե Հովհաննիսյանի որդին: Ներկա հյուրերը «Օրրանի» երեխաների հետ տերունական աղոթքն ասացին, երեխաները երգեցին «Զմփիկ, Զմփիկ, Զարինա» երգը, ապա ելույթ ունեցավ  ԵՊՀ-ի պարի խումբը: «Օրրանի» սաները մի քանի օրում էին պատրաստել իրենց երաժշտական համարը, բացի այդ, իրենց ձեռքով պատրաստած զարդերն ու հուշանվերներն էին բերել վաճառքի. «Մաքրամեի, կավագործության, ուլունքագործության դասերին տարբեր բաներ ենք սարքում, օրինակ, իմ պատրաստած վզնոցն ու թեւնոցը արդեն գնել են», - ասաց Մարին: Karen Hovhannisyan & Qristine Pepelyan «Մեր «Օրրանը» ամեն տարվա սեպտեմբերին դպրոցական հագուստ, պայուսակ, գրենական պիտույքներ է գնում մեզ համար: Եթե դպրոցում խնդիրներ ենք ունենում, մեր այստեղի դասատուները գալիս են դպրոց ու օգնում մեզ: Դասերից հետո էլ գալիս ենք «Օրրան», շատ լավ է անցնում մեր օրը», - նշեցին Մարիաննան ու Արուսիկը: Երեխաները ոգեւորությամբ պատմեցին, որ հայտնի մարդիկ հաճախ են իրենց մոտ հյուրընկալվում. «Քրիստինե Պեպելյանը միշտ գալիս է, մեր ընկերն է, անցած տարի իր 10 լավագույն երգերը սկավառակով մեզ տվեց, նաեւ իր նկարներով օրացույցը նվիրեց: Շատ ուրիշ երգիչներ ու դերասաններ էլ են գալիս, բայց դեռ ոչ մի անգամ Արամեն, Էմմին, Սիլվա Հակոբյանը չեն եկել, ուզում ենք, որ Արթուր Աբրահամն էլ գա», - ասացին նրանք: Avetis Khakahamyan & Maya Poghosyan Քրիստինե Պեպելյանը, երեկոն վարելուց բացի, հյուրերի համար կատարեց «I believe, I can fly» երգը. «Ամեն տարվա օգոստոսին Հայաստանում չեմ լինում, այս տարի բացառություն եղավ, զուգադիպեց այս օրվա հետ, բացի այն, որ ներկա գտնվեցի, նաեւ պատիվ ունեցա վարելու այս բարեգործական միջոցառումը: Փորձում եմ որեւէ կերպ օգտակար լինել երեխաներին իմ ներկայությամբ կամ գործով, որովհետեւ երեխաներն ամենախոցելի խավն են», - ասաց նա ու հավելեց. «Այսօր մի շատ գեղեցիկ ոսկեգույն, փոքրիկ կանաչ քարերով վզնոց ու ականջօղեր ձեռք բերեցի ու երեխաներին խոստացա, որ դա իրենք եթերով տեսնելու են: Ինձ շատ համապատասխան զարդ եմ գնել ու անպայման կրելու եմ»: Qristine Pepelyan “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը արդեն 4 տարի համագործակցում է «Օրրանի» հետ: Նրա կարծիքով, «Օրրանի» ու նման բարեգործական կենտրոնների աշխատանքի արդյունքում մուրացկան երեխաները պակասել են մեր փողոցներից. «Միշտ ասում եմ` յուրաքանչյուրիս մեջ կա երեխա, որը պետք է արթուն մնա: Եթե մտածենք լավ ընտանիքի մասին, ուրեմն պետք է սկսենք աշխատել երեխաների համար, որոնք կլինեն կրթված ու իրենց ճիշտ ճանապարհը գտած: Այդպես կունենանք առողջ ընտանիք ու առողջ երկիր, որը յուրաքանչյուրիս ցանկությունն է: Մենք հավատացինք, ուզեցինք կանգնել «Օրրանի» կողքին, իրենց հետ շարունակել այս գործն ու օժանդակել առաքելությանը»: Ralf Yirikyan “Օրրան” ցերեկային խնամքի կենտրոնի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը նշեց, որ իրենք միշտ զգում ու գնահատում են բարի մարդկանց սերն ու հոգատարությունը. «Մենք կարող ենք կորցնել մի ամբողջ սերունդ, եթե այսօր տեր չլինենք երեխաներին, չապահովենք նրանց կրթությունն ու առողջությունը: Կարծում եմ` այս հարկի տակ հավաքվել են ամենաբարի, ամենաառատաձեռն ու հոգատար մարդիկ: Ունենք բարերարներ արտասահմանից, որոշ մարդիկ էլ ամեն տարի գալիս էին, բայց այս անգամ, ցավոք, չեն եկել, բայց իրենց նվիրատվությունն ուղարկել են. հազարավոր մղոնների հեռավորության վրա նրանք մտածում են մեր երեխաների ճակատագրի մասին»: Armine Hovhannisyan Երգիչ ու երաժիշտ Արթուր Իսպիրյանը Bravo.am-ին պատմեց, որ իր կնոջ` Մադլենի միջոցով է ծանոթացել «Օրրանի» հետ, 2001 թվից ծանոթ է կազմակերպության գործունեությանը. «Մադլենը երկար ժամանակ կամավոր է աշխատել «Օրրանում», 2 տարի առաջ ինքն էր վարում բարեգործական ընթրիքը: Առանց առիթի էլ հաճախ ենք գնում, մեր արտասահմանցի ընկերներին, բարեկամներին տանում ենք «Օրրան», պատմում, որ անապահով երեխաներին ուշադրություն են դարձնում, կերակրում, ուսում տալիս: Եթե չեմ սխալվում, կենտրոնում նաեւ ամուսնության դեպքեր են լինում, հետագայում օգնում են երիտասարդ ընտանիքներին»: Artur Ispiryan «Ժառանգություն» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը «թիվն ու հաշիվը կորցրել է», թե ինչքան ժամանակ է «Օրրանի» կողքին. «Շատ լավ հիշում եմ, որ 10 տարի առաջ «Օրրանի» հիմքը դրվեց մեկսենյականոց բնակարանով, ուր մի քանի երեխա դաս էին սովորում, ճաշում էին, իրենց օրն էին անցկացնում: Արմինեն այն մարդն է, որ դիմացինի հոգսը իրենն է դարձնում, միշտ ելքը գտնում է, որ երեխաներին օգնի: Ինքս էլ եմ ոգեւորվել ու թեւավորվել: Ցանկացած բարեգործական կազմակերպություն գոյատեւելու համար տարին մեկ անգամ, գուցե ավելի հաճախ պետք է ունենա աճուրդների ու նվիրատվությունների օր, որ հսկայական ծախսերի խնդիրը կարողանա լուծի: Նման ճաշկերույթները դասական բանաձեւ են»: Anahit Baxshyan Երեկոյի երկրորդ մասը հյուրերի նվիրատվության պահն էր. «Օրրանի» սաների սննդի, մասնագիտական ուսուցման եւ հագուստի ծրագրերը հովանավորելու համար դրված էր խորհրդանշական լույսերով եղեւնի, որի ամեն լույսը «համարժեք» էր մեկ երեխայի: «Օրրանի» հաշվարկներով, մեկ երեխայի տարվա ծախսը կազմում էր 850 դոլար: Ներկաները տարբեր չափով նվիրատվություններ կատարեցին, իսկ վերջում ամենամեծ թվով` 81 երեխայի «լույս վառեց» Ռալֆ Յիրիկյանը: Նվիրատվության մասը վարում էին Նարեկ Դուրյանը եւ Ջոնաթան Սթարքը. «Երեխաները միշտ հարցնում են` որտեղից է ամեն ինչ գալիս, մեծերն էլ մտածում են` ուր է ամեն ինչ գնում: Այս պարագայում երեխաները կիմանան որտեղից է գումարը գալիս, դուք էլ կիմանաք, թե ուր է գնում», - ասաց Նարեկ Դուրյանը` հորդորելով լինել ակտիվ ու չխնայել երեխաների համար: Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/ Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին