×


Աբել Աբելյան.“Երբ տղաներս սկսեն խոսել…”

BRAVO.am-ն առաջին անգամ հյուրընկալվեց դերասաններ Աբել Աբելյանի եւ Օլյա Հակոբյանի տանը 2013 թվականին, երբ նրանց առաջնեկը` Էրիկը, 6 ամսական էր: Այսօր արդեն 6 ամսական է զույգի երկրորդ որդին` Ռոբերտը: Օրերս մենք կրկին այցելել ենք 3 տարի առաջ կազմավորված գեղեցիկ ընտանիքին, լուսանկարել եւ ականատես եղել, թե երիտասարդ ամուսիններն ինչպիսի ջերմությամբ եւ սիրով են շրջապատել իրենց երեխաներին:

Աբել Աբելյանի ընտանիքը


Օլյան չի հերքում, որ երկու փոքրիկի հետ մի փոքր դժվար է հաղթահարել բոլոր հոգսերը, բայց հպարտ է, որ ստացվում է: Նա խոստովանել է, որ մինչեւ ամուսնուն հանդիպելը հստակ որոշում է ունեցել տեւական ժամանակ բացառապես նվիրվել աշխատանքին, սակայն սերն իր կանոններն ունի.“Պլաններս ինքնըստինքյան փոխվեցին, բայց այսօր, իհարկե, ես ուրախ եւ գոհ եմ իմ ընտրությունից”:

Աբելն էլ շեշտել է, որ շարունակում է երազել դստեր մասին, սակայն կնոջը հասկանալով` դեռ չի շտապում իրականացնել այն.“Երազանքները մի լավ հատկություն ունեն` իրականանում են: Ոչ մոտ ապագայում, բայց հուսով եմ` անպայման աղջիկ կունենամ”:

Աբելի եւ Օլյայի ավագ որդին` Էրիկը


Ինչպես Էրիկի, այնպես էլ կրտսեր որդու` Ռոբերտի անվան ընտրության հարցում զույգը բավական երկար է մտածել, քննարկումները թեժ են եղել, բայց ի վերջո փոխհամաձայնության են եկել.“Հետեւել ենք մեր սրտին եւ ոչ թե բանականությանը: Երեխային անուն ընտրելն ամբողջությամբ հույզ է: Մեզ համար մեր փոքրիկների անունները լուսավոր են, եւ տա Աստված, որ իրենց կյանքն էլ նույնչափ լուսավոր լինի”:

Աբելն ու Օլյան ընտանեկան երջանկության հստակ բանաձեւ չեն առանձնացնում, բայց նշում են, որ լավ հարաբերությունների հիմքում փոխզիջումն է.“Մեր դեպքում լավ է ստացվում ամենաանհասկանալի պահերին իրար հասկանալը, եւ եթե այդպես շարունակվի, ապա մեր ընտանեկան երջանկությունը եւս կշարունակվի”:

Օլյա Հակոբյանը` որդու հետ


Օլյայի խոսքով` հայկական ընտանիքի իսկական օրինակ են, քանի որ ինքն է առաջինը զիջում:).“Հետաքրքիրն այն է, որ բնույթով այդքան էլ զիջող մարդ չեմ, բայց Աբելն ինձ համար ուրիշ աշխարհ է…”:

Աբելն ասում է, որ երկրորդ որդու ծնունդն իրեն այլ զգացողություններ է պարեւել. “Առաջինի դեպքում ամեն ինչ նոր էր եւ անծանոթ, փոքր խնդրից էլ անհանգստանում էինք ու վայելելուն զուգահեռ տագնապ զգում: Արդյունքում տագնապը, հաճելին ու հեքիաթայինը խառնվում էին իրար, իսկ երկրորդի դեպքում տագնապ այլեւս չկա, եւ միայն վայելելով ես մեծացնում”: Օլյան էլ հավելել է, որ Էրիկի հետ կապված ամեն բան շարունակում է իրենց համար նոր մնալ, ինչն էլ ավելի զգոն լինելու առիթ է:

Աբել Աբելյանը` որդիների հետ


Ռեժիսոր-դերասանը երեխաների դաստիարակության հարցում ունի իր հստակ դիրքորոշումը.“Ինձ շատ հարցերում կարող եմ համարել պրոֆեսիոնալ եւ բանիմաց, բայց երեխա դաստիարակելու հարցում ես անգրագետ եմ, քանի որ ընդամենը երեք տարի է` ունեմ ընտանիք:  Բայց մեկ բան հստակ գիտեմ` երբ տղաներս սկսեն խոսել, պարզապես կփորձեմ նրանց հետ ընկերություն անել”:

Զույգը որդիների համար նախընտրում է արվեստից հեռու մասնագիտություններ. “Մենք նրանց համար լուրջ որեւէ մասնագիտություն ենք պատկերացնում, թեպետ նաեւ կցանկանայինք, որ Ռոբերտը ֆուտբոլիստ դառնա”,-նշել է Օլյա Հակոբյանը:

Անդրադառնալով  աշխատանքին` Աբել Աբելյանը նշել է, որ իր հիմնադրած “Casting Scհool” հեռուստատեսության եւ ռադիոյի հաղորդավարների ուսումնական կենտրոնն արդեն 9 տարեկան է.“Ինը տարի առաջ, երբ բացվեց դպրոցը, այն ընդամենը մի փոքրիկ սենյակ էր` մեկ համակարգչով եւ շատ վատ տեսախցիկով… Այսօր արդեն ունեմ ոլորտում աշխատող բազմաթիվ շրջանավարտներ, ուրեմն կարող եմ հստակ ասել, որ նպատակներս իրականացել են”:

Տեքստը` Անուշիկ Մելքոնյանի/Bravo.am/
Լուսանկարները`  Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW