×


Անահիտ Կիրակոսյանն` ամուսնու եւ որդու հետ

Անահիտ Կիրակոսյան.“Ես չէի կարող իմ տարիքի տղամարդու հետ ապրել”

Անահիտ Կիրակոսյանն աշխատում է Երեւանի կամերային երաժշտական թատրոնում, նկարահանվում հեռուստատեսային նախագծերում, բարի լույս մաղթում “Շանթ”-ի ուղիղ եթերից: Այս ամենից զատ, 23-ամյա դերասանուհին իր ժամանակի մեծ մասը տրամադրում է ընտանիքին ու երեխաներին: Օրերս BRAVO.am-ը լուսանկարել է ամուսնական զույգին, փոքրիկ Հայկին եւ նրանց շնիկին:): Զբոսանքի համար ընտրել էինք նրանց տան բակը, սակայն մեր հյուրընկալման ժամանակ նրանց դուստրերը` 12-ամյա Լաուրան եւ 10-ամյա Աննան դպրոցում էին:

Անահիտ Կիրակոսյանը, Արտակ Սարգսյանը եւ փոքրիկ Հայկը


Երեխաների մասին

Անահիտ. Հայկը շատ է սիրում ջրի հետ խաղալ, կարդալ չգիտի, բայց “տա-տա-տա” է ասում ու գիրքը թերթում: Չգիտենք` ինչ մասնագիտություն կընտրի, ատամհատիկն էլ չենք արել, քանի որ այդ ժամանակ երեք երեխաս էլ ջրծաղիկով վարակվեցին: Օրվա ընթացքում բոլորս էլ հասցնում ենք Հայկին խնամել: Ամուսինս ինձ շատ է օգնում, այն պապաների շարքին չի դասվում, որ երեխային սիրի ու հեռուստացույց նայի: Անգամ քնեցնում է, միայն կերակրելու հարցն է ինձ վրա, եթե, իհարկե, Արտակը խնձոր կամ գաղտնի կերպով խորոված չի տալիս :): Դեռ նոր էր մեր տղան ծնվել, լուրջ նայեց ու ասաց` “Բալես, հերիք է կաթ խմես, արի գնանք խորոված ուտելու”:):

Արտակ. Երբ տանը չենք լինում, երեխային խնամում է Անահիտի մայրը, որը մանկավարժ է եւ դայակի փորձ ունի: Աղջիկներս էլ շատ լավ գլուխ են հանում:

Անահիտ. Մեր մեծ աղջիկը` Լաուրիկս, գիտի քնելու ժամը, եթե ժամը 21:00-ին օրորի, իր գրկում քնում է: Իսկ փոքր աղջիկս` Աննաս, Հայկի հետ խաղում է ու զբաղեցնում, մի խոսքով` մեզ անելու բան չի մնում: Ճիշտ է, ես չեմ լույս աշխարհ բերել աղջիկներիս, բայց երեք երեխայիս միջեւ ընդհանրապես տարբերություն չեմ դնում:

Անահիտ Կիրակոսյանն` ամուսնու եւ որդու հետ


Ընտանիքի համալրման մասին

Արտակ. Անկասկած, ուզում ենք մեր ընտանիքի անդամների թիվն ավելանա: Մենք ընկերներով որոշել ենք 2015 թվականին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, թուրքերին մեր պատասխանը տալ եւ զավակներ ունենալ:

Անահիտ. Ընտանիքում որքան շատ երեխաներ լինեն, այնքան բարություն կտիրի: Ուզում ենք, որ մեր ընտանիքում հինգ երեխա մեծանա:

Անահիտ Կիրակոսյանի եւ Արտակ Սարգսյանի որդին` Հայկը


Ամուսնության ու ասեկոսեների մասին

Անահիտ. Մենք միմյանց սիրում ենք, ոմանք հավատում են, ոմանք էլ` ոչ… Թող մտածեն` կեղծ է, սպասեն, որ կբաժանվենք, բայց մենք արդեն ամուր ընտանիք ենք: Յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում` ինչ կանոններով ապրի: Ինձ համար ծիծաղելի է, որ մարդիկ մտածում են, թե կարող էի իմ կողակցին ընտրել` ֆինանսական դրությունը հաշվի առնելով. արդեն կայացած մարդ էի, երբ Արտակին հանդիպեցի:

Արտակ. Ես միլիարդատեր չեմ, որ մտածեմ` Անահիտն ինձ հետ փողի համար է ամուսնացել, եթե նա շահով առաջնորդվեր, ավելի հարուստ մարդու հետ կյանքը կկապեր:

Անահիտ. Արտակին հանդիպելու առաջին իսկ օրվանից ունեի այն զգացողությունը, որ նա դառնալու է իմ ապագա ամուսինը: Ես իրավաբանական հարցով դիմել էի նրան, քանի որ ծանոթներիցս մեկն էր խորհուրդ տվել, Արտակը չգիտեր` ով եմ, որպես դերասան չէր ճանաչում, այդ գործնական հանդիպումից էլ նրան շատ հավանեցի: Ինձ համար 16 տարվա մեր տարիքային տարբերությունն անհանգստանալու պատճառ ու խոչընդոտ չի եղել. ո՞վ գիտի` մենք քանի տարի ենք ապրելու… Մենք ապրում ենք այսօր ու ապրում ենք երջանիկ: Արտակի հասունությունը միայն օգնում է, ես պարզապես չէի կարող իմ տարիքի տղամարդու հետ ապրել: Նա ինձ իր խորհուրդներով, կյանքի փորձով շատ է աջակցում, չեմ կարծում, որ ինձ սխալ խորհուրդ կտա, պարզապես չի սխալվում:):

Անահիտ Կիրակոսյանը` որդու` Հայկի հետ


Անահիտի մասնագիտության մասին

Արտակ. Չունեմ այն կարծրատիպը, թե բեմի մարդիկ այնքան էլ բարոյական չեն. մարդս մարդ լինի, մասնագիտությունը կապ չունի: Կարծում եմ` անցել են այդպես մտածելու ժամանակները:

Անահիտ. Օրինակ` Թատերականի աղջիկների երեւի 80 տոկոսը ծխում է, ես երբեւէ ծխախոտ բերանս չեմ դրել, որովհետեւ ինձ չեն կարողացել համոզել:

Արտակ. Ծխելը միակ բանն էր, որ կհիասթափեցներ ինձ, որովհետեւ ես էլ չեմ ծխում, հայրս ծխելու պատճառով է մահացել… Ոչ միայն աղջիկների, այլեւ տղաների ծխելուն եմ դեմ, մեր տանը մոխրաման չկա:

Անահիտ Կիրակոսյանը, Արտակ Սարգսյանը եւ փոքրիկ Հայկը


Ընտանիքի եւ աշխատանքի համատեղելիության մասին

Արտակ. Ոչ միայն դեմ չեմ, այլեւ դրական եմ վերաբերվում, երբ կինն աշխատում է. խոսքը ոչ թե գումարի, այլ հոգեկան բավարարվածության մասին է, մանավանդ կրթություն ստանալուց հետո տնային տնտեսուհի կարգավիճակում լինելն անհասկանալի է: Բացի երեխաներին խնամելուց, ինչո՞վ պետք է զբաղվի, սերիալ նայի, որտեղ ամուսինը դավաճանում է կնոջը, հետո էլ կասկածի իր ամուսնուն եւ նրա նյարդերն ուտի… Ընդ որում, սա բերում է դեգրադացիայի: Երբ պետք է ամուսնանայինք, Անահիտը պատրաստ էր իր մասնագիտությունը մի կողմ դնել, բայց նրան ասացի` “Դու կնմանվես ծաղկի, որին հողից կտրել բերել եմ տուն ու ծաղկամանի մեջ դրել, ինչքանո՞վ վստահ լինեմ, որ շուտ չես թոռոմի”:

Անահիտ. Իսկապես, հիմա երկուսս էլ ունենք մեր աշխատանքն ու հետաքրքրությունները: Արտակն իրավաբան է, աշխատում է որպես բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ, իսկ աշխատանքից հետո պարզապես վայելում ենք միմյանց ներկայությունը: Միակ դեպքը, երբ Արտակն այնքան էլ չէր ուզում, որ նկարահանվեմ, նախորդ Ամանորին էր, իսկ պատճառը շատ պարզ էր. Հայկի լույս աշխարհ գալուց դեռ հինգ օր էր անցել, եւ ես պետք է “Շանթ”-ի ամանորյա ծրագիրը վարեի, այդ դեպքում էլ հասկացավ, որ չէի կարող ձախողել ուղիղ եթերը:

Արտակ. Կնոջս մասնակցությամբ նախագծերին միշտ հետեւում եմ, բայց երբեմն չեմ հավանում: Օրինակ` սերիալային Սուսիկի կերպարը մեկնաբանելով` ասում էի, որ այդ աղջկան չէի սիրի, բայց “Գերդաստանն” ավելի հաջողված էր: Իսկ “Պահանջվում է միլիոնատեր” ֆիլմի թողարկման ժամանակ դեռ չէինք ճանաչում իրար. Անահիտին ֆիլմում տեսնելով` մտածեցի` ինչ սիրուն աղջիկ է, բայց հետո իրականում կյանքում չէի հիշել, որ նա է այդ կերպարում եղել, որովհետեւ էկրանը խաբուսիկ է, բացի այդ, մարդկանց դեմքերը չեմ կարողանում մտապահել:

Անահիտ Կիրակոսյանը` որդու` Հայկի հետ


Անահիտ. Արտակը շատ անկեղծ մարդ է, եթե իմ կերպարները կամ հաղորդումները չի հավանում, անտեղի երբեւէ չի գովաբանում:

Արտակ. Նախընտրում եմ ճիշտն ասել կամ լռել, արդեն գիտի` եթե ոչինչ չասացի, ուրեմն իր խաղը չեմ հավանել: Եթե ճաշն էլ համով չի լինում, հենց այնպես չեմ գովում:

Անահիտ. Իսկ երբ հավանում է` պատկերացրեք, թե ինչ համով եմ եփել:): Բարեբախտաբար, բորշից դեռ չի բողոքել:):

Հարցազրույցը` Լիանա Մեյթարջյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Արգինե Մինասյանի /BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին