×


Աննա Հարությունյան. “Ոչինչ հստակ չէ, բայց սրտիս հետ ամեն ինչ կարգին է”

Աննա Հարությունյանը ամիսներ առաջ BRAVO.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ պատրաստվում է ամռանն ամուսնանալ, իսկ այսօր նշել է, որ հարսանիքի օրը դեռ չգիտի.“Հիմա չեմ կարող ասել` երբ կպսակադրվենք, որովհետեւ սարսափելի զբաղված ենք: Ոչինչ հստակ չէ, բայց սրտիս հետ ամեն ինչ կարգին է”:

Աննա Հարությունյանը


24-ամյա դերասանուհին դեռ չի պատրաստվում հարսի ճերմակ զգեստ կրել, բայց պատրաստվում է օգոստոսին մեկնել հանգստի, որի պարտադիր պայման է համարում ծովի ու արեւի առկայությունը:

Աննան շուրջ երկու տարի արձակուրդ չի ունեցել եւ մտադրվել է արտերկրում` ծովափնյա որեւէ վայրում կազմակերպել իր հանգիստը.“Թե որ երկիր կմեկնենք, կախված է նաեւ վիզայից: Քանի որ ինձ համար շատ ծանրաբեռնված տարի էր` էներգիա տանող, լավագույն տարբերակը պասիվ հանգիստն է լողափին: Զարմանալի է, բայց դեռ չեմ էլ հասցրել Երեւանում արեւահարվել, ինքս դեմ չեմ երեւանյան լողավազաններին, ժամանցային վայրերին, բայց ժամանակի սղության պատճառով այս ամռան ընթացքում չեմ հաճախում”:

Աննա Հարությունյանը


Ճամփորդության մեկնելիս դերասանուհին իր հետ պարտադիր վերցնում է գիրք, խնամքի միջոցներ եւ լողազգեստ.“Անկախ նրանից, թե ուր եմ մեկնում, առաջինը մտածում եմ` ինչ գիրք վերցնել. հնարավոր է` իմ կարդացած գրքերից կամ ինձ անծանոթ հեղինակի մի ստեղծագործություն ընթերցեմ: Մեր տան գրադարանի գրքերը վաղուց կարդացել եմ, առաջ նաեւ Ավետիք Իսահակյանի անվան գրադարան էի այցելում, բայց մոտ երկու տարի է` չեմ գնում”:

Աննա Հարությունյանը


Աննայի խոսքով` նախորդ ուղեւորության ժամանակ իր հետ վերցրել էր ֆրանսիացի փիլիսոփա, էսսեիզմի հիմնադիր Միշել դը Մոնտենի գրքերից մեկը.“Այս անգամ երեւի թե կվերցնեմ Թեոդոր Դրայզերի գործերից մեկը: Երբ հոգեպես հանգիստ վիճակում եմ, սիրում եմ վերընթերցել վաղուց կարդացածս գրքերը: Ե՛ւ գրախանութից գիրք գնելը, ե՛ւ հագուստի, կոսմետիկայի խանութից օգտվելը կարող են տրամադրությունս բարձրացնել, բայց ուրախ եմ, որ առաջին տեղում հոգեւոր սնունդն է”:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի, Խանդութ Պարույրյանի եւ Աննա Հարությունյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին