×


Անուշիկ Ալավերդյան.“Շնորհակալ եմ Կարեն Մամիկոնյանին…”

Անուշիկ Ալավերդյանը եւ Կարեն Մամիկոնյանի ղեկավարած բենդը Քաթարում տեղի ունեցած համերգներից հետո շարունակում են ակումբային ելույթների շարքը երեւանյան ակումբներում: Երգչուհին ու երաժիշտները գրեթե ամեն շաբաթ հայ երաժշտասերներին են ներկայացնում սոուլ, ջազ, բլյուզ հայտնի երգերն իրենց մեկնաբանությամբ:

Արտակ Ներսիսյանը, Կարեն Մամիկոնյանի բենդն ու Անուշիկ Ալավերդյանը


BRAVO.am-ն օրերս ներկա է եղել “Ուլիխանյան” ակումբում տեղի ունեցած երեկոյին: Հանդիսատեսի թվում են եղել նաեւ Անուշիկի ընկերները` Մարին, Սուսաննա Պետրոսյանը, Սուրեն Առուստամյանը եւ այլք: Այս համերգին սաքսոֆոնահարի փոխարեն խմբին էր միացել շրթհարմոնահար Արտակ Ներսիսյանը, որի հետ էլ մի քանի երգ նորովի են մատուցել եւ իմպրովիզներ արել:

Երգչուհին իր սիրելիի` Կարեն Մամիկոնյանի բենդի հետ աշխատում է մեկ տարուց ավելի, իսկ այս ակումբում առաջին անգամ են հանդես գալիս.“Հիմնականում երեւանյան ակումբներում ենք ելույթ ունենում: Արտերկրից էլ են լինում հրավերներ. սպասում ենք ավելի հստակ առաջարկների”,-մեզ հետ զրույցում ասել է Անուշիկը` հավելելով, որ Քաթարում տեղի ունեցած 100 համերգից հետո հրավերի դեպքում կրկին սիրով կմեկնեն, քանի որ կարոտել են օտարազգի հանդիսատեսին:

Անուշիկ Ալավերդյանը սիրելիի` Կարեն Մամիկոնյանի հետ


Երկու մասից բաղկացած համերգին երգչուհին կատարել է սոուլ ու բլյուզ գործեր Էտա Ջեյմսի, Նինա Սիմոնի, Արետա Ֆրանկլինի, Բոբ Մարլիի, Ջեյմս Բրաունի երգացանկից.“Հրաշալի էր, որովհետեւ բեմում տաղանդավոր երաժիշտների հետ էի, ինչի համար շատ հպարտ եմ: Համերգներից հետո միշտ քննարկում ենք, թե ինչպես անցավ: Շնորհակալ եմ Կարեն Մամիկոնյանին, որ ինձ միշտ օգնում է իր խորհուրդներով: Այսօր զգում եմ, որ իմ արած գործով եւ ունեցածով երջանիկ եմ”:

Նա նշել է, որ առաջիկա համերգների ժամանակ միգուցե դուետներ կատարի տարբեր վոկալիստների հետ, որոնք համագործակցում են Կարեն Մամիկոնյանի բենդի հետ:

Սուսաննա Պետրոսյանը եւ Անուշիկ Ալավերդյանը


Երգչուհին հավաստիացնում է, որ երաժիշտների հետ անհամաձայնություններ չի ունենում, փորձերի ընթացքում էլ վեճեր չեն լինում.“Մենք իսկապես համերաշխ ենք ու հեշտությամբ ենք իրար հետ աշխատում. միասին ընտրում ենք երգերը եւ կարեւորը սիրում ենք այն ոճը, որը երգում ու նվագում ենք”:

Անուշիկը խմբի կազմից դուրս չի մոռանում նաեւ անհատական գործունեության մասին. շուտով կնկարահանվի տեսահոլովակ նրա հայերեն երգերից մեկի հիման վրա.“Ռեժիսորի հետ քննարկել ենք մանրամասները, միայն մնում է օրը որոշել”:

Կարեն Մամիկոնյանն ու Անուշիկ Ալավերդյանը


Նշենք, որ բենդը հանդես է եկել հետեւյալ կազմով.

Վոկալ` Անուշիկ Ալավերդյան

Դաշնամուր` Կարեն Մամիկոնյան 

Շրթհարմոն` Արտակ Ներսիսյան

Բաս-կիթառ` Էդգար Ավետիսյան

Հարվածային գործիքներ` Հակոբ Օրդակյան

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին