×


Աստղիկ Սաֆարյան.“Գալիս է կյանքի փուլ, երբ ուզում ես դուրս գալ քո շրջանակից”

Աստղիկ Սաֆարյանն ապրիլի 8-ից կրկին շնչում է երեւանյան օդը:): Նա գործնական հարցերով Իսպանիայից վերադարձել է Հայաստան, BRAVO.am-ին էլ պատմել, թե ինչ անելիքներ ունի այստեղ եւ ինչու է փոփ-ռոքից անցում կատարում փոփին:

Աստղիկ Սաֆարյանը


Երեւան եկել եմ քրոջս հետ: Ծնողներս մի քանի օրով միացան մեզ եւ մեկնեցին: Կարճ ժամանակահատվածում ուզում եմ շատ գործեր հասցնել, իսկ աշխատանքից հետո հարազատների, ընկերների հետ գնում ենք ժամանցի վայրեր: Փողոցով կարոտած քայլելն ու հայերեն խոսք լսելը շատ հաճելի է: Մեր մայրաքաղաքը, կարծես, ակվարիում լինի. բոլորն իրար ճանաչում են, գիտեն` ինչպես ու երբ, բայց դա ինձ համար տհաճ չէ, երեւանյան կոլորիտն է, տարբեր ազգերի հետ առնչվելուց հետո ավելի ջերմորեն են վերաբերվում հայկականին: 

Այս օրերին նկարահանում ենք տեսահոլովակ “Today” երգի հիման վրա, որի պրեմիերան նախատեսում ենք ամռանը: Այն իմ, Լեոն Գրիսի եւ Դիփ Դենիի երկրորդ համատեղ աշխատանք է, որն, ի ուրախություն մեզ, սիրվեց եւ առիթ դարձավ, որ մրցույթ հայտարարեմ սոցիալական ցանցերում ինձ հետեւողների համար: “Այսօր” խորագրով  երկու լավագույն աֆորիզմի հեղինակներին արդեն փոխանցել եմ իմ նորաստեղծ ապրանքանիշի առաջին նմուշներից. շապիկների վրա տպագրված են հենց նրանց մեջբերումները: Ուրախ եմ, եթե կարողացել եմ ժպիտ պարգեւել: 

Աստղիկ Սաֆարյանը ամռանը նոր տեսահոլովակ կներկայացնի

 
Շուտով կներկայացնեմ իմ ստեղծած ապրանքանիշը, որն անվանել եմ “ACO՛ by Astghik Safaryan”:  Կանանց եւ տղամարդկանց համար նախատեսված աքսեսուարներն արդեն պատրաստ են: Կան թեւնոցներ, վզնոցներ, շարֆեր, այնուհետեւ կարտադրենք հագուստ` յուրաքանչյուր նմուշից սահմանափակ քանակությամբ: Իմ մտքերն իրականացնում են փորձառու մասնագետները: Դեռ չեմ կարում, համագործակցում եմ հայ եւ իսպանացի դերձակների հետ, բայց ամեն մանրուքով ինքս եմ զբաղվում:

Ունեմ նոր համագործակցություն արցախցի Tim De Beatz-ի` Արտյոմ Հակոբյանի հետ, ով սիրվեց իր “Ալո, ալո” երգով: Երբ նա առաջարկեց միասին աշխատել, ձայնասկավառակիս երգերն էի ձայնագրում, վերջերս հիշեցի այդ մասին եւ գրեցի, որ պատրաստ եմ էքսպերիմենտի: Արտյոմը հիմա Լոս-Անջելեսում է ապրում, ինձ  ուղարկել է իր երաժշտական մտքերը գործիքավորման տեսքով, ես էլ գրել եմ իմ վոկալի մեղեդին եւ խոսքերը: Նա երգի երաժշտական պրոդյուսերն է, օրեր առաջ արդեն ձայնագրվել եմ: Երգն ամերիկյան կոմերցիոն փոփ ոճում է: 

Աստղիկ Սաֆարյանը


Ուզում եմ որակյալ գործեր ստեղծել, բայց Հայաստանում փոփ-ռոք երգերը կոմերցիոն չեն: Այս շրջանում որոշել եմ ներկայացնել ավելի կոմերցիոն գործեր: Միջազգային փոփի ձեւաչափով եմ առաջնորդվում, ամեն երգիս շատ բծախնդիր եմ մոտենում: Գալիս է կյանքի փուլ, երբ ուզում ես դուրս գալ քո շրջանակից` երգացանկումդ թարմություն մտցնելու համար: Կարծում եմ` իմ լսարանն էլ սպասում է այդ թարմությանը:

Երեւանում երկար չեմ մնում, քանի որ Բարսելոնում դասեր ու քննություններ ունեմ. չեմ կարող անպատասխանատվությամբ վերաբերվել ու ցանկացած պահի վերադառնալ: Ապրիլի 26-ին կմեկնեմ, բայց այնտեղից հաջորդաբար կներկայացնեմ նոր աշխատանքներս: 

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Աստղիկ Սաֆարյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին