×


Արթուր Ալեքը որոշել է փոխզիջման չգնալ

Մասնագիտությամբ ջութակահար, դաշնակահար Արթուր Ալեքը գրում է երգեր, կատարում դրանք, երբեմն էլ իր սիրելի հայտնի հիթերը նվագում ու ներկայացնում է սեփական մեկնաբանությամբ:

Արթուր Ալեքը


Հեղինակ-կատարողը նոր` “Hear Me Shout” կոչվող երգ ունի, որի խոսքերը գրել է ընկերը` Ռաֆայել Ջալալյանը, իսկ երաժշտությունը` հենց ինքը.“Այս գործը պատկերացնում էի դաշնամուրային նվագակցությամբ, այդպես էլ ներկայացրի: Հիսունից ավելի գրած երգ ունեմ, որոնք, ցավոք, դեռ չեմ ձայնագրել”:

Նրա անունը շատերին հայտնի դարձավ 2011 թվականին “Շանթ” հեռուստաընկերությամբ հեռարձակվող “X-Factor” նախագծից, որից հետո, ինչպես նշում է, չի դադարում աշխատել եւ ժամանակ առ ժամանակ ներկայացնում է նոր աշխատանքներ.“Եթե ուզում ես բարձունքի հասնել, նախագծից հետո պետք է ինքնուրույն աշխատես եւ փորձես քեզ համար փակ դռներ բացել. ոչ ոք հենց այնպես չի գալու քեզ համար ճանապարհ հարթի: Ոչ մի օր չեմ նստել ու մտածել` երբ է բախտս բերելու, փոխարենը քիչ-քիչ առաջ եմ շարժվում”:

Մարինե Գյուլումյանը եւ Արթուր Ալեքը


Արթուր Ալեքը դեռ տեսահոլովակ չունի, իր ամենահայտնի երգը համարում է Սոֆի Մխեյանի կատարմամբ “2012”-ը, որի տեսահոլովակում նա եւս նկարահանվել է.“Սիրով նվիրեցի Սոֆիին: Ռեփի հատված կա, էքսպերիմենտ արեցի ու ես կարդացի: Կարելի է ասել` ամենահայտնի հայերեն երգս է”:

22-ամյա երաժիշտը նշում է, որ իր հեղինակած երգերն ու կատարումները հաճախ հանրությանը չեն հասնում ֆինանսական պատճառով.“Իմ դեպքում քիչ երեւալու պատճառը գումարի բացակայությունն է, որովհետեւ ե΄ւ երգերը կան, ե΄ւ գաղափարներս իրականացնելու մեծ ցանկություն: Շատերն էլ կան, որ երգերի, ճաշակի ու ֆանտազիայի խնդիր ունեն, բայց փոխարենը փող ունեն:): Հովանավորելու առաջարկներ եղել են, բայց ռաբիս երգելու պայման են դրել… Շատերին միգուցե դուր չգա, ես փոխզիջման չեմ ուզում գնալ: Գտել եմ գումար վաստակելու իմ տարբերակը. այլ երգիչներ երգ են պատվիրում ու գնում, երբեմն էլ ակումբային համերգներ եմ ունենում”:

Արթուր Ալեքը


Արթուրն իր ավագ ընկերոջ` երաժիշտ Մարինե Գյուլումյանի աջակցությամբ այժմ փորձում է կապ հաստատել նաեւ եվրոպացի երգիչների հետ, որոնք միգուցե համաձայնեն կատարել իր հեղինակային երգերը.“Մի քանիսը լսել են երգերն ու հավանել, բայց դեռ վաղ է այդ մասին խոսելը”,-նշել է նա ու հավելել, որ Մարինեի հետ մտերիմ են վաղուց.“Ինձ ինչ հիշում եմ, Մարինեին էլ եմ հիշում. երբ վեց տարեկանում սկսեցի երգել, առաջինը նրա գրած “Նեղացկոտ շնիկը”, “Տարեդարձ” երգերն եմ կատարել, հետո ընդունվեցի երաժշտական դպրոցի ջութակի բաժին ու երգելը որոշ ժամանակ դադարեցրի: Վերսկսելուց հետո բազմիցս միասին աշխատել ենք ու շարունակելու ենք համագործակցել”:

Ստորեւ առաջարկում ենք ունկնդրել Արթուր Ալեքի անգլալեզու նոր երգը:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի, Արթուր Ալեքի եւ Մարինե Գյուլումյանի անձնական արխիվներից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին