×


Հղիությունը չխանգարեց Մարինե Գյուլումյանին հայտնվել օվկիանոսի հատակին :)

Մարինե Գյուլումյանը մայիսին BRAVO.am-ի հետ հարցազրույցում հայտնել էր, որ պատրաստվում է երկրորդ անգամ մայրանալ: Ֆրանսիայում բնակվող երաժիշտն այս անգամ պատմել է ճամփորդության, թեզի պաշտպանության մասին եւ ոչ միայն:):

Մարինե Գյուլումյանը դստեր` Մադլենի հետ


-Երկրորդ բալիկդ լույս աշխարհ կգա դեկտեմբերին: Երեխայի սեռն արդեն պարզե՞լ եք:

- Ի ուրախություն ինձ, նա եւս աղջիկ է։ Մադլենը չի դադարում հարցերի տեղատարափը, հետաքրքրված է իր ապագա քույրիկի հետ կապված ամեն մանրուքով։ Օրեր առաջ նա դարձավ 5 տարեկան:

-Պատմել էիր, որ ամուսինդ դեմ է եղել երկրորդ երեխայի ծննդին: Իսկ հիմա պատրա՞ստ է “մեծ” ընտանիքի հայր դառնալ:):


-Այդ մտքի հետ ոչ միայն արդեն վաղուց հարմարվել է, այլեւ չափազանց անհամբերությամբ է սպասում։ Օրեցօր նոր անուններ է առաջարկում, այդ թվում` հայկական: Երկու անվան շուրջ եմ տատանվում, եթե մինչեւ երեխայի լույս աշխարհ գալը նախապատվություն չտամ դրանցից որեւէ մեկին, ապա չի բացառվում, որ նա կունենա երկու անուն։

Մարինե Գյուլումյանը` ամուսնու եւ դստեր հետ


-Հղիությունը չխանգարեց ընտանիքով ճամփորդել: Ամառային արձակուրդը որտե՞ղ եք անցկացրել եւ հետաքրքիր ի՞նչ վայրեր եք այցելել:


-Հանգստացել ենք Նորմանդիայում` Ատլանտյան օվկիանոսի ափին: Առաջին անգամ սուզանավ եմ նստել, որն ահռելի չափսերի էր եւ կշռում էր 8000 տոննա: Նաեւ անբացատրելի զգացողություն եմ ապրել “Տիտանիկ” նավի թանգարանում: Հետաքրքիրն այն է, որ ոչ միայն ապահովված էր հայտնի նավի դեկորացիան, այլեւ տեսաձայնային ու լուսային էֆեկտներով ստեղծվել էր այնպիսի մթնոլորտ, կարծես ներկա էի նավի խորտակմանը։ Չափազանց տպավորված եմ...

-Երեխայի հետ հանգստի մեկնելիս ի՞նչ գործոններ են կարեւոր: Մադլենն ի՞նչն է ամենից շատ հավանել:

-Երբ ամեն օրդ անցկացնում ես կազմակերպված` չանտեսելով ոչ մի վայրկյան, միաժամանակ փորձում ես ընտանիքիդ ջերմ ընկերակցությամբ հնարավորինս լիցքաթափվել, դա ինձ համար լիարժեք հանգիստ է։ Մադլենը շատ էր տպավորվել՝ հայտնվելով օվկիանոսի հատակին, ուր ամենուրեք անբացատրելի գեղեցկության ջրային կենդանիներ էին լողում...

Մարինե Գյուլումյանն ընտանիքի հետ հանգստացել է Նորմանդիայում


-Ամռանը նաեւ հրաժեշտ տվեցիր ուսանողական կյանքին: Թեզի պաշտպանությունն ինչպե՞ս անցավ: Ընդհանուր առմամբ, ի՞նչ տվեց քեզ Սորբոնի համալսարանը:


-Առաջին հերթին ինձ տվեց ինքնավստահություն, քանի որ արդեն 7 տարի ապրում եմ Փարիզում, բայց մինչեւ այս երկրի կրթահամակարգի միջով անցնելն ինձ զբոսաշրջիկի կարգավիճակում էի զգում։ Շատ կարեւորում եմ օտար երկրում լիարժեք ինքնադրսեւորումը, որն էլ ինձ համար ուսում ստանալու հիմնական պատճառներից մեկն էր։

Մարինե Գյուլումյանն ավարտել է Սորբոնի համալսարանը


Թեզիս թեման էր “21-րդ դարի երաժշտությունը Հայաստանում”, որի պաշտպանությունը բարեհաջող անցավ։ Հետաքրքիր հակադրություն նկատեցի հայկական եւ ֆրանսիական քննությունների միջեւ. Հայաստանում ղեկավարի գլխավորությամբ ողջ տարվա ընթացքում հասունացնում ես աշխատանքիդ թեման, պաշտպանության ժամանակ էլ ստանում նրա աջակցությունը, որ հաջողությամբ պսակվի երկուստեք արված աշխատանքը, իսկ այստեղ հանկարծակիի եկա, երբ ղեկավարս, շուրջ երկու տարի ուղղորդելով եւ իր խորհուրդներով օգնելով ինձ, պաշտպանության ժամանակ “հակառակորդի” դերում հանդես եկավ, ապա “էստաֆետը” հանձնեց ժյուրիի մյուս անդամներին, որ իրենց կարծիքը հայտնեն գործիս վերաբերյալ։ Չնայած` դա իր դրական կողմն էլ ունի, քանի որ հետագայում միայնակ ես պայքարում, այլ ոչ ղեկավարիդ հետ։): Այսպիսով, պատահական չէր, որ կարեւորեցի ինքնավստահության ձեռքբերման հանգամանքը։

-Նախորդ հարցազրույցի ժամանակ պատմել էիր, որ դեկտեմբերին Ֆրանսիայում կթողարկվի այն երգչուհու ալբոմը, որի համար երգեր ես գրել: Կբացահայտե՞ս նրա ով լինելը:

- Այո, բայց քանի որ դեկտեմբեր ամիսն առջեւում է, կշարունակեմ լռել։): Խոստանում եմ, որ BRAVO.am-ը առաջինը կլինի, ում ամեն ինչ կպատմեմ։

Մարինե Գյուլումյանը դստեր` Մադլենի հետ


-Իսկ երաժշտական ի՞նչ նորություններ սպասի հանդիսատեսը Մարինե Գյուլումյանից:


- Ունեմ նոր երգեր, կատարման առումով դրանց ճակատագրերը դեռեւս որոշվելու ընթացքի մեջ են։ Վերջերս նոր համագործակցություն ունեցա Արթուր Ալեքի հետ, որն իմ երգերը երգում է հինգ տարեկանից։ Եթե ոչ իմ նմանները, ապա ովքեր պետք է լինեն նոր սերնդի արտիստների կողքին։ Սիրում եմ գեղագիտական ճաշակ ունեցող երիտասարդ երաժիշտներին եւ հուսով եմ, որ չնայած հասարակության երաժշտական պահանջներին, նրանք կմնան իրենց բնությանն ու ինքնությանը հավատարիմ։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մարինե Գյուլումյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին