×


Արփի.“Որքան օրերը մոտենում են, այնքան ինձ ավելի լավ եմ պատկերացնում մայրիկի կարգավիճակում”

Ժողովրդական, ջազ, փոփ ժանրերում հանդես եկող R.P.-ն հուլիսին առաջին անգամ կմայրանա: Երգչուհին հղիության ընթացքում դադար չի վերցրել. մեկ ամիս առաջ ներկայացրեց իր առաջին՝ “Գանձեր” ձայնասկավառակը, այժմ էլ շարունակում է բեմ բարձրանալ եւ շաբաթական մի քանի անգամ ելույթ ունենալ երեւանյան ժամանցի վայրերում: 

Արփին առաջին անգամ կմայրանա


“Աշխատանքին ընտելացած լինելով՝ չեմ կարող ուղղակի տանը նստել: Բժիշկս խրախուսում է իմ երգելը, նա շնորհանդեսի օրը ծիծաղելով ասաց, որ հանգիստ կարող եմ երգել, միայն խնդրեց` բարդ “Թամզարա”-ն չերգեմ: Հաճույքով եմ երգում, նույնիսկ զգում եմ, որ ձայնս ավելի թավշյա է դարձել, ուղղակի հիմա ավելի շուտ եմ հոգնում: Երբ դադար վերցնեմ իմ փոխարեն մեր բենդի հետ կերգի “Հայաստանի ձայնը 3”-ին մասնակցած Ջուլիետա Գրիգորյանը՝ Ջուջոն”,-BRAVO.am-ին պատմել է  “Hayway” խմբի մեներգչուհին:

Նախքան առաջնեկի լույս աշխարհ գալն Արփին պլանավորել է տեսահոլովակ նկարահանել “Գանձեր” սկավառակի երգերից մեկի հիման վրա, սակայն մինչ այդ որոշել է հունիսին մեկ շաբաթ հանգստանալ իր ծննդավայր Խնձորեսկում. “Դեռ հստակ որոշված չէ, բայց հավանական է, որ “Թամզարա” երգը կունենա հոլովակ, բայց այնպես ենք նկարելու, որ չպարեմ: Ես կատարում եմ իրական տարբերակը, որը տարածված է եղել Արեւմտյան Հայաստանի տարբեր շրջաններում: Հիմա կնկարենք, որ հետո իմ բացակայությունը երկարատեւ չլինի”:

Արփին


Ապագա մայրիկն արդեն սկսել է իր դստեր՝ Արեւիկի համար գնումներ անել ու սենյակը կահավորել.“Նա արդեն նվերներ է ստանում. վերջերս ԴերՀովան Կանադայից վերադարձավ բազմաթիվ նվերներով: Աղջկաս օր օրի ինձ ավելի մոտ եմ զգում, շատ հետաքրքիր զգացողություն է: Որքան օրերը մոտենում են, այնքան ինձ ավելի լավ եմ պատկերացնում մայրիկի կարգավիճակում”:

Երգչուհին վաղուց մտադրված է հայկական օրորոցային երգերի ձայնասկավառակ թողարկել, որում ընդգրկված կլինեն ինչպես հայտնի “Արի, իմ սոխակ”, Բարսեղ Կանաչյանի “Օրոր” երգերը, այնպես էլ չլսված օրորոցայիններ.“Դեռ մեկ երգ եմ ձայնագրել, մյուսների ձայնագրությունը կշարունակեմ երեխայի ծնվելուց հետո, որովհետեւ հատուկ գործիքավորում անհրաժեշտ չէ. հիմնականում ակապելլա կերգեմ: Վերջին ամիսներին ձեռք եմ բերել հաստափոր բազմաթիվ գրքեր ու ծանոթանում եմ տարբեր մարզերի ու շրջանների բարբառներով օրորոցայիններին: Պեղել եմ Գորիսի, Խարբերդի, Տավուշի շրջանի երգեր: Դրանք առաջինը լսողն իմ բալիկն է, կարծում եմ` նրա համար երգելիս էքսպրոմտ օրորներ կծնվեն: Միգուցե մտափոխվենք եւ օրորոցային երգերից մեկը տեսահոլովակով ներկայացնենք”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին