×


Գրիշա Աղախանյանը եւ Շողեր Թովմասյանն առաջին անգամ խոսում են իրենց հարաբերությունների մասին

Երկու տարի առաջ երգիչ, հաղորդավար, պրոդյուսեր Գրիշա Աղախանյանի եւ դերասանուհի Շողեր Թովմասյանի ընտանիքը համալրվեց զավակով: Սիրված շոումենը որդու` Ալեքսանդրի առաջին եւ բացառիկ լուսանկարահանումը վստահեց BRAVO.am-ին: Գեղեցիկ զույգն օրերս լուսանկարվել է մեր նոր ֆոտոշարքում, պատմել իրենց սիրո պատմությանը, նաեւ պատասխանել են միմյանց նախասիրություններին վերաբերող մի քանի հարցի: Նշենք, որ Գրիշան ու Շողերը տեղյակ չեն միմյանց պատասխաններից եւ առաջին անգամ կկարդան հենց կայքում:):

Գրիշա Աղախանյանի ընտանիքը


Առաջին հանդիպումը

Շողեր. Առաջին անգամ հանդիպել ենք նկարահանման հրապարակում: Մինչ այդ նրան առանձնապես ուշադրություն չեմ դարձրել, բայց երբ հանդիպեցինք ու որոշ ժամանակ միասին աշխատեցինք, ինչ-որ հետաքրքրություն առաջացավ, իսկ հետո արդեն ամեն ինչ լրջացավ:

Գրիշա. Բենոյի հետ սքեթչեր էինք նկարահանում, ինչի համար կերպարային դերասանուհի էինք փնտրում: Հենց այդ նկարահանումներին էլ ծանոթացա Շողերի հետ: Հենց առաջին հայացքից ինչ-որ կայծ առաջացավ:

Առաջին ժամադրությունը


Շողեր. Գրիշան Էլվինա Մակարյանի հիշատակին նվիրված տեսահոլովակ էր նկարահանում, հրավիրեց ինձ մասնակցել աշխատանքային ընթացքին: Շատ ուրախացա ու հուզվեցի: Իսկ որպես ավելի ռոմանտիկ ժամադրություն, գնացինք չինական ռեստորան:

Գրիշա. Կոնկրետ ժամադրություն չի եղել. Էլվինա Մակարյանի հիշատակին նվիրված տեսահոլովակ էի նկարահանում, հրավիրեցի նկարահանման հրապարակ: Ամբողջ օրը միասին անցկացրինք: Հատուկ կազմակերպված ինչ-որ ռոմանտիկ վիճակներ չեն եղել, մեզ մոտ ամեն ինչ բնական ստացվեց:

Շողեր Թովմասյանը եւ Գրիշա Աղախանյանը


Ամուսնության առաջարկ

Շողեր. Ամուսնության առաջարկ չի եղել: Որոշ ժամանակ ապրեցինք միասին ու հասկացանք, որ իսկապես սիրում ենք միմյանց եւ ուզում ենք միշտ միասին լինել: Հետո էլ իմացանք, որ բալիկ ենք ունենալու: Մեզ մոտ ամեն ինչ ինքնըստինքյան է եղել: Չեմ սիրում, երբ մարդիկ ինչ-որ բաներ են պլանավորում: Երբ պլանավորում ես, երբեք քո ուզածով չի լինում:

Գրիշա.
Չի եղել առաջարկ: Մենք հասկացանք, որ այլ ճանապարհ չկա. ինքնըստինքյան եկանք ամուսնության որոշմանը:

Տարիքային տարբերություն


Շողեր. Մեր տարիքային տարբերությունը կազմում է 23 տարի, չնայած` վստահ եմ, չի զգացվում: Իմ պատկերացմամբ տարիքային տարբերությունը հարաբերությունների հարցում որեւէ նշանակություն չունի: Գուցե զույգի տարիքային տարբերությունը մեկ տարի լինի, բայց միմյանց չհասկանան: Գրիշան իր տեսակով առաջադեմ է եւ ինտելեկտուալ, ավելի հանդուրժող է տարբեր հարցերում, անդադար զարգանում ու առաջ է գնում` չկառչելով հնից: Իհարկե, փորձում եմ ամեն ինչ չափի մեջ անել, բայց որեւէ արգելք չի դնում: Նրա հետ մշտապես հետաքրքիր է:

Գրիշա. Փորձում եմ ժամանակակից լինել, Շողերն էլ փորձում է հասկանալ ու ըմբռնումով մոտենալ ինձ: Ընդհանուր առմամբ մենք իրար շատ լավ հասկանում ենք:

Գրիշա Աղախանյանը եւ Շողեր Թովմասյանը


Երեխայի ծնունդը

Շողեր.
Ալեքսանդրի ծնունդը շատ բան փոխեց մեր կյանքում: Երեխաների հետ դժվար է, բայց առանց նրանց` անհնար: Երեխայի ծննդից հետո մեր կապը չթուլացավ, ոչ էլ ամրացավ, ուղղակի որոշ չափով փոխվեց կյանքի ռիթմը: Բալիկի խնամքի հարցում բազմաթիվ օգնողներ ունենք, բայց միեւնույն է` երբեմն որոշ տարաձայնություններ ենք ունենում, չնայած` դրանք այնքան չնչին ու թեթեւ հարցեր են, կարծում եմ` բոլորն են նման խնդիրներ ունենում:

Գրիշա.
Երեխայիս ծննդով ամեն ինչ սկսեց հեշտ ու հանգիստ ստացվել, նույնիսկ այն, ինչ մինչ այդ ձախողվում էր: Վերաբերմունքս, ընդհանուր առմամբ, ամեն բանի հանդեպ փոխվել է: Ընտանիքումս այսօր սիրով լի ու հավասարակշռված մթնոլորտ է տիրում:

Գրիշա Աղախանյանը եւ Շողեր Թովմասյանը


Գրիշայի սիրելի երգը

Շողեր. Գիտեմ, որ հատուկ սիրելի որեւէ երգ չունի, բայց շատ է սիրում Սթիվի Ուանդերի, Մայքլ Ջեքսոնի կատարումները:

Շողերի սիրելի երգը


Գրիշա. Կոնկրետ երգ չկա:

Շողեր Թովմասյանը եւ Գրիշա Աղախանյանը


Գրիշայի երազանքը

Շողեր. Գրիշան երազում էր, որ իր մայրը շուտ առողջանա, ցավոք, այդպես չեղավ: Ու հիմա նա միշտ կրկնում է, որ ուզում է իր սիրելիները, հարազատները, ընկերներն առողջ լինեն, ու միասին ապրենք երկար:

Շողերի երազանքը


Գրիշա. Վստահ եմ` երազում է, որ այսպես համերաշխ մեր գեղեցիկ ընտանիքով մինչեւ կյանքի վերջ միասին լինենք:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/
Լուսանկարահանումն իրականացվել է “North Avenue” հյուրանոցում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին