×


“Ելք չկա” քրեական դրամայի պրեմիերայի կարմիր գորգն ու հյուրերը

“Ելք չկա”-ի դերակատարներ Կամո Ունանյանը, Արտաշես Ալեքսանյանը, Արմեն Մարությանը, Արշավիր Փանոսյանը, Անի Հարոյանը, Արտավազդ Հովհաննիսյանը, Ժաննա Բուտուլյանը, Անատի Սաքանյանը, Նարեկ Պետրոսյանը, Արմեն Սողոյանն օրերս քայլել են կարմիր գորգի վրայով, լուսանկարվել եւ հյուրերի հետ մեծ էկրանին դիտել են իրենց մասնակցությամբ գեղարվեստական ֆիլմը: Նախքան ցուցադրությունը “Մոսկվա” կինոթատրոնի ճեմասրահում երաժիշտները նվագել են քրեական դրամայի սաունդթրեքը, այնուհետեւ հաղորդավարուհի Անկան բեմ է հրավիրել ստեղծագործական կազմին եւ բարի մեկնարկ մաղթել:

Ժաննա Բուտուլյանը, Անատի Սաքանյանը, Վահե Սայանը, Կամո Ունանյանը եւ Նարեկ Պետրոսյանը


BRAVO.am-ն արդեն տեղեկացրել է, որ “Ելք չկա”-ի պրոդյուսերն ու հեղինակը Կամո Ունանյանն է, որն էլ մարմնավորում է գլխավոր հերոսին: Այս ֆիլմը կարատեիստի կինոդեբյուտն է.“Չնայած ֆիլմի անվանմանը` ելքեր կան, որովհետեւ կյանքը շարունակվում է, եւ պետք է կամքի ուժ ունենալ ճիշտ ելք գտնելու համար: Հուսով ենք`  որոշ մարդիկ իրենց կտեսնեն էկրանին ու կփոխեն ապրելակերպը”, - ասել է նա:

Նարեկ Պետրոսյանը` կնոջ հետ


“Ելք չկա”-ում մարդկային փոխհարաբերություններ են` ընկերություն, սեր, դավաճանություն… Գլխավոր հերոս Դավիթը երազում է մարզական նոր հաջողությունների ու երջանիկ ընտանիք ունենալու մասին, սակայն իր մտերիմ ընկերներից թմրամոլ եւ խաղամոլ Արմենի պատճառով, որին ամեն կերպ փորձում է աջակցել, վտանգի տակ է դնում ինչպես իր, այնպես էլ սիրելի աղջկա կյանքը:

"Ելք չկա" ֆիլմի պրեմիերային


Արմենի կերպարում, որի խնդիրների շուրջ են ծավալվում գործողությունները, հանդես է գալիս դերասան Արտավազդ Հովհաննիսյանը: Նա մեզ հետ զրույցում նշել է, որ այս ֆիլմում եւ սերիալներում բացասական բնավորությամբ հերոսների է կերտել, մինչդեռ թատրոնում աշխատելու տարիներին հակառակն է եղել.“Արդեն սովորել եմ տեսախցիկի առջեւ վատ տղաների դերում լինել: Քրեական ֆիլմերը մեզ համար ֆանտաստիկ ու անիրական են թվում, բայց այդ ամենը կյանքից վերցված դրվագներ են. Հայաստանում էլ կա նման կյանք, ուղղակի մենք չենք տեսնում, որովհետեւ դրա մեջ չենք: Կարծում եմ ` անկախ ազգությունից, մարդկանց միշտ հետաքրքրում է քրեական կյանքը, որովհետեւ այդ ամենը փակ է, իսկ այն, ինչն անհասանելի է, ավելի են ձգտում իմանալ: Հիմա էկրանին կտեսնեն քրեական հեղինակությունների կյանքից որոշ երեւույթներ, իսկ իմ բացասական դերը ոչ թե քարոզում, այլ դիտողին ցույց է տալիս, որ չպիտի թմրանյութ օգտագործի եւ կործանի իր ընտանիքը: Մենք մեծ հույս ունենք, որ ֆիլմի ասելիքը տեղ կհասնի”:

“Ելք չկա” ֆիլմի պրոդյուսեր, հեղինակ, գլխավոր դերակատար Կամո Ունանյանը


Նշենք, որ “Ելք չկա” ֆիլմի ռեժիսորը Վահե Սայանն է, սցենարիստը` Հարություն Ղուկասյանը, կոմպոզիտորը` Էդմոնդ Մակարյանը: Նկարահանումները կատարվել են Հայաստանում եւ Վրաստանում: Առաջիկայում այն կցուցադրվի նաեւ Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում ու այլ երկրներում: 

BRAVO.am
Լուսանկարները` Արգինե Մինասյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին