×


Զառա Գեւորգյանն` ամուսնության հոբելյանի, երեխաների եւ “Դոգմա”-ի մասին

“Դոգմա” խմբի վոկալիստ Զառա Գեւորգյանն ու կիթառահար Հենրի Գրիգորյանն իրենց զավակների հետ ընտանեկան մթնոլորտում այս ամիս նշել են համատեղ կյանքի չորրորդ հոբելյանը:): Ռոք-երաժիշտների դուստրը` Թենին, 3 տարեկան է , իսկ որդին` Արենը` 5 ամսական.“Ողջ 2013 թվականին սպասել եմ Արենի ծննդին եւ ապրել նրանով, ընթացքում նաեւ մասնակցել եմ մի քանի համերգի, ունեցել ենք մենահամերգներ, բայց ինքս ցանկանում էի, որ հղիությունս թեթեւ ու առանց ջղաձգումների անցնի: Չնայած`  տղաս դեռ 40 օրական էր, երգեցի Էրեբունի-Երեւանին նվիրված ռոք-համերգին”, -BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է երգչուհին:

“Դոգմա” խմբի վոկալիստ Զառա Գեւորգյանը


Փոքրիկ Արենի լույս աշխարհ գալուց հետո խմբի անդամները` Զառան, բաս-կիթառահար Վարդանը, հարվածային գործիքներ նվագող Դերիկն ու կիթառահար Հենրին, նախորդ տարվա դեկտեմբերին Տիկնիկային թատրոնում կազմակերպել էին “Անդրդոգմա” ալբոմի շնորհանդես-համերգը, որին մեր անդրադարձը կարդացեք այստեղ:

“Դոգմա”-ի վոկալիստը չի սիրում իր անձնական կյանքի մասին բարձրաձայնել, նրա դստեր լույս աշխարհ գալու մասին 2010 թվականի սեպտեմբերին հայտարարել է “Jethro Tull” խմբի հիմնադիր Իէն Անդերսոնը, ում հետ Զառան երգել է Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում.“Հիշում եմ, որ Անդերսոնը բեմից ասաց` “Զառան մեկ ամիս առաջ աղջիկ է ունեցել, իսկ հիմա կարո՞ղ եք գուշակել` մեզնից ով է հայրը:)”: Երկրորդ հղիության մասին հանդիսատեսը կրկին իմացել է նրանց հերթական ելույթներից մեկի ժամանակ:):

“Դոգմա” խմբի վոկալիստ Զառա Գեւորգյանի եւ կիթառահար Հենրի Գրիգորյանի երեխաները


Զառան պատմել է, որ առաջնեկի ծննդից հետո ստեղծվել է ընտանեկան թեմայով դեռեւս միակ երգը.“Թենիի ծնվելուց հետո իմ ներաշխարհն ու զգացողությունները փոխվեցին, իսկ ամուսինս` Հենոն, մեր աղջկա պատվին ընտանեկան երգ գրեց, որը վերնագրեց “Ուրախացան”, այսինքն` ուրախություն ցանողը”:

Ռոք-երգչուհին երաժշտություն է գրում Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի ներկայացումների համար. “Ծուղրուղու” մանկական ներկայացումն արդեն բեմադրվել է, այս պահին նա աշխատում է մեկ այլ բեմադրության երգերի ստեղծման վրա.“Կարծում եմ` երեխաներս են ինձ ոգեշնչել այս հարցում, քանի որ առաջարկը ստանալիս միանգամից հասկացա` ինչ պետք է անեմ: Աղջիկս ներկայացման պրեմիերային խոնարհվել է իմ փոխարեն, հիմա նա տանը տիկնիկային ներկայացումներ է մեզ համար խաղում: Թենին երբեւէ ոտանավոր չի արտասանում ու հայտնի երգեր չի երգում, նա սիրում է ինքնուրույն հորինել, երեւի ստեղծագործական ջիղ ունի: Ավանդական օրագրին փոխարինել է
“Ֆեյսբուքը”, նրա հետ կապված հետաքրքիր երեւույթները առցանց գրի եմ առնում ու կիսվում ընկերներիս հետ: Նաեւ հաճախ նրան նկարահանում ենք, հետո “կինոդիտումներ” կազմակերպում”: Ի դեպ, երբ Զառան պատմում էր դստեր մասին, աղջնակն այդ ընթացքում երգում էր:):

"Dogma" ռոք-խումբը


Ցանկանալով իր ժամանակի մեծ մասը նվիրել փոքրիկներին` Զառան համերգային դադարը մի փոքր էլ կերկարաձգի, բայց նոր լիցքերով կրկին կվերադառնա բեմ.“Այս ընթացքում հստակեցնում ենք խմբի հետագա անելիքները, կապեր ենք ստեղծում արտերկրում, տարբերակներ ենք գտնում ձայնասկավառակը դրսի ունկնդիրներին հասցնելու համար: Պասիվ շրջանից հետո նորից կմատուցենք մեր երաժշտությունը”:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Զառա Գեւորգյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին