×


Էդգար Ռոստոմյան.“Այս տարի ուզում ենք բալիկ ունենալ”

“Armenoids” խմբի հիմնադիր Էդգար Ռոստոմյանը, ով հանրությանը հայտնի է նաեւ “Եղբայրներ” սերիալում իր դերով, կնոջ` մոդել Նադեժդա Հովհաննիսյանի հետ շուրջ մեկ տարի է` բնակվում է Միացյալ Նահանգներում: BRAVO.am-ի հետ նախորդ զրույցում նա նշել էր, որ գործնական առաջարկ է ստացել “System of a Down” ռոք-խմբի բաս-կիթառահար Շավո Օդաջյանից, իսկ այս անգամ պատմել է ամերիկյան կենսակերպի, ստեղծագործական կյանքի եւ առաջիկա պլանների մասին:

Նադեժդա Հովհաննիսյանը եւ Էդգար Ռոստոմյանը


Շավոյի հետ համագործակցություն միշտ եղել է, անգամ Հայաստանում գտնվելուս տարիներին: Երաժշտական այն տեխնոլոգիաներն ու բանաձեւերը, որ ստեղծել էի “Armenoids” խմբում, ամերիկաբնակ երաժիշտներին եւ նրանց պրոդյուսերներին շատ էր հետաքրքրել:

Ստեղծագործական ձեռքբերումներիս համար արդեն “Գրին քարտ” եմ ստացել: Այս պետությունն իրավունք ու հնարավորություն է տվել ինձ մասնագիտական գործունեություն ծավալել այնպիսի մարդկանց հետ, ովքեր ստեղծագործում են  սրտով, մտքով, ուղեղով: Նրանք ձեռք են բերում համաշխարհային ճանաչում, վայելում են հարգանք, արժանանում “Գրեմմի” մրցանակի:

Հիմա “Armenoids”-ի երաժշտության եւ Շավոյի երաժշտական տաղանդի հիման վրա ստեղծում ենք այնպիսի մի բան, որը, վստահ եմ, կլսեն երաժշտական տարբեր նախասիրությունների տեր մարդիկ:

ԱՄՆ-ում մշտական բնակություն ենք հաստատել: Մեզ համար աշխարհն ամբողջական օրգանիզմ է: Այստեղ ուղեղն է, Հայաստանը սիրտն է, արվեստը թոքերն են, որոնցով ազատ շնչում է մարդը: Երակներով կապված ենք Հայաստանի հետ:

Նադեժդա Հովհաննիսյանը, Շավո Օդաջյանը եւ Էդգար Ռոստոմյանը


Դեռ մանկուց իմ աշխարհայացքը եւ երազանքները եղել են ավելի գլոբալ: Տարբեր քաղաքակրթություններ իրենց մշակույթով եւ նվաճումներով միշտ գրավել են ինձ: Ձգտել եմ հավատալ, որ աշխարհը մեր տունն է եւ մենք շատ բաներ ունենք սովորելու միմյանցից:

Հայաստանն իմ հայրենիքն է, ծննդավայրը: Շատ եմ ցանկանում տարին գոնե մեկ անգամ այցելել: Այն ինձ շատ կլիցքավորի: Տեսնենք, թե ինչպես կստացվի:
Կարոտում եմ հայրենիքիս հետ կապված ամեն ինչ:

Հայաստանաբնակ շատ տաղանդավոր հայեր կան տարբեր ոլորտներում: Եթե նրանց հնարավորություն տրվի, կարող են աշխարհին օգտակար լինել իրենց պրոֆեսիոնալիզմով:

Հայաստանում հնարավորությունները սահմանափակ են, քանի որ մշակութային կենտրոնների փոխարեն, բանկետի սրահներ, հյուրանոցներ եւ մերսման կենտրոններ են բացվում:

Նադեժդա Հովհաննիսյանը


Երաժշտական գործունեությունս իր բնականոն ընթացքի մեջ է:  Ավարտուն լավ աշխատանքներ արդեն կան: Անվանումները, սակայն, դեռեւս չենք հստակեցրել, քանի որ միջազգային ասպարեզում ներկայանալու համար ամեն մանրուք կարեւոր է: Մենք, օրինակ, չգիտեինք, որ “Armenoids”-ի հայտնի երգի “Դուհմ” անվանումն արաբերեն նշանակում է արյուն:

“Armenoids”-ի մենակատար Լենա Ասլանյանը եւս ԱՄՆ-ում է: Լավ գաղափար կյանքի կոչելու դեպքում մեր խմբի անդամներ Մադլեն Ասրյանին,Սերգեյին ու Rooben-ին եւս կհրավիրեմ Միացյալ Նահանգներ: Հիմա այն, ինչ մենք անում ենք, գրեթե նույնն է, ինչ արել են Ֆիլ Քոլինսն ու Սթինգը` թողնելով “Genesis” եւ “Police” խմբերը:

Կինս` Նադեժդան, մոտ երկու ամսից տեղի հեռուստաալիքներից մեկով կվարի ռեալիթի-շոու: Մեզ շատ են հրավիրում նորաձեւության միջոցառումների: Դեռ փորձում ենք համակերպվել այստեղի ապրելակերպին:

Այս տարի ուզում ենք բալիկ ունենալ:

Ամանորը եւ Սուրբ Ծնունդը դիմավորել ենք ընկերների եւ հարազատների հետ: Մեր ծնողներին շնորհավորել ենք Skype-ի միջոցով: Այստեղ մարդիկ տոներից հետո անմիջապես դեն են նետում իրենց եղեւնին, իսկ մենք պահել ենք մինչեւ հունվարի 13-ը` հին տոմարով Նոր տարին:):

Նադեժդա Հովհաննիսյանը եւ Էդգար Ռոստոմյանը


Աշնանը նախատեսում եմ համերգներով հանդես գալ եւ ձայնասկավառակ թողարկել:
Չի բացառվում, որ երաժշտական գործունեությանը զուգահեռ հանդես գամ ֆիլմերում:
Ձգտումս մեծ է. անգլերենս եմ կատարելագործում, որպեսզի կարողանամ  ներգրավվել որեւէ կինոմիությունում, որոնք տարբեր ֆիլմերում նկարահանվելու համար առաջարկում են իրենց դերասանների թեկնածությունը: Նրանց կողմից ընդունված անձ եմ, դա ինձ շատ է ոգեւորում:

Դերասանի կարիերայով եւս լրջորեն կզբաղվեմ: Սիրում եմ կինոն, Հոլիվուդը, որտեղ եւ ապրում եմ:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է էդգար Ռոստոմյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին