×


Էռնան եւ Սյուզաննան՝ «Նոր ալիք»-ում իրենց հաղթանակի եւ տպավորությունների մասին

«Նոր ալիք 2017»-ն ավարտվեց երեք երկրի հաղթանակով։ 16-րդ անգամ անցկացվող երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում ժյուրիի կողմից առավելագույն՝ 362 միավորներով, առաջին հորիզոնականը կիսում են Հայաստանը ներկայացնող Էռնա Միրը, Ուզբեկստանի ներկայացուցիչ Սարտոր Միլանոն եւ «Doredos» տրիոն՝ Մոլդովայից։ Սյուզաննա Մելքոնյանը 357 միավորով երկրորդ տեղում է։ 

Արտյոմ Վալտերը եւ Էռնա Միրը


Մրցութային 3-րդ օրը մասնակիցները կատարել են պրեմիերաներ։ Էռնան երգել է Արտյոմ Վալտերի հեղինակած «In Love»-ը, Սյուզաննան՝ Շուշան Սարգսյանի «Навсегда» երգը։ Երկուսն էլ հնարավոր 121 միավորից ստացել են 120 միավոր, աղջիկներին 11 միավոր չի նշանակել ժյուրիի հույն անդամ Դիմիտրիս Կոնտոպուլոսը։

BRAVO.am-ի հետ զրույցում Սյուզաննան նշեց, որ շատ լավ տպավորություններ ու բարձր տրամադրություն ունի.«Ինձ հաջողվեց ութ տարվա պայքարից հետո հայտնվել այս մեծ բեմում, կարողացա իմ երգը հնչեցնել ու իմ հնարավորությունները ցույց տալ։ Հաճելի հուշերով կվերադառնամ։ Արդյունքից, իհարկե, գոհ եմ, որովհետեւ հաղթողներից մեկն եմ համարվում, անչափ երջանիկ եմ։ Մրցույթն ինձ համար մեծ դպրոց ու նոր աշխարհ էր, որից ստացածը կշարունակեմ օգտագործել հետագայում»։

Սյուզաննա Մելքոնյանը


Էռնան եւս արդյունքներից գոհ է, նշել է՝ այս պահին ռուսական շոու-բիզնեսի երգիչների հետ վերջին համերգի փորձին են.«Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աջակցում էին, շնորհակալ եմ իմ թիմին՝ «Արցախի ձայներ»-ի անդամներին, կողքիս լինելու համար։ Մրցույթն ինձ տվեց պայքարելու մեծ փորձ եւ նոր ընկերներ»։

Այսօր երեկոյան Սոչիում կկայանա գալա համերգն ու մրցանակաբաշխությունը՝ հաղթողներին կհանձնվեն մրցանակները։ Հավելենք, որ «Նոր ալիք»-ում առաջին անգամ Հայաստանը հաղթել է 2010 թվականին, երբ մեր երկիրը ներկայացնում էր Սոնա Շահգելդյանը։

BRAVO.am
Լուսանկարները՝ Էռնա Միրի եւ Սյուզաննա Մելքոնյանի ինստագրամյան էջերից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին