×


“Թատրոն 32”` Սամվել Թոփալյանի, Դավիթ Սեխպեյանի եւ այլ դերասանների մասնակցությամբ

“32 ատամ” ակումբը բացի հումորային ծրագրերից, այսուհետեւ կբեմադրի թատերական ներկայացումներ, որոնցից առաջինը ստեղծվել է Պարույր Սեւակի պոեզիայի հիման վրա. դերասանները հայ մտքի հանճարի բանաստեղծությունները ներկայացնում են նոր մատուցմամբ` ասմունքի ձեւաչափը համեմելով թատերական տարրերով:

Գուրգեն Սարգսյանը, Դավիթ Սեխպեյանը, Սամվել Թոփալյանը, Մարիամ Ադամյանը եւ Կարեն Բաբաջանյանը


Սամվել Թոփալյանի, Դավիթ Սեխպեյանի, Մարիամ Ադամյանի, Կարեն Բաբաջանյանի եւ Գուրգեն Սարգսյանի մասնակցությամբ` “Թատրոն 32”-ի ներկայացման պրեմիերան երեկ էր` մարտի 15-ին:

Թատերական կոմպոզիցիայի բեմադրող ռեժիսորը Կարեն Բաբաջանյանն է, խմբագրական աշխատանքներում նրան աջակցել է Աննա Հեքեքյանը, իսկ բեմանկարիչներն Արամ Դանիելյանն ու Վահագն Գրիգորյանն են: Պոեզիան ներկայացված է երկխոսության, երաժշտության, էկրանային պատկերների միջոցով, իսկ ներկայացման վերջին հատվածում օգտագործված են Պարույր Սեւակի ձայնագրությունները եւ դերասանները բանաստեղծության լեզվով յուրահատուկ երկխոսության մեջ են մտնում նրա հետ:

Մարիամ Ադամյանը եւ Սամվել Թոփալյանը


Կարեն Բաբաջանյանը “Թատրոն 32”-ի առաջին ներկայացման համար ընտրել է Սեւակի պոեզիան նախ` իրեն, ապա` դերասաններին հոգեհարազատ լինելու պատճառով.“Սեւակի գործերը փոքր տարիքից գիտեմ. մայրս խաբելով ֆուտբոլից, փողոցից կտրում ու քիչ-քիչ ներարկում էր: Նրա գործերը միշտ է պետք կարդալ, համոզված եմ` 5 տարի հետո կարդալով` ուրիշ ձեւ եմ ընկալելու: Բեմադրության համար 3 գիշերվա ընթացքում 1500-ից ավելի էջ արագ կարդացել եմ, առանձնացրել եմ այն հատվածները, որոնք պետք է մեկը մյուսին լրացնեին ու բացի ամենահայտնի գործերից, առանձնացրել եմ քիչ հայտնի հատվածները”:

Դավիթ Սեխպեյանը եւ Սամվել Թոփալյանը


BRAVO.am-ի հարցին, թե ինչ սկզբունքով է ընտրել դերասաններին, Կարեն Բաբաջանյանը նշել է, որ ընդգրկել է ինչպես իր ընկերներին, այնպես էլ բոլորովին անծանոթ դերասանուհու, որոնցով արդեն ձեւավորվում է թատրոնի հիմնական կազմը.“Դավիթին, Սամվելին հրավիրել եմ` իմանալով նրանց հնարավորությունները, նաեւ հաշվի առնելով մասնագետների կարծիքը, իսկ Մարիամին, որը Թատերական ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանողուհի է, բեմադրությունից 15 օր առաջ ենք ընդգրկել իմ դասախոս Աննա Հեքեքյանի խորհրդով”:

Մարիամ Ադամյանը եւ Սամվել Թոփալյանը


Նրա խոսքով` Բաղրամյան 17 հասցեում գտնվող Ճարտարապետների միության դահլիճը “32 ատամ”-ի տրամադրության տակ է, որտեղ էլ խաղալու են իրենց ներկայացումները. “Երկարաժամկետ վարձակալության են մեզ տվել, ունենք հարմարավետ պայմաններ, ողջ օրը կարող ենք փորձ անել: Տարածքը տրամադրելիս հավատացին մեր նպատականերին, բայց չենք պատրաստվում նրանց ձեռքից վերցնել ու մեր սեփականությունը դարձնել”:

Նորաստեղծ “Թատրոն 32”-ը նախատեսում է պարբերաբար ներկայացնել թատերական նոր ներկայացումներ. “Խաղացանկում մեծ տեղ կհատկացվի հայ դասականներին. Չարենց, Թումանյան, Սահյան, Իսահակյան, Մաթեւոսյան… Այնքան լավ գրողներ ունենք, որ հերթով կանդրադառնանք ու նոր ձեւաչափով կներկայացնենք հայ գրականությունը”:

"Թատրոն 32"-ի առաջին ներկայացման պրեմիերային


Ի դեպ, ներկայացման ռեժիսորը նշել է, որ Պարույր Սեւակին նվիրված բեմադրությունը հեռուստատեսությամբ դեռ չի ցուցադրվի.“Այս բեմադրությունը պետք է կենդանի տեսնել ու լսել, մանավանդ, եթե ուզում են երեխաների գեղագիտական ճաշակը բարձրացնել: Տոմսերի գինը շատ բարձր չենք դրել` 1500 եւ 2500 դրամ, որ մարդկանց հասանելի լինի, իսկ այս ներկայացումն էկրանից տափակ կհնչի, ափսոս է, չենք ուզում ցուցադրել”:

Մոտ մեկ ժամ տեւողությամբ ներկայացումը դերասանները կխաղան նաեւ մարտի 17-ին: 

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին