×


Լիլիթի, Արսենի, Լուսիի, Մանվելի եւ Նազենիի սկանդալային “Կաուչո”-ն ցուցադրվեց

Սկանդալային, բայց անկեղծ հերոսներով, կրկնվող, բայց իմաստալից դիալոգներով ու խճճված, բայց հասկանալի սցենարով. այսպիսին էր ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանի նոր` “Կաուչո” ֆիլմը, որի պրեմիերան կայացել է երեկ` հունիսի 28-ին:

"Կոուչո" ֆիլմի ստեղծագործական կազմը


Արդեն պատմել ենք, որ “Կաուչո”-ի հիմքում Վիլյամ Սարոյանի “Պինգ-պոնգ խաղացողերը” պիեսն է. ֆիլմի հերոսները` ռեժիսորը, դերասանն ու դերասանուհին, որոնց մարմնավորել են Արսեն Գրիգորյանը, Մանվել Խաչատրյանն ու Լուսի “Lucie” Աբդալյանը, մեր օրերում “վերապրում” են այն, ինչ նախորդ դարում գրել է ամերիկահայ գրողը:

Ֆիլմում հերոսները բեմադրությանը պատրաստվելուն եւ ներկայացումը խաղալուն ձուգահեռ, հենց նույն` պիեսի կրկնվող դիալոգներով ապրում են իրենց կյանքը. հարաբերություններ են պարզում, զայրանում ու սիրում:

Արսեն Գրիգորյանը եւ Լուսի “Lucie” Աբդալյանը


“Սարոյանի հետ “շփվելիս” նկատել եմ, որ նրա գրած ընդամենը մեկ խոսքի մեջ կարելի է անվերջ խորանալ. բացել մի դուռ, մտնել նոր աշխարհ ու ժամեր շարունակ մնալ այնտեղ: Կարծում եմ` նրա տեքստերը կարելի է կիրառել տարբեր հոգեվիճակներում ու իրավիճակներում: Հենց այդ պատճառով էլ կրկնվող դիալոգները դարձրել եմ հերոսներիս կյանքի հիմքը”,-BRAVO.am-ի հետ զրույցում պատմել է ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանը:

Նրա համար զարմանալի չէր, որ դահլիճում ներկաներից ոմանք նյարդայնացել էին գուցե հենց դիալոգների կրկնությունից.“Մենք սպասում էինք նման արձագանքի ու մինչեւ պրեմիերան կատակով ասում, որ գուցե ճամպրուկներով ներկայանանք:): Չգիտեմ` ինչն էր նյարդայանցնում, ուղղակի սա նրանց ֆիլմը չէր”,-ասել է ռեժիսորն ու հավելել, որ այս հանգամանքն իրեն ընդհանրապես չի խանգարի շարունակել ստեղծագործել.“Գիտեմ, որ չեմ կարող գոհացնել բոլորին, այդ իսկ պատճառով էլ հանգիստ եմ վերաբերվում ցանկացած արձագանքի, մանավանդ նման ֆիլմի դեպքում”:

Համոն եւ Լիլի Էլբակյանը` "Կաուչո" ֆիլմի պրեմիերային


Խոսելով “Կաուչո”-ի գլխավոր հերոսների հետ` BRAVO.am-ը փորձել է պարզել, թե նրանք ինչքանով են նման իրենց մարմնավորած կերպարներին: Լուսի “Lucie” Աբդալյանն ասել է, որ ֆիլմում 50 տոկոսով “Lucie” էր:).“Հատկապես այն պահերին, երբ չեմ կարողանում կողմնորոշվել”: 

Արսեն Գրիգորյանի փոխանցմամբ` չի փորձում իրեն տեսնել իր մարմնավորած կերպարներում, որպեսզի այդ “անձնավորություններն” ունենան իրենց կյանքը, ապրումներն ու հույզերը.“Իսկ ֆիլմը դիտելիս հերոսներից յուրաքանչյուրի մեջ, անկախ սեռից, տեսա ինձ. յուրաքանչյուրը կարող էի ես լինել”:

Մանվել Խաչատրյանի կարծիքով էլ ֆիլմում ռեժիսորը, դերասանն ու դերասանուհին մեկ հերոս են.“Այնքան էինք սիրում իրար ու այնքան միասնական էինք, որ ես ոչ մի կերպ չեմ կարող առանձնացնել ինձ նրանցից: Իսկ իրական կյանքում, իհարկե, կան մարդիկ, որոնց հետ ես նույնքան միասնական եմ` երեխաս, ընտանիքս, ընկերներս, գործընկերներս”:

Լուսի “Lucie” Աբդալյանը եւ Մանվել Խաչատրյանը


Եթե հիշում եք, “Կաուչո”-ի երկու աֆիշի վրա կան QR կոդեր, որոնք ռեժիսորի կողմից հավելյալ ինֆորմացիա են հաղորդում ինչպես ֆիլմի, այնպես էլ հերոսների տեսակների վերաբերյալ: Ուշագրավ է, որ այդ կոդերը չմնացին աֆիշների վրա. դրանք տեղափոխվեցին հրավիրատոմսերի վրա, այնուհետեւ մտան ֆիլմ.“Մեծ QR կոդը ներկայացման աֆիշն էր ու մեր իրականության պատկերը: Եթե Վիլյամ Սարոյանն այսօր գար այդ ներկայացմանը, նա չէր կարողանա “կարդալ” աֆիշը, այսինքն` մենք նոր ժամանակներում, նոր տեխնոլոգիաների միջոցով խոսում ենք հնում գրված բառերով: Իմաստն այն է, որ պարունակությունը նույնն է ու հին, իսկ ձեւը տարբեր է ու նոր: Այս դեպքում այն իմն է եւ սա է”:

Ռեժիսոր Լիլիթ Մովսիսյանի "Կաուչո" ֆիլմի պրեմիերային


Ինչպես ռեժիսորի “Մոխրաման”-ը, այնպես էլ “Կաուչո”-ն ավարտվեց անձրեւով: Մեր հարցին, թե արդյոք անձրեւը Լիլիթի համար սիմվոլիկ նշանակություն ունի, նա ծիծաղել ու հետեւյալն է պատասխանել.“Ձեր հարցի պատասխանը ես կփնտրեմ երրորդ ֆիլմումս:)”:

Հիշեցնենք, որ “Կաուչո”-ն “Seven Lines Entertainment”-ի առաջին արտադրանքն է եւ ռեժիսորի առաջին համագործակցությունը պրոդյուսեր Ինգա Գասպարյանի հետ: Վերջինիս փոխանցմամբ` առաջիկա մեկ տարվա ընթացքում ֆիլմը կմասնակցի տարբեր կինոփառատոնների, որից հետո կրկին կներկայացվի հայ հանդիսատեսին:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին