×


Լիլի Էլբակյան.“Էլմին ուզում է փոքր եղբայր ունենալ”

Լիլի Էլբակյանի թատերական գործունեության եւ ընտանիքի մասին BRAVO.am-ը բազմիցս պատմել է: 27-ամյա բեմադրիչ-դերասանուհին այս անգամ մեզ հետ զրույցում խոսել է երկրորդ անգամ մայրանալու ցանկության, նոր բեմադրություն անելու եւ այլ թեմաների շուրջ:

Համոն, Լիլին եւ փոքրիկ Էլմիրան


Ընտանիքի մասին

Կյանքիս այս ժամանակահատվածն ավելի շատ նվիրում եմ ընտանիքիս: Էլմին ուզում է փոքր եղբայր ունենալ, ես ու Համոն էլ նրա հետ համաձայն ենք:): Աղջիկս տղա երեխաների հետ ավելի լավ է լեզու գտնում: Հաճախ ենք նրան տանում մեր թատրոնի մանկական ներկայացումներին, երբ բեմում Համոյին է տեսնում, բարձր բղավում է` պապա: Պրեմիերաները նկարահանվում են, որոնց ընթացքում միշտ լսվում է Էլմիի ձայնը:): Անկախ նրանից` Համոն ծաղրածուի, թե կատվի կերպարում է, նա միանգամից ճանաչում է: Այս առիթով մենք մի հումոր ունենք. քանի որ Էլմին մանկական ներկայացումներին է գալիս, որտեղ Համոն է խաղում, երեւի մտածում է, որ ընտանիքից միայն իր պապան է դերասան:): Նրան արդեն անհնար է հեռու պահել մեր ոլորտից, ներկայացումները տանը կրկնօրինակում է, շատ երաժշտական է, սիրում է պարել, երբ դառնա երեք տարեկան, կտանեմ պարի դպրոց:

Լիլի Էլբակյանը` "Թռցրու ինձ լուսին" ներկայացման ժամանակ


Սերիալում նկարահանվելու մասին

Հիմա ավելի հազվադեպ եմ խաղում: Եթե խաղամ “գալոչկա” դնելու համար, ավելի հաճախ կերեւամ, բայց ընտրում եմ այն դերերը, որոնք ինձ հաճույք են պարգեւում: Թատրոնում վերջին կերպարս “Թռցրու ինձ Լուսին” ներկայացման մեջ էր, իսկ հեռուստատեսությունում նախորդ տարի նկարահանվեցի Առաջին ալիքի “Հատուկ բաժին” ֆիլմաշարում: Սերիալային բազմաթիվ դերերից եմ հրաժարվել, բայց այս անգամ ընդունեցի առաջարկը հետաքրքրության համար. բոլորը սերիալում իրենց փորձել են, իսկ ես` ոչ, միգուցե չստացվեր… “Ֆասթֆուդային” աշխատանք է, դերասանի համար պայմաններն անմարդկային են, ապրման ժամանակ չկա, ամեն ինչ արվում է, որ դերդ չկերտես, միայն ցուցադրես` ինչ գիտես կամ չգիտես:

Լիլի Էլբակյանը` դստեր` Էլմիի հետ


Ի՞նչ բեմադրել այսօր

Հիմա պիեսներ եմ կարդում եւ մտածում` ինչ թեմայով բեմադրություն անել. ուզում եմ բեմում այնպիսի խնդիր բարձրացնել, որն անտարբեր չի թողնի հանդիսատեսին եւ խորհելու առիթ կտա: Անկախ թվականից ու տեխնոլոգիական զարգացումներից` մարդը միշտ նույնն է, նրա խնդիրները նույնատիպ են, եթե գալիս է թատրոն, ուզում է տեսնել մի բան, որի պակասը գուցե իր կյանքում ունի կամ ուզում է իրեն կողքից տեսնել եւ դերասանի հետ վերապրել իր դժբախտությունը կամ ուրախությունը: Մարդը թատրոնում փնտրում է սեր, երջանկություն, հաճախ ավելի սուր զգացողություններ, որոնց պակասն ունի: Այսօր թատրոնը քիչ է անդրադառնում մարդու ցավերին, կարծում եմ` ավելի շատ պետք է խոսվի խնդիրների մասին: Շատ հարցեր կան, որոնց մասին հայ թատրոնում չի խոսվում, օրինակ` թմրամոլության մասին, այս խնդիրը կա, բայց չի բարձրաձայնվում:

Ուսանողական տարիներիս բեմադրեցի պոռնկության, մարմնավաճառների մասին “Կարմիր լապտերներ” ներկայացումը, հեշտ չէր, բայց ինձ հուզում էր ու արեցի այդ գործը:
Եթե որպես բեմադրիչ զգամ, որ իմ մեջ հասունացել է մեկ այլ խնդիր, կբեմադրեմ: Միգուցե փորձառության պակաս լինի, բայց երիտասարդները չպիտի վախենան կարծրատիպերից եւ բացի կատակերգություններից, պետք է բեմադրեն ասելիք ունեցող պիեսներ:

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Լիլի Էլբակյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին