×


Կարինե Օհանյանը` հույն սիրելիի, հարսանիքի եւ Երեւան այցի մասին

Բելգիաբնակ երգչուհի եւ մոդել Կարինե Օհանյանը, որի բեմական անունն է Ke՛yoh, կրկին Հայաստանում է։ R’n’B եւ Pop ոճերում հանդես եկող երգչուհին լուսանկարվել է BRAVO.am-ի երեւանյան ֆոտոշարքում։ Նա պատմել է իր այցի նպատակի, նշանածի՝ հույն երգիչ-երգահան Ջեսոն Մքնայթի եւ առաջիկա հարսանիքի մասին։ Նշենք, որ երգչուհին փորձում էր միայն հայերեն խոսել, զրույցի ընթացքում որոշ բառեր անգլերեն արտաբերելուց հետո ճշտում էր հայերեն թարգմանությունը եւ մտապահում:)։

Կարինե Օհանյանը


Հայաստան եկել եմ ընդամենը տասն օրով, շատ կարճ ժամանակահատված է, բայց այստեղի ջերմությունը «կտանեմ» ինձ հետ։ Այստեղ եմ «Միսս Հայաստան-Բելգիա» գեղեցկության մրցույթի հաղթողի հետ: Բելգիայում մրցույթի կազմակերպիչներից մեկն եմ, իսկ հաղթողի մրցանակն էր ուղեւորություն դեպի հայրենիք։ Նրան ուղեկցում եմ նկարահանումների, նաեւ հասցրել եմ տեսնել բարեկամներիս, հանդիպել եմ հետաքրքիր մարդկանց ու վայելել երեւանյան տաք գարունը։

Բելգիայում հիմնականում զբաղվում եմ երաժշտությամբ։
Երաժիշտների հետ շրջագայում եմ. հիմնականում լինում ենք Գերմանիայում, Նիդերլանդներում, նաեւ Ֆրանսիայում։ Հայ պարուհիների հետ խումբ ենք ստեղծել, միասին ելույթ ենք ունենում, շատ զվարճալի օրեր ենք անցկացնում։ Երգացանկումս պարային թեթեւ երգեր են, բայց մեկ հայկական երգ եմ ներառել՝ «Հայ մերիկ»-ը՝ «Արմենոիդս» խմբի գործիքավորած տարբերակը։ Երաժիշտների հետ աշխատում եմ առանց պայմանագրի, ինչն ինձ դուր է գալիս, քանի որ վայրեր կան, որտեղ չեմ ուզում երգել եւ ստիպված չեմ աշխատում. իմ գրաֆիկը ես եմ կառավարում, քույրս էլ օգնում է կազմակերպչական հարցերում։

Թագուհի Սիմոնյանը եւ Կարինե Օհանյանը


Առայժմ ունեմ չորս տեսահոլովակ` նկարահանված անգլալեզու երգերի հիման վրա։ Երգն իմ կիրքն է, հեղինակային երգերիս միջոցով ինքնարտահայտվում եմ։ Հիմա մոդելային կարիերաս առաջնային չէ, բայց ինքս ինձ մարտահրավեր եմ նետել՝ կկարողանամ արդյո՞ք տասը տարի հետո մոդելինգով զբաղվել, արդյո՞ք արտաքինս թույլ կտա։ 

Ինձ ու նշանածիս մոտ երկու տարի առաջ կապեց երաժշտությունը։ Ջեյսոնի հետ պետք է աշխատեինք ու զուգերգ գրեինք, ինչի արդյունքում սեր ծնվեց։ Առաջիկայում պլանավորում ենք վերջապես ներկայացնել այդ երգը։ Այս պահին նա Բեռլինում զբաղվում է իր ալբոմի ձայնագրություններով։

Ես չեմ պատկերացրել, որ իմ ապագա ամուսինը հույն կլինի, ուղղակի այդպես ստացվեց, եւ բախտս բերեց, քանի որ հույները հայերի նման են։ Ինձ համար նա հայ տղամարդու խառնվածք ունի` մի քիչ ավելի ժամանակակից մտածելակերպով։ Նա բնավորությամբ հանգիստ է, ես աշխույժ ու անհանգիստ եմ, ի տարբերություն նրա, չեմ սիրում ուշանալ։ Չնայած` իմ արտաքնից չի երեւում, բայց ինչպես ասում են՝ եփող-թափող աղջիկ եմ, խոհանոցում սիրում եմ համով ուտեստներ պատրաստել։ Տնային գործեր չեմ սիրում, բայց որ այլ տարբերակ չունենամ, դա էլ կանեմ:)։

Մեր հարսանիքը տեղի կունենա Հունաստանում՝ Պեֆկոխորի ծովափնյա շրջանում։
Ռեստորանային խնջույքի փոխարեն նախընտրում ենք բացօթյա հարսանիք, որին ներկա կլինեն ամենամտերիմ մարդիկ։ Երաժշտությունը կապահովեն Հունաստանում շատ հայտնի երկու դիջեյ եւ Ջեսոնի երգիչ ընկերները, բայց ոչ բոլորն են երգելու, քանի որ նշանածս չի ուզում նրանց հրավիրել աշխատելու համար։

Կարինե Օհանյանը


Հարսանեկան զգեստիս ընտրությունը երկար է տեւել։  Ճիշտն ասած, արդեն հուսահատվել էի, որ չեմ կրելու իմ պատկերացրած զգեստը, նույնիսկ Հոլանդիայի ամենամեծ երեքհարկանի հարսանյաց սրահում փնտրում ու չէի գտնում իմ սրտով զգեստ։ Ի վերջո, զգեստս հիմա կարում է Պրահայում ապրող հայ մոդելավորող-դերձակ` ասեղնագործելով հայկական ու հունական նախշեր։ Նույնիսկ ասաց՝ «Կարինե ջան, մի քիչ ավելի բարդ բան չէիր կարող մտածել:)»։

Ամուսնությունից հետո կապրենք Բեռլինում, բայց հետագայում ուզում եմ ԱՄՆ տեղափոխվել։ Իմ ամբողջ խնդիրն այն է, որ ցուրտ ու մռայլ եղանակը տանել չեմ կարողանում. տաք երկրներ եմ սիրում։

Կարինե Օհանյանը


Հայաստանյան նախորդ այցիս ժամանակ աշխատել եմ «Con Alma» բենդի հետ:
Նրանց նվագակցությամբ երգել եմ Երեւանում։ Մեր համագործակցությունը կշարունակվի, քանի որ նախատեսում եմ հրավիրել Բելգիա։ Վերջերս նաեւ ծանոթացել եմ եւ կհամագործակցեմ Բրյուսելի Կոնսերվատորիայում սովորող տաղանդավոր երաժիշտներ Հրայր Կարապետյանի եւ նրա կնոջ՝ Հասմիկ Մանուկյանի հետ։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/
Դիմահարդարումը՝ «Beauty Fabric» սրահի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին