×


Հայերի եւ ամերիկացու անհավանական արկածները Հնդկաստանում :)

“Ոսկե ծիրան” միջազգային կինոփառատոնի շրջանակում երեկ` հուլիսի 13-ին, տեղի է ունեցել Գոռ եւ Մուշեղ Բաղդասարյանների “Ճանապարհ. Հնդկաստան”/“Hit The Road: India”/ արկածային վավերագրական ֆիլմի երեւանյան պրեմիերան, որը պատմում է երկու ընկերների` Ռիկ Ղազարյանի եւ Քիֆ Քինգի անհավանական արկածների մասին Հնդկաստանում:

"Ճանապարհ. Հնդկաստան" ֆիլմի ստեղծագործական կազմը


Լիամետրաժ ֆիլմի հերոսները երեք անիվ ունեցող ռիքշոյով մասնակցում են  Հնդկաստանում հայտնի “Mumbai Xpress” 12-օրյա մրցարշավին, որի` Մումբայից մինչեւ Չենայ երթուղին համարվում է աշխարհի 10 ամենավտանգավորներից մեկը:

Կորցրած հողաթափեր, մինչեւ ծնկները հասնող ցեխ, սեզոնային հորդառատ անձրեւներ, որոնք դադարելու մտադրություն էլ չունեն, իսկ վատ ճանապարհներն իրենց փոսերով ավելի դժվարանցանելի են դարձնում տղաների առանց այն էլ բարդ երթուղին:

"Ճանապարհ. Հնդկաստան" ֆիլմի հերոսներ Ռիկ Ղազարյանը եւ Քիֆ Քինգը


Հնդկական ուտելիքը եւ այն մատուցելու ձեւը անակնկալի են բերում ու սթրեսի  ենթարում մեր հերոսներին, հետո էլ ստիպում փնտրել ու գտնել “ՄաքԴոնալդս”, որտեղ, սակայն,  համբուրգերներն արգելված են, քանի որ կովերը տեղացիների համար սուրբ կենդանիներ են համարվում: Ռիկն ու Քիֆը այստեղ սնվելուց երկու ժամ անց հայտնվում են ոստիկանության բաժանմունքում: Պարզվում է` նրանց այցելած արագ սննդի կետը պայթեցրել են, իրենք էլ կասկածյալների շարքում են: Տղաների արկածային ճանապարհորդության մանրամասներն իմանալու համար առաջարկում ենք դիտել ֆիլմը:):

Ռիկ Ղազարյանը հնդիկների հետ


 Վերջին հորիզոնական ու անհաջողակների համար նախատեսված մրցանակ :)

“Ճանապարհ. Հնդկաստան”-ի հերոսներից Ռիկ Ղազարյանը Չիկագոյում անշարժ գույքի վաճառքով է զբաղվում, ասում է, որ իր աշխատանքը չի պարտադրում անընդհատ տանը նստել, հաճախ է ճամփորդում եւ արկածների սիրահար է:

Ռիկն ու Քիֆը ստացել են անհաջողակների համար նախատեսված մրցանակը :)


“10 տարի առաջ, երբ որպես կամավոր եկել էի Հայաստան, սկսեցի համագործակցել “Մանանա” կենտրոնի հետ: Այդտեղ էլ հանդիպեցի 13-ամյա Գոռ Բաղդասարյանին:  Այս տարիների ընթացքում նա դարձավ պրոֆեսիոնալ ռեժիսոր: Երկու տարի առաջ, երբ նորից հանդիպեցինք, պատմեցի 2010-ին Բուդապեշտ-Երեւան 17-օրյա մրցարշավին մասնակցությանս մասին: Մտածեցինք, որ նման մրցարշավի մասին ֆիլմ նկարահանելն իսկական արկած կլինի, փնտրեցինք ու գտնանք…. Հնդկաստանը մեզ գրկաբաց ընդունեց:)”,-BRAVO.am-ին պատմել է նա:

Ռիկ Ղազարյանը նաեւ հետեւյալն է հավելել.“Մրցարշավի ընթացքում շատ տանջվեցինք, բայց, ցավոք սրտի, գրավեցինք  վերջին հորիզոնականը: Չէինք տխրել, մանավանդ, որ մրցավարները մեզ հանձնեցին անհաջողակների համար նախատեսված մրցանակը: Անկեղծ ասած` շատ հաճելի էր:): Անհամբերությամբ սպասում ենք հաջորդ արկածներին, որոնք շատ չեն ուշանա”:

Տեքստը` Նարինե Դանեղյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/



Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին