×


Նշում ենք Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակը

Երեկ, երբ երաժշտական աշխարհը նշում էր Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակը, “Արամ Խաչատրյան” համերգասրահում մեկնարկել է մեծ կոմպոզիտորի անունը կրող միջազգային 9-րդ մրցույթը, որն այս տարի ուղղված է տաղանդավոր թավջութակահարների բացահայտմանը:

Անվանի ֆրանսիացի թավջութակահար Գոտյե Կապյուսոնը


Միջոցառման բացման խոսքով հանդես են եկել ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Արամ Խաչատրյանի բարեկամ Ասատուր Գյոզալյանը, կոմպոզիտորի որդին` Կարեն Խաչատրյանը, եւ Մոսկվայի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Պավել Կոգանը, որն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանին է փոխանցել 1953 թվականի հունիսի 6-ին Արամ Խաչատրյանի ձեռքով գրված նամակ.“Ընտանեկան արխիվից 60 տարի վաղեմության այս թանկագին փաստաթուղթը ցանկանում եմ հանձնել որպես նվեր: Ուզում եմ, որ այն այսուհետ ընդմիշտ մնա Հայաստանում”:

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը


Երեկոյի ընթացքում իրենց կատարումներով հանդես են եկել Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, որը միջոցառման պաշտոնական նվագախումբն է 2007 թվականից, եւ  աշխարհահռչակ ֆրանսիացի թավջութակահար Գոտյե Կապյուսոնը:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային 9-րդ մրցույթի առաջին փուլն անցկացվելու է հունիսի 7-8-ին, երկրորդը` 10-11-ին: Եզրափակիչ` երրորդ փուլը տեղի կունենա հունիսի 13-ին, իսկ հունիսի 14-ին նախատեսված է պարգեւատրման արարողությունը, որին հաջորդելու է գալա համերգ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի եւ մրցույթի այս տարվա առաջին մրցանակակրի մասնակցությամբ:

Էմմա Պետրոսյանը եւ Արամոն


Այս տարի մրցույթն ունի 26 մասնակից, որոնցից հինգը` Լեւոն Առաքելյանը, Հակոբ Աթյանը, Նատալյա Կոստյուկը, Գայանե Խաչատրյանը եւ Սիփան Թորոսյանը, Հայաստանից են: Նրանց հետ իրենց ուժերն են փորձելու ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Տաջիկստանից, Ռումինիայից, , Չինաստանից, Հարավային Կորեայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, Իտալիայից, Նորվեգիայից եւ Հունաստանից:

Հաղթողին ընտրելու է  ժյուրին, որի կազմում են թավջութակահարներ Օլե Ակահոշին (ԱՄՆ/Ճապոնիա), Թիմորա Ռոսլերը (Նիդեռլանդներ/Իսրայել), Քրիստիան Ֆլորեանը (Մոլդովա/Ռումինիա), Անյա Լեխները (Գերմանիա), Ալեքսեյ Սելեզնյովը (Ռուսաստան), Էկի Լահեսման (Ֆինլանդիա) եւ Արամ Թալալյանը (Հայաստան): Ի դեպ, վերջինս ժյուրիի նախագահն է:

Արամ Խաչատրյանի որդին` Կարեն Խաչատրյանը


Տեղեկացնենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, “Արամ Խաչատրյան” մշակութային հիմնադրամի եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերով եւ անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է: 2010 թվականից մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը:

Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը


Նշենք նաեւ, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն այս տարվա մայիսին ընտրվել է որպես Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ:

BRAVO.am-ը մրցույթի ինֆորմացիոն հովանավորն է:

Տեքստը` Դիանա Հովհաննիսյանի /Bravo.am/   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին