×


Նոննա Գրիգորյանի ծննդյան տարեդարձն ու դստեր առաջին լուսանկարները :)

Երեւանի կամերային թատրոնի դերասանուհի Նոննա Գրիգորյանն այսօր` հունիսի 18-ին, նշում է իր 26-ամյակը: BRAVO.am-ը հայտնել էր, որ ապրիլի 17-ին Նոննան առաջին անգամ մայրացել է եւ այս տարի առաջին անգամ ծննդյան օրը կնշի իր դստեր` Էլվիայի ու ամուսնու` “Բարեկամություն” անսամբլի պարող Վահագն Կիրակոսյանի հետ: Երեկ նորաթուխ ընտանիքին BRAVO.am-ը լուսանկարել է մայրաքաղաքի այգիներից մեկում: Սա երկու ամսական Էլվիայի առաջին պրոֆեսիոնալ լուսանկարահանումն է. նա իրեն շատ լավ էր դրսեւորում, միայն թե փոքր-ինչ քնել էր ուզում:):

Վահագն Կիրակոսյանն ու Նոննա Գրիգորյանը` Էլվիայի հետ


Տարեդարձ երեխայի հետ. Ծննդյանս օրվան այս տարի հատուկ չեմ պատրաստվել: Նախորդ տարի մեծ խնջույքով տոնել ենք, այս անգամ միայն մտերիմ մարդկանց հետ կլինեմ: Հիմա ենթագիտակցորեն ամեն պարագայում առաջին տեղում Էլվիան է. երբ երեք ժամ քնում է, արդեն կարոտում եմ, տոտիկներին եմ ձեռք տալիս, որ արթնանա:
 
Էլվիան` մանկության տիկնիկների դերում. Անկեղծ ասած, հղիության ընթացքում չէի պատկերացնում` ինչպես եմ երեխային խնամելու, այնքա՜ն նրբություններ կան, որ առաջին անգամ եմ լսում ու կիրառում: Սկզբում շատ անսովոր ու դժվար էր, բայց արդեն կարողանում եմ գլուխ հանել: Տիկնիկի նման պահում եմ, կարծես իմ մանկության խաղը լինի, ուղղակի տիկնիկի փոխարեն փոքրիկ մարդու եմ խնամում:): Միայն ինքս ինձ քիչ ժամանակ եմ հատկացնում, բայց նրա համար արժե: Եթե ոչ 100 տոկոսով, ապա 98 տոկոսով փոխվում է մտածելակերպդ, ներաշխարհդ, էմոցիաներդ, արտաքինդ… Ավելի  հուզական եմ դարձել:

Դերասանուհի Նոննա Գրիգորյանն իր երկու ամսական դստեր հետ


Ամուսինը` խորհրդատու. Վահագնը ոչ միայն պարում, այլեւ Երեւանի կամերային թատրոնում բեմադրությունների խորեոգրաֆիայով է զբաղվում, երբեմն էլ մասնակցում երաժշտական ներկայացնումներին: Նա նաեւ “SlideArt”-ի պարային համույթում դասավանդում է երեխաներին:
 
Իմ ծննդաբերությունից հետո Վահագնը “Բարեկամության” կազմով մեկնել էր Սանկտ Պետերբուրգ հյուրախաղերի.“Սուպեր պար` ֆոլկլորից մինչեւ մոդեռն” միջազգային մրցույթ-փառատոնին արժանացան Գրան պրի մրցանակի: Նա աշխատանքից հետո ինձ շատ է օգնում, Էլվիային միասին լողացնում ենք, նույնիսկ խորհուրդներ եմ հարցնում ու, պատկերացրեք, ճիշտ խորհուրդներ է տալիս:):

Ինչպե՞ս որոշվեց Էլվիա անունը.
Նախորդ հարցազրույցի ընթացքում պատմել էի, որ ամունուս հետ վիճում էինք, թե ինչ անունով կոչենք երեխային: Նա հայկական տարածված անուններ էր ասում` Մանե, Նանե եւ այլն, բայց ուզում էի, որ ոչ միայն շաբլոն չլինի, այլեւ միջազգային լինի, որ օտարերկրացիներն առանց աղավաղելու արտաբերեն: Այդպես, մեկ օր ֆիլմ էինք նայում, Նելվիա անուն լսեցի, հանկարծ մտքովս անցավ` արդյո՞ք Էլվիա անուն գոյություն ունի ու համացանցում գտա իմաստն ու նշանակությունը: Այս անունը կապված է Էլֆ հեքիաթային հրաշագործ հերոսների հետ, նշանակում է հրաշալի: Շատ էի ուրախացել, երբ երեխայի ծնվելուց մեկ շաբաթ հետո ամուսինս Սանկտ Պետերբուրգից էլֆ խաղալիք էր բերել: Կարծում եմ` աղջիկս հեշտ արտասանվող գեղեցիկ անուն ունի:

Վահագն Կիրակոսյանի եւ Նոննա Գրիգորյանի դուստրը` Էլվիան


Հղիության 8-րդ ամսում` բեմում. Հղիությանս ընթացքում` դեկտեմբերին, ամուսնուս հետ երկու անգամ “Կաբարե” ներկայացման մեջ խաղացի. կարելի է ասել` բեմում երեքով էինք: Դրանից հետո առ այսօր արձակուրդում եմ: Չնայած` ծննդաբերությունից երեք շաբաթ առաջ կրկին բեմում էի` փոխարինելու մեր դերասանուհիներից մեկին: Ինձ լավ էի զգում, չէի ուզում արձակուրդ գնալ:

Էլվիան մայրիկի հետ հաճախ կգնա թատրոն. Երեխայի ծնվելուց հետո առաջին օրերին խնամքի հարցում մայրս էր օգնում, հիմա գրեթե մենակ եմ պահում: Իսկ սեպտեմբերին, երբ դարձյալ աշխատանքի անցնեմ, պատրաստվում եմ երեխային ինձ հետ թատրոն տանել. ավելի լավ է պիեսի ընթերցման ժամանակ կողքիս պառկած լինի, քան տանը` դայակի մոտ, որովհետեւ օտար մարդու լիովին չեմ վստահի:

Նոննա Գրիգորյանն ամուսնու` Վահագն Կիրակոսյանի եւ դստեր` Էլվիայի հետ


Թատրոնի մանկական սայլակը. Կամերային թատրոնում այնքան բալիկներ են մեծացել ու այսօր էլ մեծանում են` Լուիզա Ներսիսյանի աղջիկը, Լուսինե Երջնակյանի տղան, Անդրանիկ Հարությունյանի աղջիկը եւ շատ ուրիշներ: Մեր թատրոնում կա մանկական սայլակ, երեխաների համար հարմարություններ ենք ստեղծել, իսկ ադմինիստրացիայի աշխատակիցները փորձառու կանայք են, սիրով օրորում են, դաշնամուր նվագում, մի խոսքով` մայրիկներին շատ օգնում են: Կատակով ասում ենք, որ մեր երեխաներն էլ իրար հետ են բեմ բարձրանալու: Դեռեւս միայն Արա Երնջակյանի թոռնիկն է տղա:):

Էլվիան` թատրոնում, ակումբում ու ռեստորանում.
Երկու ամսվա ընթացքում Էլվիան հասցրել է լինել իմ ու հայրիկի աշխատավայրերում` թատրոնում, պարի ստուդիայում, միասին գնացել ենք խնջույքների` ռեստորան ու ակումբ: Դրսում իրեն ավելի լավ է զգում, քան` տանը, երեւի սովոր է, որ հղիության ողջ ընթացքում տանը չեմ նստել` թատրոնի փորձեր, ներկայացումներ, նկարահանումներ, նաեւ քննություններ, այո՛, քննություններ, որովհետեւ 20 տարի շարունակ սովորում էի:):

Դերասանուհի Նոննա Գրիգորյանն իր երկու ամսական դստեր հետ


Վերջ ուսանողական կյանքին. Օրեր առաջ ավարտեցի Երեւանի պետական մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետը` հանձնելով պետական քննությունն ու ստանալով երաժշտության ուսուցչի եւ խմբավարի որակավորում: Սա իմ երրորդ մասնագիտությունն է, այս տարվանից ես այլեւս ուսանող չեմ:

Մինչ այդ սովորել եմ “Հայֆիլմ”-ի կինոդերասանի ստուդիայում եւ Երեւանի էստրադային ու ջազային քոլեջի “էստրադային երգեցողություն” բաժնում: Մեկ-մեկ կատակով ասում եմ, որ Կամերային թատրոնում աշխատելու համար պետք է նաեւ պոլիտեխնիկական կրթություն ունենաս, քանի որ ղեկավար Արա Երնջակյանը Պոլիտեխնիկում է սովորել, հայրս` նույնպես, եւ ես մինչեւ թատերական կրթություն ստանալը մեկ տարի հաճախել եմ Պոլիտեխնիկի զրո կուրս, բայց հետո հասկացա, որ հարեւանությամբ գտնվող թատրոնն ինձ ավելի է ձգում:):

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին