×


Նունե Եսայանը` Եվրոպայում, բայց ոչ հանգստի նպատակով

Նունե Եսայանը հունիս ամսին համերգներ է ունեցել Նիկոսիայում, Աթենքում, Վիեննայում, Մյունխենում, Համբուրգում եւ Մարսելում: Երգչուհին BRAVO.am-ին տեղեկացրել է, որ “Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք” խորագիրը կրող համերգային ծրագիրը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Նունե Եսայանը


“Երգերի հաջորդականությունն ընտրել ենք հարյուր տարիների մեր պատմության հիման վրա՝ Կոմիտաս, Սայաթ-Նովա, Ցեղասպանության մասին գրված երգեր, ազգային-ազատագրական երգեր, Արցախյան պատերազմի տարիներին ստեղծված երգեր. անցյալի ուղին` մինչեւ մեր օրեր: Համերգը, կարծես, մեր պատմության էքսկուրսը լինի. որքան էլ ունեցել ենք դժվարություններ, բայց պայքարում ենք ու կանք”:

Երգչուհին այս շրջագայության ընթացքում իր երգացանկի գործերը չի կատարում. “Հատուկ ընտրել ենք ազգային ամենաճանաչված ու սիրելի երգերը: Ինձ համար ուրախալի էր, որ բոլոր քաղաքներում հայ հանդիսականները գիտեին երգերի բառերը: Ամեն համայնքի թվաքանակին համապատասխան դահլիճներ էին, օրինակ՝ Վիեննայում 300 նստատեղով դահլիճ էր, Կիպրոսում՝ 2000, Մարսելում բացօթյա տարածքում ներկա էր ավելի քան 3000 մարդ”:

Սեպտեմբերի 27-ին կմեկնարկի ծրագրի երկրորդ հատվածը՝ Լոս-Անջելես, Սան Ֆրանցիսկո, Վաշինգտոն, Նյու Յորք, Մոնրեալ, Տորոնտո եւ այլն.“Քանի որ այս տարի հայաշատ բոլոր երկրներում Ցեղասպանության թեմայով բազմաթիվ ձեռնարկներ են անցկացվում, այժմ պայմանավորվածություններ ենք ձեռք բերում մյուս երկրների հետ, որ մեր ծրագրերն իրար չխանգարեն: Միգուցե նաեւ մեկնենք Մոսկվա, Փարիզ, Բեյրութ, Աբու Դաբի, Դուբայ, սակայն ժամանակացույց դեռ չկա”:

Նունե Եսայանը


Մեր հարցին, թե ով է ֆինանսավորում համերգային շրջագայությունը, Նունե Եսայանը նշել է, որ այն կազմակերպվել է ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ, նաեւ “Փյունիկ” եւ “Հրայր եւ Աննա Հովնանյաններ” հիմնադրամների հովանավորությամբ. “Ճանապարհածախսն ու կեցությունը նրանք են հոգում, իսկ յուրաքանչյուր համայնք կազմակերպում է իր քաղաքի համերգը, որի տոմսերից ստացված հասույթը նորից տրամադրվում է հայ համայնքին: Ամեն համայնք գումարն օգտագործում է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված լոբբինգի համար”:

Խոսելով ստեղծագործական այլ նորություններից` երգչուհին հայտնել է, որ Սոսո Պավլիաշվիլիի հետ զուգերգի պրեմիերայից հետո կներկայացնի նոր դուետ Ռուբեն Մաթեւոսյանի հետ.“Հայրենասիրական ոգեշնչող երգ է, որն արդեն ձայնագրել ենք, այժմ պլանավորում ենք մինչեւ ԱՄՆ մեկնելս տեսահոլովակը նկարել”:   

BRAVO.am
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Նունե Եսայանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին